Category: Ասուլիսներ
Published on 20 August 2014
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեռ հստակ որոշում չունի, բայց ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի 8-ին, նախագահական նստավայրի դիմաց հացադուլ կսկսի` իշխանության հրաժարականի պահանջով:

Ըստ նրա, իշխանությունների ձախողումներն ակնհայտ են եւ քանի որ ՀՀ իշխանություններն այդքան բարոյական արժեքներ չունեն, որ ինքնակամ ընդունեն իրենց ձախողումներն ու հեռանան` Հայրիկյանը պատրաստվում է պարտադրել նրանց այդ հրաժարականը: Ճիշտ է, իր զինակիցների մի մասը կողմնակիցը չէ իր հացադուլին, քանզի այն կարծիքին են, որ հացադուլն արժեզրկված միջոց է. «Հատկապես վերջերս, անունը չեմ ասում, թե ո՞ւմ կողմից»:

Բայց, ըստ Հայրիկյանի, հացադուլի անհրաժեշտության պատճառներից մեկն էլ այն է, որ անարձագանք է մնացել ԱԻՄ-ի նամակ-հայտարարությունն ուղղված նախագահին: Իր հացադուլից հետո, ըստ Հայրիկյանի, նախագահն ուղղակի չի կարող հրաժարական տալ: Ավելին, նա վստահ է, որ նախագահն արդեն հրաժարական տվել է`չարձագանքելով ԱԻՄ-ի նամակին. «Հա, դեռ չի հայտարարել: Ոչինչ, միասին դրա ականատեսն էլ կլինենք»:
Aravot.am-ի հարցին` կարծում է իշխանությունն առանձնապես կհուզվի՞, որ Հայրիկյանը հացադուլով իր հրաժարականը պահանջի, եթե նկատի առնենք այն, որ այդ պահանջով տարբեր մարդիկ ու ուժեր են հանդես եկել ու իրենց ցանկալի արդյունքին չեն հասել, Հայրիկյանը պատասխանեց. «Հրաժարականի մասին քառյակն է խոսել, հետո պարզվեց, որ իրենք ներքին խնդիրներ ունեն, իրենք էլ ասում են`դուք գնացեք`մենք գանք: Ընտրություններից հետ մարդիկ արդարացի են խոսել հրաժարականի մասին: Վերջին տարիներին մենք`ԱԻՄ-ը, հրաժարականի մասին չենք խոսել: Կհուզվեն, թե չեն հուզվի`չգիտեմ: Բայց բոլոր նորմալ մարդիկ պիտի հուզվեն: Իրենք չհուզվեն` իրենց կստիպեն կհուզվել: Ես ձեւը գիտեմ, թե ովքեր եւ ինչպես»:

Լրագրողներից մեկի հարցին`այժմ, ադրբեջանական դիվերսիաների այս շրջանում ճիշտ ժամանա՞կն է իշխանության հրաժարական պահանջելու, Հայրիկյանն ասաց. «Դիվերսիաները եղան ու հենց դրա համար էլ պիտի հրաժարական տան»:
Ի դեպ, Պարույր Հայրիկյանն ասաց, որ այսօր հանդիպելու է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` քննարկելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքից արցախյան պատերազմում զոհվածների շիրիմները Կոմիտասի եւ Եռաբլուր պանթեոն տեղափոխելու հարցերը:

Այլ մանրամասները`տեսանյութում


Աղբիւր՝ Aravot.am

 

 

 
Category: Ասուլիսներ
Published on 11 June 2014
Print

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը քաղաքական իրավիճակում ներկա պահին կարևոր է համարում Հայաստանի արտաքին դիրքորոշումը ռազմավարական տեսանկյունից և համոզված է, որ «և, և»-ի քաղաքականությունն անհնար է: «Ինչպես 1939թ.-ին չէիր կարող լինել և´ Հիտլերի կողմից, և´ ազատական երկրների, նույնն էլ հիմա է»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:


Պարույր Հայրիկյանը շեշտեց, թե հիմնական հարցը մնում է Եվրոպա, թե «խուժանամիություն». «Եվրոպան ինչո՞ւ պետք է լինի խանդավառ, Հայաստանը ցույց տվեց, որ իր իշխանություններով Հայաստանը քաղաքական բոմժի կարգավիճակում է, իսկ բոմժին ինչո՞ւ պետք է հյուրընկալեն իրենց ընտանիք: Բոմժը բոմժ է բոլորի համար»:


Այդ տեսակետից ԱԻՄ առաջնորդը գտնում է, որ ՀՀ քաղաքական կուսակցություններն իրենց ուղղակի ամոթալի և խայտառակ պահեցին: «Եթե ես մինչև վերջերս գոհունակությամբ էի նայում քաղաքական դաշտին՝ մտածելով, որ մեր երազանքներից մեկը՝ բազմակուսակցական երկիր ունենալը, իրականություն է դարձել, հիմա դա այդպես չէ: Եթե կայացած պետության մեջ պարզվում է, որ քո կուսակցությունները կուսակցություն չեն, այլ «թայֆաներ» են և մաս են կազմում մի մեծ կուսակցության՝ КГБ-ի ցանցին»,- ասաց նա և ընդգծեց, որ այդ ամենը պարտավորեցնում է ԱԻՆ-ին ավելի լուրջ ստանձնել իր պարտականությունները:


Պարույր Հայրիկյանը նաև հայտարարեց, որ շաբաթ օրն իրենք ԱԻՄ ներկայացուցիչների համահավաք կանցկացնեն, որի ընթացքում կընտրվի նոր ներկայացուցչական խորհուրդ և հենց այդ օրը ևս մեկ անգամ ցույց կտան իրենց կողմնորոշումը: «Մենք մեր համահավաքում կներկայացնենք նաև Ցեղասպանության հարյուրամյակին ներկայանալու հայեցակարգը»,-տեղեկացրեց նա:

 

Աղբիւր՝ Tert.am

 
Category: Ասուլիսներ
Published on 17 May 2014
Print

«Վաղվա հավաքի նպատակն է ոչ ասել դեսպանին իր պահվածքով, որ իրեն պահում է որպես փոխարքա»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանի տեղեկացմամբ՝ վաղվա բողոքի ցույցը կմեկնարկի Ազատության հրապարակից՝ ժամը 14.00-ին: Հիշեցնենք, որ հավաքի նախաձեռնությունը ծնվեց օրեր առաջ, երբ Ազատության հրապարակում նախաձեռնել էին բողոքի երթ՝ դեպի Ռուսաստանի դեսպանատուն, սակայն նախաձեռնողներն այդպես էլ չհայտնվեցին:

Ուստի ծնվեց մայիսի 18-ին հավաք անցկացնելու քաղաքացիական նախաձեռնություն: Վաղը նախաձեռնության մասնակիցները Ազատության հրապարակից երթ կկազմակերպեն դեպի Ռուսաստանի դեսպանատուն՝ Աբովյան, Ամիրյան, Զաքյան փողոցներով ռուսական դեսպանություն, հնարավոր է ՌԴ դեսպանին հանձնեն նաև ուղերձ:

Իրազեկման երթը կշարունակվի Մաշտոցի պողոտայով, կլինի իրազեկման երթ, որի ընթացքում կբաժանվի այն ուղերձը, որը պետք է տրվի ՀՀ-ում ՌԴ դեսպանին: Այնուհետև հնարավոր է երթը շարունակվի ու ավարտվի նախագահի նստավայրի դիմաց»:

Պարոն Հայրիկյանը կոմունիստներին «հիվանդ» անվանեց՝ մատնանշելով նրանց մայիսմեկյան հանրահավաքը, երբ գովում էին Պուտինին: Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, թե «Պուտինը կոմունիստ» չէր, գոնե Զյուգանովին գովեին:

Դառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ նշեց. «ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ճորտերն ու հարճերն են: Մենք պիտի փորձենք սահմանազատվել մեր իշխանություններից որքան կարող ենք: Վաղը պիտի կարողանանք թեկուզ հարյուր հոգով ցույց տալ, որ այս իշխանությունները մերը չեն, ոչ, մենք բթամիտների հանրություն չենք: Մեր առաջին քայլն այն է, որ պետք է ՀՀ ժողովուրդը սահմանազատվի ՀՀ իշխանություններից»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք ծանո՞թ է կուտակայինի «լրամշակված» նախագծին՝ նշեց. «Նման մանր-մունր հարցերով մենք չենք զբաղվում: Այս հարցը ուշագրավ էր մեզ համար այնքանով, որ այս հարցում խոսվում էր քաղաքացիների ինքնորոշման իրավունքների մասին, եթե պարտադիր է, ուրեմն հակասում է քաղաքացու իրավունքներին: Մնացյալը ցույցեր արեցին, խաղացին, լաց եղան, պրիմիտիվ ներկայացումների շարք էր»:

Հարցին՝ այդ դեպքում հազարավոր քաղաքացիների բողոքն անհի՞մն էր, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Դեմ եմ» շարժումը զրո շարժում է: Երկու հարյուր քսան միլիոն մարդ հավաքված էր սովետական միության զրոյում: Առողջ մարդիկ գնում են հանուն ինչ-որ բանի, ոչ թե դեմ: Իրենք հպարտ են, որ դեմ են, դուք հպարտ եղեք, որ կողմ եք: Ցուլերը դեմ են կարմիր լաթին, կարմիր լաթը ցույց ես տալիս, դեմ են, ցույց չես տալիս դեմ չեն: Դրա համար ես ասում եմ, որ դա զրո շարժում է: Եթե դեմ էին, թող Մաքսայինին դեմ լինեին, բա ռուսական պապանե՞րը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աղբիւր՝ Aravot.am

 
Category: Ասուլիսներ
Published on 27 May 2014
Print

«1918-ի մայիսի 28-ի դասերից օգտված միակ քաղաքական գործիչը ձեր խոնարհ ծառան է»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ Հանրապետության օրվան ընդառաջ անդրադառնալով մայիսի 18-ի դասերին:

Պարոն Հայրիկյանը հայտնեց, թե Մայիսի 28-ը դավադրաբար կոչում են առաջին հանրապետության օր ու շարունակեց. «Այդ դավադրությունը Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր ԿԳԲ-ական թիմակիցները միտումնավոր են արել: Երկիրը չի կարող ունենալ հանրապետություն և դրանից յոթանասուն տարի հետո նշել անկախության օրը: Այս դավադրությանը հաջորդեց մեկ այլ դավադրություն, 1991 թվականի ինքնորոշման օրը կոչվեց անկախության օր: Միանգամից հայ մարդու մտածելակերպը խեղվեց: Ինչպես է, որ անկախության հռչակագիրը ընդունվում է օգոստոսի 23-ին, բայց անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին»:

Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, թե մայիսի 28-ին այցելելու են էջմիածին՝ Գևորգ Կաթողիկոսի շիրիմին, այնուհետև Արամ Մանուկյանի, Մովսես Գորգիսյանի, Հայկազ Խաչատրյանի շիրիմներին:

Հարցին՝ ինչո՞ւ է ժողովրդին օտար դարձել մայիսի 28-ը, պարոն Հայրիկյանը պատասխանեց, թե «ԿԳԲ-ի գործակալական ցանցին է դա ձեռնտու»:
Այնուհետև պարոն Հայրիկյանը մտահոգվեց, թե այսօր մայիսի 28-ը արժեզրկված է նրանով, որ չի կոչվում անկախության օր:

Aravot.am-ի հարցին՝ դավադրությունների փուլն այսօր է՞լ է շարունակվում: Նա պատասխանեց. «Դավադրության փուլը հիմա էլ է շարունակվում: Դա
ցայտուն արտահայտվում է Մաքսային միությանն անդամակցության տեսքով: Մաքսային միության դեմ ուղղված մեր քայլերը դավադրությունը կասեցնելու դեմ են»: Մեր մյուս հարցին՝ արդյոք փակուղի չի՞ մտել Մաքսային միությանը՝ ՀՀ-ի անդամակցության հարցը, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Ընդհանրապես ինքը Մաքսային միությունը փակուղի չի՞ մտել: Երբ որևէ համագործակցության հիմքում ընկած են երեք բռնապետների քմահաճույքներ, բնականաբար խոչընդոտներ են լինելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աղբիւր՝ Aravot.am

 
Category: Ասուլիսներ
Published on 04 December 2013
Print

Հայաստանյան պետական քարոզչամեքենան աշխատում է գոյություն չունեցողը պանծացնելու ուղղությամբ: Ստրուկներն ու ճորտերն աշխատում են իրենց տերերի համար: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու թեմային:

«Հայաստանը կամովին գլուխը մտցրեց մահաբեր օղակի մեջ: Ինչպես Երևանյան լճի մոտ կանգնողներին են ուրախացնում փողով, այնպես էլ ճորտ դարձած հայ իշխանավորներին Ռուսաստանըւ փորձում է ուրախացնել գազի սակագնի մի քանի կոպեկ էժանացմամբ: 

Ռուսաստանն աշխարհի ամենահետամնաց երկրներից մեկն է: Ի՞նչ տնտեսական աջակցության մասին են խոսում: ՄՄ-ին Հայաստանի անդամությունը մեր երկրի պատմության մեջ ամենանվաստացնող ու ստորացնող քայլերից էր: Կիսադեմոկրատական Հայաստանը այդ կառույցին անդամակցելու դեպքում կդառնա ամբողջովին դիկտատորական, ինչպիսին են ՄՄ-ի անդամ հանդիսացող Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը»,- ասաց ԱԻՄ ղեկավարը:

Նրա խոսքով՝ մենք ՌԴ-ի հետ պետք է այնպիսի հարաբերություններ ունենանք, ինչպիսին ունենք Ինդոնեզիայի կամ Թուրքիայի հետ: 

«Ռուսների հետ մենք երբեք բարեկամ չենք եղել, ռուսի մուտքը Հայաստան նշանավորվեց Դավիթ-Բեկի կործանմամբ, Խաչատուր Աբովյանին Սիբիր քշելով: Պուտինի համար Հայաստան չկա, Պուտինի համար կա Անդրկովկաս: Ռուսաստանի շովինիստների և Պուտինի ցանկությունն է եղել ոչնչացնել հայերին, Հայաստանը թողնել առանց հայերի:

Հիմա էլ գալիս, պաշտոնապես ասում է՝ «դուք հայ չեք, այլ անդրկովկասցի»: Վաղը-մյուս օրը, եթե այս տխմարները չսթափվեն, Հայաստանը կկոչվի Ռուսաստանի անդրկովկասյան պրովինցիա: Սա Ռուսաստանին, ԿԳԲ-ին ծախված ճորտերի մտայնություն է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Քաղաքական գործիչը նկատեց, որ նախկինում հայ ժողովրդի միայն 23 տոկոսն էր կողմ ՄՄ-ին անդամակցությանը, մինչդեռ իշխանությունների ջանքերով անհեթեթ գաղափարը պարտադրվեց բոլորին: 

«Անցկացված քարոզարշավի արդյունքում ՄՄ-ին անդամակցելու կողմ մարդկանց տոկոսը կհասնի ամենաշատը 30 տոկոսի»,- կանխատեսեց Հայրիկյանը:

Վերջում ԱԻՄ նախագահը հիշեցրեց, որ իրենց հանրահավաքը Ազատության հրապարակում տեղի կունենա ուրբաթ, երեկոյան ժամը 5-ին: 

«Նախորդ անգամ եղանակը մեր կողմից չէր, և քաղաքական շատ ուժերի ներկայացուցիչներ, ովքեր պետք է գային ու ելույթներ ունենային, փոխեցին իրենց մտադրությունը»,- պարզաբանեց նա:

 
 
Աղբյուր՝ 1in.am
 
 

Page 3 of 9

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>