Category: Հայտարարություններ
Published on 09 December 2012
Print

Այսօր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը mardik.am-ի խնդրանքով անդրադարձել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկին: Նա նշեց, որ այդ գաղափարը վաղուց է հնչում, սակայն մեր քաղաքական գործիչների հիմնական մասը նույնացնում է խորհրդարանական համակարգը և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, բայց իրականում  դրանք կապ չունեն միմյանց հետ:

 

«Ես  բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում ԲՀԿ-ին տվել եմ կատարյալ  ժողովրդավարության հասնելու մոդելը, որը կարող է Հայաստանը՝ ժողովրդավարության առումով դարձնել բացառիկ երկրներից մեկը: Այստեղ հարցն այլ է: Խորհրդարանական համակարգի և կիսանախագահական կամ իմ առաջարկած վարչապետական համակարգի տարբերությունն այն է, որ վարչապետը, գործադիր իշխանությունը առաջինի դեպքում խորհրդարանականների կողմից է ընտրվում, երկրորդի դեպքում ՝ ժողովրդի կողմից »,-ասաց Պարույր Հայրիկյանը և ավելացրեց, որ եթե դու վարչապետի ընտրությունը փոխանցում ես խորհրդարանին, նշանակում է` դու նվազեցնում ես ժողովրդի մասնակցությունն այդ գործընթացներին:

«Ամենակարևոր հանգամանքն այն է, որ խորհրդարանական համակարգի դեպքում չի գործում մարդու իրավունքների համար շատ կարևոր՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը, որովհետև իշխանությունն ամբողջությամբ հայտնվում է խորհրդարանի ձեռքում: Իսկ  կիսանախագահականի դեպքում, գոնե ինչ-որ տարանջատում կա, և երբ ժողովուրդը տեսնի, թե խորհրդարանում ինչ-որ սխալ է տեղի ունենում, կարող է նախագահականով փորձել ուղղել այն»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:

Ինչ վերաբերում է կոնսուլտացիաներին մասնակցելու ԲՀԿ-ի առաջարկին, ապա պարոն Հայրիկյանն ասաց.«Սիրով բոլորի հետ կմասնակցեմ կոնսուլտացիաներին, որովհետև սովորեցնելու բան ունեմ, և այն գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել՝ ուրիշներին փոխանցելու համար են»:

Նա նշեց, որ ժողովրդավարության հասնելու իր մոդելը ԲՀԿ առաջնորդին ևս ներկայացրել է և վերջինս առաջարկել է, որ Պարույր Հայրիկյանը կոնսուլտացիաներ  անցկացնի ԲՀԿ խորհրդարանական խմբակցության հետ:

«Չեմ հավատում ԲՀԿ-ի անկեղծությանը: Այն,  ինչ որ իրենք առաջարկում են, ես դրա կատարյալն ու ամբողջականն եմ առաջարկել՝ ժողովրդավարության տեսակետից անթերի մի բան»,-ասաց Պարույր Հայրիկյանը և նշեց, որ չի կարծում, թե այդ գաղափարը կարող է լինել ազգը միավորող, իսկ իր առաջարկը, կարծում է, որ կարող է լինել այդպիսին, քանի որ  դրա հիմքում կա բարձր արժեք՝ ժողովրդավարություն:

«Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչո՞ւ է դա առաջարկում:  Ամերիկյան պետական համակարգը տեսած մարդը հանկարծ խորհրդարանականից է խոսում, դա նշանակում է՝ մեկը բարձրագույնում սովորի և ասի, թե մանկապարտեզն ավելի լավ բան է»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>