Category: Գրադարան
Published on 01 August 2013
Print

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բեռնել գիրքը

       

ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ

                                                                                       Նուիրում եմ բոլոր ժամանակների   բոլոր  ազգերի ազատասէր մարդկանց...

 

 

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

      Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։  Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ  ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։  Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։

 

     Պատմական տարբեր ժամանակաշրջաններում գործած ժողովրդավարութեան զանազան դրսեւորումների մասին կխօսենք միայն ըստ անհրաժեշտութեան։ Աւելորդ ենք համարում անդրադառնալ հանրայայտ եւ բազմիցս մատուցուած ճշմարտութիւններին, քանի որ ժողովրդավարութեան մասին հազարաւոր գրքեր ու յօդուածներ են գրուել։

    Այս շարադրանքում առաջին դէմք հոգնակին կիրառելով ես ընդունուած դասական ոճին զուգահեռ կամենում եմ ընդգծել իմ ոչ սակաւաթիւ բարեկամների գործուն եւ էական մասնակցութիւնը այս տարբերակի կայացման գործում։ Այդ նրանք էին, որ ինձ ոգեշնչեցին «բացարձակ միապետութիւնների» օրինակով օգտագործել «բացարձակ ժողովրդավարութիւն» եզրը, նրանց գործուն մասնակցութեամբ ժողովրդավարականութեան մակարդակի պայմանական մատուցումը փոխարինուեց հստակ տոկոսային արտայատութեամբ։

    21-րդ դարում գործող ժողովրդավարական համակարգերը, նրանց իւրայատկութիւնները տարբեր հեղինակների կողմից մատուցուած են հանգամանօրէն։ (Նիւթի վերաբերեալ ես 7 գիրք ու գրքոյկ եւ մի քանի տասնեակ յօդուած եմ հրապարակել։) Այդ համակարգերը էականօրէն տարբերւում են իրարից՝ պետութիւնների կառուցուածքով, ընտրական համակարգերով, իշխանութեան ճիւղերի ձեւաւորման եղանակով, սակայն ընդհանրական են անպայմանօրէն ժողովրդի կամքով ձեւաւորուող ժողովրդի  ներկայացուցչական մարմիններով՝ խորհրդարաններով։

    Ժողովրդավարութեան վերաբերեալ պատկերացումները տարբեր են։ Տարբեր են նաեւ ժողովրդավարական համակարգերը։ Այդ տարբերութիւնները ժողովրդավարութիւններին չեն խանգարում ունենալ ընդհանրական՝ համանման բաղադրիչներ, սակայն ակնյայտօրէն խոչընդոտում են ժողովրդավարութեան համընդհանուր եւ համապարտադիր համակարգի կայացմանը։

    Ժողովրդավարութիւնը` «դեմո-կրատիա»-ն, որպէս հասկացութիւն, ներկայանում է հնագոյն ժամանակներից եւ նոյնքան հին է,  որքան մարդկային քաղաքակրթութիւնը, սակայն տարբեր ժամանակներում այն տարբեր բովանդակութիւն է ունեցել։ Այդ տարբերութիւնը նախ եւ առաջ դրսեւորուել է տարբեր դարերում գործած ժողովրդավարական համակարգերում  «դեմոս»-ի բովանդակութեամբ՝ պարունակութեամբ։ Մեր օրերում «դեմոս»-ը, թւում է, ստացել է իր վերջնական սահմանումը։ Այն ներառում է բոլոր մարդկանց` անկախ նրանց սեռային, կրօնական, ռասսայական եւ այլ առանձնայատկութիւններից։ Թերեւս վերջին խոչընդոտը  մարդկանց քաղաքացիութիւնն է, առանց որի նոյն տարածքում ապրող մարդիկ կարող են ունենալ կամ չունենալ տուեալ տարածքի կառավարմանը մասնակցելու, այսինքն՝  քուէարկելու իրաւունք։

    Կարծում ենք, ժողովրդավարութեան հարցում ընդհանուր յայտարարի գալու ձգտումը կարող է շահել, եթէ մենք նախ փորձենք ճշտել ժողովրդավարութեան տեղը  գիտական համակարգում։ Մեր կարծիքով դա առաջնային հարցերից մէկն է։  Կայ տեսակէտ, ըստ որի ժողովրդավարութիւնը  պատկանում է քաղաքագիտութեան ոլորտին։ Համեմատաբար պակաս են ժողովրդավարութիւնը իրաւագիտական ոլորտի բաղկացուցիչ համարողները։ Այս հարցի վերաբերեալ մեր մօտեցումը ներկայացնելուց առաջ փորձենք յստակեցնել ժողովրդավարութիւն հասկացութեան առանցքային բովանդակութիւնը։

    Ժողովրդավարութիւնը բարդ բառ է՝ բաղկացած ժողովուրդ եւ վարել-իշխել-կառավարել արմատներից։ Ժողովուրդնշանակում է մարդկային հաւաքականութիւն։  Պետութեան պարագայում այդ պետութեան հիմնական բնակիչները կոչւում են նաեւ քաղաքացիներ։ Վարելու- կառավարելու-ինքնակառավարուելու տարիքային սահմանափակումը որպէս կանոն արտայայտւում է քաղաքացու չափահասութեան պահանջով։ Տարբեր մասնագէտներ այլեւայլ շեշտադրումներով մատնանշում են ժողովրդավարութեան բաղադրիչների փունջը, սակայն բոլորն էլ ընդունում են, որ առաջնայինը ժողովրդավարութեան ենթակայ հաւաքականութեան՝ տուեալ պետութեան քաղաքացիների  պետական կառավարման համակարգում ընդգրկուածութիւնն է: Այլ խօսքով՝ ժողովրդավարութեան առկայութեան անհրաժեշտ եւ բաւարար նախապայմանն այն է, որ ժողովրդի մաս կազմող, ժողովուրդ երեւոյթը կայացնող քաղաքացիներն իրաւունք ունենան անմիջականօրէն կամ միջնորդաւորուած մասնակցելու ժողովրդի ընդհանրական կեանքի կառավարմանը։  Ընդ որում խիստ կարեւոր է քաղաքացիների մասնակցութեան իրաւահաւասարութեան ապահովումը։ Կարելի՞ է այստեղից եզրակացնել, որ գործ ունենք նախ եւ առաջ իրաւագիտական չափորոշիչների եւ իրաւագիտութեան հետ։ Ընթերցողների հայեցողութեանն ենք թողնում պատասխանը։

    Մեզ համար ակնյայտ է, որ պետութիւնըժողովրդավարականէ, եթէ  նրաքաղաքացիներըառանց  որեւէ  խտրականութեանիրաւահաւասարկերպովուղղակիօրէնկամմիջնորդաւորուածմասնակցումենպետութեանկառավարմանը։

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

    Վերջին հարիւրամեակներում ժողովրդավարութեան հիմնական բաղադրիչների վերաբերեալ մարդկութիւնն յանգել է ընդհանրական եզրակացութիւնների։ Դրանք են, մասնաւորապէս՝ խօսքի ազատութիւնը, ընտրելու եւ ընտրուելու, միաւորումներ ստեղծելու եւ դրանց գործունէութեանը մասնակցելու, հանրահաւաքներ անցկացնելու, ազատ տեղաշարժի, տեղեկութիւն ստանալու եւ այլ իրաւունքներ։ Դրանով հանդերձ դեռեւս չի յաջողուել ընդհանրական պատկերացում ձեւաւորել ժողովրդավարական պետական համակարգի վերաբերեալ, չնայած նոյնիսկ փորձ է  արուել  Ժողովրդավարութեան համընդհանուր հռչակագիր  ընդունել։ Ընդունուած է հաւասարապէս ժողովրդավարական համարել ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ կիսանախագահական հանրապետութիւններն ու սահմանադրական միապետութիւնները։ Ի տարբերութիւն գիտութեան այլ  ոլորտների, երբ որոշակի չափորոշիչների հիման վրայ  յստակ տեսակէտ է արտայայտւում այս կամ այն համակարգի առաւելութեան մասին, ժողովրդավարութեան մասնագէտները, որպէս կանոն, խուսափում են նախապատւութիւն տալ ժողովրդավարական համակարգերից որեւէ մէկին։

    Պետական համակարգերի աւել կամ պակաս ժողովրդավարական լինելու վերաբերեալ յստակ գնահատականներ տալուն խոչընդոտող հանգամանքերից է յարգալից կամ զգուշաւոր վերաբերմունքը ազգերի ժողովրդավարութեան հարցում ընդգծուած պահպանողականութիւն՝ աւանդապաշտութիւն դրսեւորելու նկատմամբ։  Անկեղծ լինելու դէպքում մենք կարձանագրենք, որ սրընթաց  արագութիւնների  մեր ժամանակներում միայն ժողովրդավարութիւնն է, որ առաջընթաց չի արձանագրում։ Եւ մարդիկ, որ ընդամէնը տասը տարուայ հնութեան որեւէ տեխնիկական միջոց  հակուած են հնացած համարել, ժամանակակից ու օգտագործելի են համարում հարիւրամեայ նոյնիսկ մի քանի հարիւրամեայ հնութեան ժողովրդավարական համակարգերը։

    Ակնկալել, որ կարելի է գտնել համընդհանուր (ունիվերսալ) ժողովրդավարական համակարգ, որն ընդունելի կլինի բոլոր ազգերի համար, տեղին չէ։ Քանի դեռ ժողովրդավարութիւնը քաղաքագիտական հասկացութիւն է համարւում, եւ նրա կիրառումը շարունակում է մնալ քաղաքական գործիչների առանձնաշնորհը, էական փոփոխութիւնն ակնկալելն անյոյս գործ է։  Բանն այն է, որ քաղաքական գործիչների հիմնական մտահոգութիւններն են իշխանութեան տիրելը եւ այդ իշխանութեան օգտագործումը։ Երկու դէպքում էլ նրանց հետաքրքում է նախ եւ առաջ իրենց գործունէութեան արդիւնաւէտութիւնն ու  յարմարաւէտութիւնը։ Միայն այն ժամանակ կարելի է ակնկալել ժողվրդավարական պատկերացումների եւ բուն ժողովրդավարութեան զարգացում, երբ ժողովրդավարութիւնը կընկալուի որպէս իրաւագիտական՝ քաղաքացիների իրաւահաւասարութիւնը ճշգրտօրէն ապահովող հասկացութիւն։

    Այսօր աշխարհում բաւական տարածուած է տարբեր ժողովուրդների՝ սեփական ժողովրդավարութիւնն ունենալու իրաւունքի ընդունումը, աւելին՝ խրախուսումը: Նման դիրքորոշում կարելի է գտնել նաեւ միջազգային փաստաթղթերում, մասնաւորապէս՝ ժողովրդավարութեան համընդհանուր հռչակագրում, ուր ասուած է, որ ամէն ժողովուրդ իրաւունք ունի ինքը որոշելու իր ժողովրդավարութեան տեսակը։  Աւելին՝ յայտնի են եւ որպէս ժողովրդավարական համակարգերի օրինակելի եւ հաւասարազօր տարբերակներ են ներկայացւում տարբեր տեսակի ժողովրդավարութիւններ՝ նախագահական հանրապետութիւն, սահմանադրական միապետութիւն, խորհրդարանական հանրապետութիւն, եւրոպական տեսակ, լատինաամերիկեան տեսակ եւ այլն։  Ժողովրդավարական համակարգերի  այդ տեսակներն իրար հետ համեմատելիս շատ  իրողութիւններ, հանգամանքներ են վկայակոչւում, սակայն առանցքային՝ քաղաքացիների իրաւահաւասար կերպով ընտրութիւններին եւ այդ կերպ պետութեան կառավարմանը մասնակցելու դրոյթները առաջնային չեն համարւում։ 

 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

    Տարիներ առաջ մենք շրջանառութեան մէջ մտցրինք պետական համակարգերի ժողովրդավարականութեան մակարդակը թուաբանօրէն արտայատելու կոչուած մի բանաձեւ։ Այն տարբեր ժողովուրդների ուղղակիօրէն չէր պարտադրում մէկ միասնական պետական համակարգ որդեգրել, սակայն հնարաւորութիւ էր տալիս միասնական, բոլոր պետութիւնների համար ընդհանրական չափորոշիչների միջոցով ճշտել, թէ իւրաքանչիւր պետութիւն իր պետական համակարգով քանի տոկոսով է ժողովրդավարական։ Նոյն բանաձեւը հնարաւորութիւն է տալիս  ճշտել, թէ ինչ մասնաւոր պատճառներով է մի երկրի պետական համակարգը իր ժողովրդավարականութեան մակարդակով աւելի բարձր կամ ցածր մէկ այլ երկրի պետական համակարգի ժողովրդավարականութեան մակարդակից։ Բանաձեւի օգնութեամբ հեշտութեամբ երեւում է, թէ ինչ ցուցանիշով, որ գործակցով է  պայմանաւորուած տարբերութիւնը։ Դրանից յետոյ արդէն տուեալ ժողովրդի իրաւասու հաստատութիւնների՝ սահմանադրական դատարանների ու խորհրդարանների, իրաւագէտների ու քաղաքագէտների հայեցողութեանը կմնայ բարձրացնե՞լ, թէ՝ ոչ, իրենց պետական համակարգի ժողովրդավարականութեան մակարդակը։ Խօսքը, օրինակ, կարող է վերաբերել ընտրութիւնների յաճախականութեանը, խորհրդարանի ներկայացուցչականութեանը, գործադիր իշխանութեան ձեւաւորման եղանակին։

    Կարծում ենք, դա ժողովրդավարութեան վերաբերեալ  տարակարծութիւնները նուազագոյնի հասցնելու եւ ընդհանուր յայտարարի գալու ամենարդիւնաւէտ ճանապարհն է։  Այլեւս անհրաժեշտ չի լինի բազում ապացոյցներ եւ հիմնաւորումներ ներկայացնել այս կամ այն համակարգի առաւելութեան, նպատակայարմարութեան կամ ինչ-ինչ պատճառներով նախընտրելիութեան վերաբերեալ։ Եթէ ժողովրդավարութիւնն է նպատակը, եւ ժողովրդավարականութիւնը՝ գլխաւոր որականիշը, ահա ներկայացւում է միասնական չափորոշիչ։

    Միայն այս ճանապարհով է կարելի ազգերին, որոնց կարծիքով իրենք հարիւրամեակների ժողովրդավարական աւանդոյթներ ունեն, նրբանկատօրէն ցոյց տալ իրենց պետական համակարգի շեղումները իրական ժողովրդավարութիւնից։

    Եթէ փորձ արուի Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներին պարզապէս ակնարկել,  որ նրանց պետական համակարգը հեռու է ժողովրդավարութիւնից, նրանք դա կարող են շատ ծանր ընկալել։ Հարիւրամեակներ ապրել են այդ համակարգի պայմաններում եւ դա նրանց էութիւնն է դարձել։ Մինչդեռ ժողովրդավարականութեան բանաձեւը բացատրական աշխատանքներ չի տանում։ Այն ուղղակի օգնում է տեսնել իրական եւ համեմատական վիճակը եւ աւելի կատարեալին անցնելու որոշում կայացնել։ Իրականում խօսքն այնքան կատարեալին անցնելու մասին չէ, որքան անկատարից հրաժարուելու։

    Յետագայ շարադրանքում մենք կանդրադառնանք այն իրողութեանը, որ շատ ժողովրդավարական պետութիւններում խորհրդարանական համակարգերը ուղղակի հակասում են սահմանադրութեամբ երաշխաւորուած քաղաքացիների իրաւահաւասարութեան սկզբունքին. խորհրդարանները ոչ թէ ընտրութեանը մասնակցած բոլոր քաղաքացիներին ներկայացնող մարմիններ են, այլ  յաղթանակած քաղաքացիներինը։ Իսկ դա նշանակում է՝ խախտւում է սահմանադրականութեան հիմքերի հիմքը՝ քաղաքացիների իրաւահաւասարութիւնը։ 

     Մեր առաջարկած բանաձեւն օգնում է տեսնել բոլոր թերացումները մարդու իրաւունքների տեսանկիւնից եւ, օրինակ, մեծամասնական ընտրական համակարգին վարժուած հասարակութիւններում անցում կատարել մեծամասնական, սակայն բազմամանդատ ընտրական համակարգի։ Դա արդէն ինքնին էականօրէն կնպաստէր, որ ընտրութիւնների արդիւնքում խորհրդարան անցնէին եւ առաջին տեղը գրաւած եւ միւս տեղերը գրաւած թեկնածուների օգտին քուէարկած քաղաքացիների ձայները։ Այդ դէպքում պետութեան կառավարման գործընթացին մասնակցելու տրամադրուած  քաղաքացիների հիմնական մասի ձայները կանցնէին խորհրդարան։ Ընտրութեանը մասնակցած քաղաքացիներն իրենց տարածքներում բաւարար քուէներ հաւաքած չլինելու պատճառով դուրս չէին մնայ իրենց կեանքի համար կարեւոր գործընթացի մաս կազմելու իրենց իրաւունքից։ Աւանդապաշտ  բրիտանական քաղաքական գործիչը այս իրավիճակում կարող է տրամադրուել փոխելու  բրիտանական պետութեան խորհրդարանական համակարգը եւ անցնել մի համակարգի, որը մի կողմից պահպանում է աւանդական մեծամասնական (առաւելային) ընտրակարգը, միւս կողմից բրիտանական խորհրդարանը դառնում է իսկապէս ներկայացուցչական՝ ընտրութեանը մասնակցած, եւ ոչ՝ ընտրութիւններում համեմատաբար աւելի քուէներ ստացած քաղաքացիների ներկայացուցչական մարմին:

    Մինչ նշածս բանաձեւին անդրադառնալը, կարծում եմ, ճիշտ կլինի անդրադառնալ  ժողովրդավարութեան կարեւորագոյն բաղադրիչի՝ խորհրդարանական համակարգերի ձեւաւորման առանձնայատկութիւններին։

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՁԵՒԱՒՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

    Պետութիւններն այն դէպքում են համարւում ժողովրդավարական, երբ այդ պետութիւններում ժողովուրդն ունի պետութեան կառավարմանը այս կամ այն ձեւով մասնակցելու ներայացուցչական կառոյց։ Որպէս կանոն, ներկայացուցչական մարմինների` խորհրդարանների,   հիմնական գործառոյթը օրէնսդիր գործունէութիւնն է: Այդ պատճառով նոյնիսկ այն դէպքերում, երբ խորհրդարանների իրաւասութեան մէջ մտնում է նաեւ գործադիր իշխանութեան ձեւաւորումը, նրանք համարւում են օրէնսդիր մարմին։ 

   Պետական իշխանութեան երեք հիմնական ճիւղերից օրէնսդիրը ընկալւում է որպէս պետութիւնների ժողովրդավարութեան հիմնական բաղադրիչ։ Ոչ մի հաստատութիւն այնքան չի նոյնացւում ժողովրդավարութեան գաղափարի հետ որքան խորհրդարանը՝ պառլամենտը։  Հէնց այդ պատճառով էլ, հաւանաբար, որպէս ժողովրդավարութեան հոմանիշ օգտագործւում է  պառլամենտարիզմ եզրոյթը:

    Աշխարհում որպէս ժողովրդավարական հանդէս եկող  ներկայացուցչական մարմինները իրենց ձեւաւորման եղանակով իրարից էականօրէն տարբերւում են։ Տարիներ առաջ, երբ դեռ շրջանառութեան մէջ չէինք մտցրել քաղաքացիների ներկայացուցչականութեան գործակից հասկացութիւնը, եւ սահմանուած չէր խորհրդարանների ներկայացուցչականութեան տոկոսի գաղափարը, մենք, ուղղակի պարզ համեմատութիւններ կատարելով, առաջարկում էինք ժողովրդավարական պետութիւնների համար նախընտրելի համարել  համամասնական ընտրակարգը՝ ի հակադրութիւն մեծամասնական ընտրակարգի։ Վկայակոչում էինք այն հանգամանքը, որ մեծամասնականի դէպքում չազդարարուած արգելանքի մակարդակը կարող էր յիսուն տոկոսից աւելի լինել։ Համեմատութեան համար ընդգծւում էր, որ համամասնականի դէպքում այն որպէս կանոն 7 տոկոսից աւելի չի լինում։ Սակայն նոյնիսկ այդ ցածր 5 կամ 7 տոկոսանոց արգելանքի պայմաններում անգամ  նոյն համամասնական ընտրական համակարգը տեսականօրէն կարող է ներկայացուցչականութեան առումով խիստ անընդունելի իրավիճակներ ստեղծել: Օրինակ, եթէ 7 տոկոսանոց արգելանք ունեցող խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում է 14 կուսակցութիւն, եւ նրանցից 13-ը ստանում են  մինչև 6.9 տոկոս ձայներ, 1-ը՝ մնացեալ 11 տոկոսը, ապա չնայած բազմակուսակցական համամասնական համակարգի առկայութեանը, խորհրդարանը բաղկացած կլինի մէկ կուսակցութեան ներկայացուցիչներից: Այսինքն, շատերի համար նախապատուելի համարուող համամասնականը տեսականօրէն նոյնպէս կարող է բազմակարծութիւնը բացառող իրավիճակի առջեւ կանգնեցնել։

    Երբ քաղաքական գործիչներն իրենց երկրի իրավագէտների հետ առաջնորդւում են կառավարելիութիւնը դիւրինացնելու նպատակադրումով, որպէս կանոն դա անում են խորհրդարաններում տարբեր տեսակի արգելանքների կիրառումով քաղաքացիների ներկայացուցչականութիւնը նուազեցնելու գնով։ Նրանց հետաքրքրում է կառավարման արդիւնաւէտութիւնը եւ բոլորովին չի մտահոգում խորհրդարանի հիմնական յայտանիշի՝  ներկայացուցչականութեան նուազումը։

    Ցանկացած գաղափար, միտք գնահատելիս պէտք է շեղում թոյլ չտալ տուեալ գաղափարն արտայատող բառի բուն՝ բովանդակային նշանակութիւնից։  Եթէ  խորհրդարանը քաղաքացիների ներկայացուցչական մարմինն է, ուրեմն նախապատուելի պէտք է համարուի այն խորհրդարանական համակարգը, որը առաւելագոյն ներկայացուցչականութիւն է ապահովում։ Այդ մարմնի համար ձեւաւորման այնպիսի  համակարգ պէտք է  որդեգրուի, որը նոյնիսկ բացառիկ ծայրայեղական իրավիճակներում բացառի քաղաքացիների ներկայացուած լինելու՝ ներկայացուցչականութեան խաթարումը։ Որեւէ նկատառում կամ նպատակ  չպէտք է նսեմացնի, պակասեցնի ներկայացուցչական մարմին ներկայացուցչականութիւնը։

    Այսօր աշխարհում գործող խորհրդարանական համակարգերը հիմնականում երկուսն են՝ համամասնական, որը երբեմն կոչւում է նաեւ բազմակուսակցական ընտրական համակարգ (արգելանքի տոկոսով կամ առանց դրա) եւ մեծամասնական (մեր նախորդ գործերում մենք այն կոչում ենք առաւելային) ընտրակարգը։ Վերջինիս տարբերակներից է բացարձակ մեծամասնական կոչուող ընտրակարգը։ Մեծամասնականի դէպքում տուեալ ընտրատարածքից ընտրուած է համարւում այն թեկնածուն, որն առաւել թուով ձայներ է հաւաքել, այսինքն՝ միւս թեկնածուների համեմատութեամբ աւելի շատ քուէներ է ստացել։ Քաղաքագիտութեան մէջ այդ ընտրակարգը կոչւում է  «յաղթողն ստանում է ամէնը» (ՀՍԱ) ընտրակարգ: Բացարձակ մեծամասնական են կոչում այն համակարգը, որի պայմաններում տուեալ ընտրական տարածքից ընտրուած է համարւում նա, ով ընտրութեանը մասնակցողների ձայների կէսից աւելին է ստանում առաջին կամ երկրորդ փուլում։

    Մեծամասնական ընտրական համակարգը իրաւագիտական տեսանկիւնից արատաւոր է։ Եթէ որեւէ երկրում որեւէ քաղաքացի դիմի դատարան, ապա հեշտութեամբ կարող է ապացուցել, որ դա մի ընտրակարգ է, որի դէպքում խախտւում է քաղաքացիների իրաւահաւասարութիւնը։ Խախտւում է քաղաքացիների համար բախտորոշ՝  երկրի կառավարմանը նրանց մասնակցելու, ժողովրդավարութեան հարցում։

    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որին շատ մեծ դեր է վերապահուած ԱՄՆ-ի պետական-քաղաքական կեանքում, ընտրւում է մեծամասնական ընտրական համակարգով։  Այն որդեգրուած է աւելի քան 200 տարի առաջ եւ ամրագրուած է երկրի սահմանադրութեամբ: Այդ հաստատութիւնը կոչւում է Ներկայացուցիչների պալատ։ Այն չի կոչւում ընտրութիւններում յաղթած, յաղթող կամ միւս քաղաքացիների նկատմամբ առաւելութիւն ստացած քաղաքացիների ներկայացուցչական պալատ, այլ ուղղակի՝ Ներկայացուցիչների պալատ։ Միչդեռ իրականում այն ԱՄՆ տարբեր ընտրատարածքներում յաղթած քաղաքացիների ներկայացուցչական մարմինն  է։ Տարբեր ընտրատարածքներում պարտուած քաղաքացիները, համարւում է, որ ներկայացւում են այդ յաղթանակած քաղաքացիների քուէների արդիւնքում կոնգրեսական դարձած ներկայացուցիչներով։ Որքան էլ որ ճիգ գործադրենք, շատ դժուար է պատկերացնել, որ որպէս դեմոկրատ ընտրուած որեւէ կոնգրեսական կարող է իրապէս ներկայացնել հանրապետական հայեացքների տէր քաղաքացիների դիրքորոշումը:

      Սա խորհրդարանականին ընտրողների զանգուածից խորթացնող արհեստական մտածողութիւն է, որովհետեւ քաղաքացին չի ընտրել այդ խորհրդարանականին՝ կոնգրեսականին, բայց իրեն համոզում եւ պարտադրում են նրան ճանաչել որպէս իր ներկայացուցիչ։ Նոյն կերպ այդ ներկայացուցիչը գիտէ, որ քաղաքացիների մի զգալի մասը իրեն ձայն չի տուել՝ քուէարկել է մրցակից եւ կոնգրես չանցած մէկ այլ թեկնածուի օգտին, սակայն ինքը պիտի նաեւ իրեն չընդունողների ներկայացուցիչ զգայ։ Արդիւնքում, մի արհեստական հոգեվիճակ է ստեղծւում, որն ի վերջոյ յանգեցնում է խորհրդարանականների նկատմամբ վստահութեան նուազեցմանը։ Մի բան որ համարւում է ժամանակակից ժողովրդավարութեան առջեւ ծառացած հիմնական մարտահրաւէրներից  մէկը։

    Բարձր քաղաքական մշակոյթի առկայութեան պայմաններում կարող է ցցուն չարտայայտուել կացութեան անհամարժէքութիւնը, սակայն նոր ձեւաւորուող ժողովրդավարութիւններում այն կարող է նոյնիսկ ժողովրդվարական արժէքային համակարգի դէմ գործել եւ մարդկանց հիասթափեցնել ժողովրդավարութիւնից ։ 

    ժողովրդավարութեան կայացման երկու ճանապարհ կայ։ Դրանցից մէկը կարելի է կոչել աւանդական-բարեփոխական, միւսը՝ գիտական-արմատական։ Առաջինի բնոյթն արտայտւում է նրանով, որ տեւականօրէն գործած աւանդոյթները՝ այդ թւում պետական համակարգը, համապատասխանեցւում է  նոր ժամանակների  պահանջներին։  Այդպէս բազմաթիւ բացարձակ միապետութիւններ ժամանակի ընթացքում դարձան սահմանադրական միապետութիւններ։ Նրանցում աստիճանաբար պետական համակարգը համապատասխանեցուեց  մարդու իրաւունքներին՝ մարդկանց՝ երկրի կառավարմանը մասնակցելու իրաւունքին, ներդաշնակեցուեց այդ իրաւունքի հետ։ Երկրորդը բնութագրւում է եւ իր ստեղծման ճանապարհով, եւ սկզբունքներով։ Այն յենւում է տեսութեանը, գիտական՝ քաղաքագիտական եւ իրաւագիտական ձեռքբերումներին, դրա հիման վրայ ստեղծում օրէնսդրական դաշտ, որն էլ նպաստում է նոր ժողովրդավարական մշակոյթի կայացմանը:

    Ինչպէս ցոյց է տալիս ժողովրդավարութեան առկայ վիճակը, այսօր ե՛ւ  քաղաքական բարձր մշակոյթ ունեցող, ե՛ւ սկսնակ ժողովրդավարական պետութիւնները պէտք ունեն հարցը վերանայել՝  իրաւական ընկալման վրայ յենուելով։

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

    Տարիներ առաջ, երբ մենք պատրաստում էինք  շրջանառութեան մէջ դնել ժողովրդավարականութեան չափման բանաձեւը, համոզում էինք  յայտնել, որ ժողովրդի բացարձակ  ներկայացուցչական մարմին ունենալու բաղձանքին երբեք հնարաւոր չէ հասնել։ Սակայն ի զարմանս մեզ, ընդամէնը երկու-երեք տարի անց գտնուեց լուծումը։ Պարզուեց, որ այն, ինչ անհնարին էր թւում երեկ, կարող է ամենապարզն ու ամենահնարաւորը լինել այսօր։

    Խորհրդարանականընտրականհամակարգերի մասինխօսելիսպէտքէ մեր ընթերցողներիուշադրութիւնը  հրաւիրելմիիրողութեանվրայ, որըժամանակինլրջօրէնօգնեցխորապէս եւ ամբողջականօրէն ընկալելքաղաքացիներիիրաւահաւասարկերպովերկրիկառավարմանըմասնակցելուգաղափարը։։ Ելակէտն այն էր, որ եթէ խորհրդարանը քաղաքացիների ներկայացուցչական մարմինն է, ապա մենք պէտք է այդ ներկայացուցչականութիւնը չափելու հնարաւորութիւն ունենանք։ Գնալով այդ ճանապարհով՝ յաջողուեց գտնել խորհրդարանների ներկայացուցչականութեան չափման կերպը եւ արդիւնքում ներկայացուցչութեան մակարդակն արտայայտել թուերով։

    Որպէս օրինակ. եթէ մեծամասնական խորհրդարանական  համակարգում խորհրդարանականը ընտրուած է 10 000 ընտրողների քուէարկութեան արդիւնքում, ապա նրան ձայն տուած 10 000 քաղաքացիներից իւրաքանչիւրն ունի խորհրդարանական 1 ձայնը՝ քուէն, բաժանած 10 000-ի՝ 1/10 000 խորհրդարանական ձայն։ Քաղաքացիների իրաւահաւասարութիւնը պահանջում է, որ բոլոր խորհրդարանականների ստացած քուէների  թիւը հաւասար լինի։ Միայն այդ դէպքում կարող են քաղաքացիներն իրաւահաւասար կերպով ներկայացուած լինել, այսինքն՝ հաւասար ներկայացուցչականութիւն ունենալ խորհրդարանում։

    Հարցը դիտարկենք այլ շեշտադրումով. Ա եւ Բ ընտրատարածքներում կայ        20 000-ական ընտրելու իրաւունք ունեցող քաղաքացի, սակայն ընտրութիւններին մասնակցել են 18 000-ական քաղաքացիներ եւ Ա տարածքից ընտրուած պատգամաւորն ստացել է 12 000 ձայն, իսկ Բ տարածքից ընտրուած պատգամաւորը՝ 6 000։ Այսօր աշխարհի խորհրդարաններում պատգամաւորները քուէարկում են մէկական ձայնով։ Ա տարածքի պատգամաւոր ունեցող քաղաքացիներից իւրաքանչիւրը խորհրդարանում ներկայացուած է 1/12 000 խորհրդարանական ձայնով։ Բ տարածքում քաղաքացիներից իւրաքանչիւրն ունի 1/6000։  Ստացւում է, որ Ա տարածքի քաղաքացիները Բ տարածքի քաղաքացիներից երկու անգամ պակաս ներկայացուցչականութիւն   ունեն,   որովհետեւ   1/12 000-ը   երկու անգամ փոքր է 1/6 000-ից։   Եթէ  փորձենք  համեմատել այն քաղաքացիների  ներկայացուցչականութեան    (0/ 6000 կամ  0/12 000) հետ, ում թեկնածուներն  ընդհանրապէս չեն անցել խորհրդարան, ապա կնկատենք, որ գործ ունենք ակնյայտօրէն անթոյլատրելի իրաւախախտման հետ։ Քաղաքացիները պէտք է իրաւահաւասար լինեն, սակայն ներկայացուցչական մարմնում օրէնքով (երբեմն նաեւ սահմանադրութեամբ) ամրագրուած համակարգային անկատարութեան հետեւանքով խախտուած է նրանց  այդ իրաւունքը։

   Որեւէ երկրի սահմանադրութիւն մարդկանց իրաւահաւասարութիւնը չի ենթակայեցնում, ստորադասում պատգամաւորների իրաւահաւասարութեանը։ Ընդհակառակը, գրեթէ բոլոր սահմանադրութիւններում խօսւում է քաղաքացիների իրաւահաւասարութեան մասին, սակայն նոյն,  գրեթէ բոլոր սահմանադրութիւններից բխում է, որ խորհրդարանականները անկախ նրանից թէ իրենց օգտին քանի քուէարկող են ունեցել, խորհրդարաններում պիտի քուէարկեն հաւասար մէկ ձայնով, այսինքն՝ նրանք իրաւահաւասար են։ Մեծամասնական ընտրական համակարգերում, երբ տարբեր խորհրդարանականներ տարբեր ձայներով կարող են ընտրուել, որպէս կանոն սահմանւում է, որ բոլոր պատգամաւորների ընտրատարածքները՝ նրանցում առկայ քաղաքացիների թուաքանակները պէտք  է իրար հաւասար լինեն կամ իրարից շատ չտարբերուեն։ Ընտրուածները այդ տարածքների ներկայացուցիչներն են, հետեւաբար տարածքների տարբերութիւնը միմեանցից մեծ չպէտք է լինի։ Սակայն  անտեսւում է այն հանգամանքը, թէ բնակչութեամբ իրար հաւասար այդ ընտրատարածքներից ընտրուած եւ մէկական խորհրդարանական ձայն ունեցող խորհրդարանականները քանի ձայնով են ընտրուել։ ԱՄՆ-ում, օրինակ, կարող է խորհրդարանական՝ կոնգրեսական դառնալ թեկնածու, ով ստացել է 80 000 քուէ եւ թեկնածու, ով ստացել է 320 000 քաղաքացիների քուէ։ Նրանք կունենան մէկական հաւասար խորհրդարանական ձայն, իսկ նրանց ձայն տուած քաղաքացիները իրարից չորս անգամ պակաս ներկայացուցչականութիւն:

    Առաջնորդուելով քաղաքացիների ներկայացուցչականութեան գործակցով, որ նշանակում է խորհրդարանականի 1 ձայնը բաժանած քաղաքացիների քուէների այն քանակի վրայ, որոնցով ընտրուել է այդ խորհրդարանականը, մենք տեսնում ենք, որ մի դէպքում քաղաքացու ներկայացուցչականութեան գործակիցը հաւասար է 1 բաժանած 80 000-ի, միւս դէպքում՝ 1-ը բաժանած 320 000-ի։  Ակնյայտ է, որ խախտւում է քաղաքացիների իրաւահաւասարութեան անբեկանելի սկզբունքը, որն ամրագրուած է թէ՛ սահմանադրութեամբ, թէ՛ բազմաթիւ միջազգային փաստաթղթերով։ Այդ իրաւահաւասարութիւնը պէտք է դրսեւորուի մանաւանդ երկրի կառավարմանը մասնակցելու քաղաքացիների իրաւունքի հարցում, որովհետեւ դա այն ոլորտն է, որի միջոցով կարգաւորւում են քաղաքացիների միւս իրաւունքները։

    Այսպիսով՝ յաղթանակած քաղաքացիների ներկայացուցչական մարմին դարձած Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ մեծամասնական ընտրական համակարգով ձեւաւորուող խորհրդարանները հակասահմանադրական՝ խտրականութիւն արմատաւորող  համակարգեր են։

     Մեր օրերում ժողովրդավարութեան մասնագէտները քաղաքացիների իրաւահաւասարութեան մասին խօսելիս բաւարարւում են նրանով, որ քաղաքացիներն ընտրութեան օրը լինեն իրաւահաւասար, ամէն մարդ ունենայ մէկ քուէ։ Սակայն որեւէ երկրի սահմանադրութեան մէջ գրուած չէ, որ քաղաքացիները միայն ընտրութեան օրերին պէտք է լինեն իրաւահաւասար։ Քաղաքացիները իրաւահաւասար պէտք է լինեն մշտապէս, եւ նրանց միջնորդ կառոյցները չպէտք է որեւէ կերպ խախտեն քաղաքացիների իրաւահաւասարութիւնը։  Սա այն սկզբունքային հարցադրումն է, որը բացարձակ  ներկայացուցչական մարմիններ գտնելու ելակէտ հանդիսացաւ:

 

ՔՈՒԷԱԹԵՐԹԻԿԸ ՈՐՊԷՍ ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍ

    Կարծում ենք, եկաւ այն պահը, երբ պէտք է ազդարարել, որ, ըստ էութեան, մենք ոչինչ չենք յայտնագործել։ Պարզապէս ի մի ենք բերել քաղաքացիական իրաւունքի, տնտեսական իրաւունքի եւ ընտրական իրաւունքի յայտնի դրոյթներ: 

    Տնտեսական իրաւունքի դրոյթների մասին խօսելիս նկատի ունենք այն, որ ամէն քաղաքացի ոչ թէ քուէաթերթիկով է ներկայանում ընտրութիւններին  , այլ պետութեան կառավարման իր բաժնետոմսով։ Ամէն քաղաքացի ունի երկրի (երկրի կառավարման) մէկ բաժնետոմս, եւ ընտրութիւնը մի միջոցառում է, որի ընթացքում քաղաքացիները իրենց ունեցած երկրի կառավարման բաժնետոմսերը փոխանցում են իրենց կողմից վստահութեան արժանացած միջնորդ անհատին կամ այդ անհատին ընդգրկող միաւորմանը։ Իր հերթին միջնորդ-ներկայացուցիչ-խորհրդարանականը քաղաքացիների երկրի կառավարմանը մասնակցելու իր ստացած բաժնետոմսերի քանակով քուէարկում է խորհրդարանական քուէարկութիւնների ժամանակ, ինչպէս բաժնետիրական ընկերութիւնների ընդհանուր ժողովներում քուէարկում են  բաժնետէրերը կամ նրանց լիազօր ներկայացուցիչները։ Այդպէս, քաղաքացին միջնորդի միջոցով մասնակցում է «պետութիւն» բաժնետիրական ընկերութեան ընդհանուր ժողովներին:

    Կայ նաեւ տարբերակ՝ հանրաքուէ, երբ քաղաքացին ինքնուրոյն է օգտագործում երկրի կառավարմանը մասնակցելու իր բաժնետոմսը։ Դա ուղղակի ժողովրդավարութիւնն է։ Հանրաքուէի ժամանակ մարդիկ ինքնուրոյն տնօրինում են իրենց ունեցած բաժնետոմսեր-քուէաթերթիկները:

    Շատ կարևոր է, որ տնտեսական իրաւունքի այդ դրոյթը գործադրելու ընթացքում քուէարկելու իրաւունքից չզրկուի որեւէ ներկայ բաժնետէր եւ  չանէանայ որեւէ բաժնետոմս։

    Ընտրութեանը մասնակցած, այսինքն՝ երկրի կառավարմանը մասնակցելու ցանկութիւն յայտնած որեւէ քաղաքացու ընտրական իրաւունքը՝ բաժնետոմսը, չպէտք է ընտրական համակարգի անկատարութեան պատճառով դուրս մնայ։  Այսինքն՝  բաժնետիրական ընկերութեան որոշումներ կայացնելուն մասնակցել ցանկացած բոլոր բաժնետէրերի քուէները պէտք է մինչեւ վերջ ներկայացուած լինեն խորհրդարանում:

    Այժմ տեսնենք, թէ ինչ է առաջարկւում այն քաղաքացիների քուէների վերաբերեալ, ում թեկնածուները արդէն բարեփոխուած՝ բազմամանդատ մեծամասնական կամ նոյնպէս բարեփոխուած վարկանիշային համամասնական ընտրակարգերի պայմաններում քիչ քուէներ ստանալով խորհրդարանական չեն դարձել։ Լուծումը վերցնում ենք քաղաքացիական իրաւունքի այն դրոյթներից, համաձայն որոնց մարդիկ կարող են իրենց անունից  հանդէս գալու եւ այդ իրաւունքը վերափոխանցելու երաշխաւորութիւն՝ լիազօրութիւն տալ։  Ըստ այդմ ընտրութիւնների ընթացքում յաջողութեան չհասած թեկնածուն իրաւունք ունի կամ կարող է (բարոյապէս նաեւ պարտաւոր է) իր ստացած քուէները՝ ձայները, վերահասցէագրել այդ ընտրութիւնների ընթացքում յաջողութեան հասած թեկնածուներից որեւէ մէկին։ Ենթադրւում է, որ այդ գործողութիւնը պէտք է կատարուի ընտրութիւնների արդիւնքների ազդարարումից, ընտրուած թեկնածուների ցուցակները պաշտօնապէս ներկայացնելուց յետոյ մէկ շաբաթուայ ընթացքում։ Ինչպէս քաղաքացին ընտրութիւն կատարելու հնարաւորութիւն ունի, այդպէս էլ  խորհրդարանական դառնալու տեսակէտից յաջողութեան չհասած թեկնածուն պէտք է նոյնպէս ընտրութիւն կատարելու հնարաւորութիւն ունենայ, մի բան, որ բացառւում է միամանդատ ընտրական տարածքներում։

    Հետեւութիւն, որպէս առաջին պահանջ ամբողջ աշխարհով մէկ պէտք է հակասահմանադրական, մարդու իրաւունքները սահմանափակաող ազդարարուի մեծամասնական (նաեւ բացարձակ մեծամասնական) միամանդատ ընտրակարգը եւ նրանից բխող «Յաղթողն ստանում է ամէնը»  գործելակերպ դարձած կարգախօսը։ Չպէտք է վախենալ մեծամասնական համակարգը օրէնքից դուրս ճանաչել պահանջելուց: Ժողովրդավարութեան միջնաբերդ համարուող Մեծ Բրիտանիան , ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ շատ այլ երկրներ, որոնք օգտագործում են այդ համակարգը, պէտք է շուտափոյթ կերպով ձերբազատուեն դրանից՝ անցնելով բազմամանդատ (գոնէ երկմանդատ) կամ վարկանիշային համամասնական (կամ գոնէ առանց արգելանքի տոկոսի համամասնական) ընտրական համակարգի:

 

ԲԱԶՄԱՄԱՆԴԱՏ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԸ

    Երկմանդատ մեծամասնականի տարբերակը պիտի աւելի հոգեհարազատ լինի մեծամասնական միամանդատ ընտրակարգի սովոր ազգերին, որովհետեւ  բազմամանդատն ըստ էութեան յղկումն է տասնամեակների, աւելին՝ հարիւրամեակների ընթացքում արմատաւորուած միամանդատ մեծամասնական համակարգի։ Աւանդապաշտ մտածողութեան տէր քաղաքացիներն էլ փոփոխութիւնը յեղափոխական չեն համարի, որովհետեւ այդ պայմաններում կպահպանուեն մեծամասնական ընտրական համակարգի ժամանակ գործած ընտրատարածքները։ Դրանք պարզապէս կմիաւորուեն՝ երկու, երեք եւ այլ քանակի մանդատներին համապատասխան։ Այսպէս նկատում ենք, որ բազմամանդատ մեծամասնական  մանդատների քանակի աւելացումով կվերանայ կամ նուազագոյնի կհասնի մեծամասնական եւ համամասնական ընտրական համակարգերի միջեւ եղած տարբերութիւնը։

    Երկմանդատ ընտրական համակարգում այսօր  գոյութիւն ունեցող 2 հարեւան տարածքներ միաւորւում են իրար հետ եւ այդ միաւորուած ընտրատարածքից կարող են ընտրուել արդէն երկու խորհրդարանական։ Եթէ օրինակ ԱՄՆ-ի նահանգներից մէկում այսօր ընտրւում է 40 պատգամաւոր, այդ 40-ի թիւը պահպանւում է, սակայն ընտրատարածքների թիւը լինում է ոչ թէ 40, այլ 20, եւ ամէն տարածքից ընտրւում է 2 հոգի:

    Բազմամանդատ (մէկ տարածքից երկու եւ աւելի խորհրդարանականներ ընտրող) ընտրական համակարգի կողմնակից պետութիւնների ընտրատարածքներում ընտրութիւններում ընտրուած են համարւում առաջին տեղերում յայտնուած, տուեալ ընտրատարածքում նախատեսուած խորհրդարանականների՝ մանդատների քանակով թեկնածուները։ Միւս թեկնածուները, անկախ նրանից, թէ քանիսն են նրանք, իրենց ստացած ձայները իրաւունք ունեն փոխանցելու ընտրուած թեկնածուներից ում կամենան: Այդ գործողութիւնը պէտք է կատարուի ողջախոհ ժամանակահատուածում․մէկ շաբաթուայ (առաւելագոյնը տասը օրուայ  ընթացքում) նախկին թեկնածուները պէտք է յայտարարեն եւ ընտրական յանձնաժողով ներկայացնեն, թէ իրենց տրուած քուէները ում են փոխանցում: Այսպիսով, ժողովուրդը՝ ընտրողներն են որոշում, թէ իրենց  ընտրատարածքում թեկնածուներից ովքեր են դառնում խորհրդարանական եւ միայն  դրանից յետոյ խորհրդարանական չդարձած միւս թեկնածուներին հնարաւորութիւն է տրւում իրենց ստացած քուէները ըստ իրենց նախընտրական խոստումների կամ ըստ իրենց հայեցողութեան փոխանցել այդ ընտրութիւններում յաջողուած թեկնածուներին։

     Համայն աշխարհում ընդունուած՝ խորհրդարանականները քուէարկում են մէկական ձայնով դրոյթը, պահպանւում է միայն խորհրդարանի ներքին աշխատանքները կարգաւորելիս, օրինակ՝ խորհրդարանի խօսնակ կամ որեւէ յանձանաժողողովի ղեկավար ընտրելիս։ Այդ  դէպքում խորհրդարանականները միայն իրենց են ներկայացնում (ոչ իրենց օգտին քուէարկած քաղաքացիներին) եւ իսկապէս հանդէս են գալիս որպէս միասնական կառոյցի իրաւահաւասար անդամներ։ Սակայն երբ խորհրդարանականները հանդէս են գալիս որպէս քաղաքացիների ներկայացուցիչներ, ամէն խորհրդարանական պէտք է քուէարկի իր ստացած եւ իրեն փոխանցուած քուէների քանակով։ Ժամանակակից տեխնիկական հնարաւորութիւններն այդ առումով աւելի քան բաւարար են։

 

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ   ԸՆՏՐԱԿԱՆ   ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

     Պէտք է արձանագրել, որ չնայած համամասնական ընտրակարգը մեծամասնականի համեմատութեամբ աւելի ներկայացուցչական է համարւում, եւ իրականում այդպիսին է,  բայց եւ այնպէս համամասնականով ընտրուած խոհրդարանը  նոյնպէս ընտրութեանը մասնակցած բոլոր քաղաքացիների ներկայցուցչական մարմինը չէ։  Համամասնական ընտրակարգով ընտրութիւնների ընթացքում նոյնպէս որոշ քաղաքական ուժեր բաւարար քուէներ չստանալու  պատճառով կարող են չյայտնուել խորհրդարանում։ Դրա հետեւանքով խորհրդարանում չեն յայտնուի, ներկայացուցչական մարմնում ներկայացուած չեն լինի նաեւ այդ ուժերի օգտին քուէարկած քաղաքացիները։ Մինչդեռ առանցքային մօտեցումն այն է, որ ներկայացուցչական կառոյցում ներկայացուած լինելու հնարաւորութիւն ունենան ընտրութիւններին մասնակցած գրեթէ բոլոր քաղաքացիները։ Դա  առաջարկուող բացարձակ  ժողովրդավարական պետական համակարգերի հիմնական պայմանն է։ Դրանից ելնելով համամասնական ընտրական համակարգ որդեգրած պետութիւններին նոյնպէս յորդորւում է որդեգրել խորհրդարան չանցած ընտրական միաւորների ձայները խորհրդարան անցածների օգտին փոխանցելու, այսինքն՝ ստացած քուէները վերահասցէագրելու գործելակերպը:

    Նկատենք, որ որոշ երկրներում արդէն կիրառուող եւ ամերիկեան նախընտրութեան (փրայմըրիի) համակարգը ընտրութիւնների վերջնական գործընթացի հետ համատեղող վարկանիշային համամասնական ընտրակարգը, համամասնական ընտրական համակարգի բոլոր տարբերակներից  լաւագոյնն է։ Այն նախընտրելի է հիմնականում այն պատճառով, որ քաղաքացիներին է վերապահւում համամասնական ցուցակով առաջադրուած՝ ընտրական միաւորներում ընդգրկուած անձանց հերթականութեան, ցուցակում նրանց յաջորդականութեան որոշումը։ Կուսակցութիւնը կամ ընտրական միաւորը ներկայացնում է նախընտրական ցուցակ, սակայն դա լոկ նախնական ցուցակ է։ Քուէարկութեան ժամանակ ընտրողներն իրաւունք ունեն կուսակցութեան օգտին քուէարկել՝ նշելով, թէ այդ կուսակցութեան ցուցակում նշուած որ թեկնածուն է նախընտրելի։ Քուէարկելով այդ թեկնածուի օգտին, նրանք հնարաւորութիւն են տալիս ընտրական յանձնաժողովներին վերադասաւորել ընտրական միաւորների կողմից ներկայացուած ընտրական ցուցակը՝ ըստ ստացած ձայների քանակական առաւելութեան: Եթէ քաղաքացին քուէարկում է կուսակցութեան օգտին տողում, դա նշանակում է, որ ինքը դէմ չէ կուսակցութեան ընտրացուցակի յաջորդականութեանը։ Այդ տեսակի քուէները հաւասարապէս բաշխւում են բոլոր խորհրդարանականներին։

    Եթէ ընտրական միաւորի ներկայացրած ցուցակի 20  հոգուց խորհրդարան է անցնում միայն 6-ը, այդ ցուցակի յաջորդ տեղերում ձայներ ստացած թեկնածուները մէկ շաբաթուայ ընթացքում իրենց ձայներն արդէն պաշտօնապէս փոխանցում են իրենց կուսակցութեան խորհրդարանական դարձած թեկնածուներին։ Բացառիկ դէպքերում իրենց հայեցողութեամբ նրանք կարող են իրենց քուէները փոխանցել այլ կուսակցութեան խորհրդարանականների։ Դա  քիչ է հաւանական, բայց բացառել չի կարելի, որովհետեւ եթէ քաղաքացիները ձայն են տուել որոշակի  անձի, այդ քաղաքացիները նաեւ վստահել են իրենց ձայները տնօրինելու իրաւունքը։

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՉԴԱՐՁԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ  ՔՈՒԷՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԵՒ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ

    Ինչպէս մեծամասնական ընտրական համակարգի պայմաններում, այնպէս էլ համամասնականում յաջողութեան չհասած, այսինքն՝ ընտրութիւններում պարտուած թեկնածուների քուէները տուեալ պետութեան համապատասխան օրենքով նախատեսուած կարճ ժամանակամիջոցում պէտք է փոխանցուեն խորհրդարանական դարձած անհատներին։ Կարող են նաեւ ընտրական միաւորին՝ կուսակցութեանը փոխանցուել։ Դա նշանակում է այդ քուէները պէտք է հաւասարապէս բաշխուեն խորհրդարանական դարձած թեկնածուների միջեւ։

    Ենթադրենք, նախկին թեկնածուն ստացել է 600 ձայն, իսկ իր թիմից  խորհրդարան է անցել 6 հոգի։ Եթէ նա իր քուէները փոխանցում է կուսակցութեանը, ապա կուսակցութեան 6 խորհրդարանականներն էլ ստանում են՝ ամէն մէկը հարիւրական ձայն: Այս մօտեցման կիրառման արդիւնքում ընտրութիւններին մասնակցած քաղաքացիներից որեւէ մէկի ձայնը դուրս չի մնում խորհրդարանից:

    Համամասնական համակարգերում խորհրդարանական քուէարկութիւնների ժամանակ  խորհրդարանականները նոյնպէս քուէարկում են ըստ իրենց ստացած քուէների քանակի, սակայն եթէ ներքին տարաձայնութիւններ չունեն քուէարկուող հարցի վերաբերեալ, կուսակցութեան խմբակցութեան ներկայացուցիչը կարող է քուէարկել կուսակցութեան ստացած ընդհանուր ձայների քանակով։

    Այս համակարգերի որդեգրումը պէտք է ուղեկցուի խորհրդարանականի փոխարինողի հասկացութեան ընդունումով։ Բոլոր խորհրդարանականները պաշտօնաստանձման պահից պէտք է ներկայացնեն իրենց փոխարինողներին։ Փոխարինող խորհրդարանականը ստանձնում է խորհրդարանականի պաշտօնը խորհրդարանականի անաշխատունակութեան պայմաններում։ Մինչ այդ նա որեւէ իրաւասութիւն կամ լիազօրութիւն չունի։ Իսկ խորհրդարանական դառնալու պահից նա իրաւունք է ստանում մասնակցել խորհրդարանի աշխատանքներին եւ քուէարկել նոյնքան քուէներով, որքանով որ քուէարկում էր իր փոխարինած խորհրդարանականը։ Խորհրդարանականի լիազօրութիւններ ստացած անձը պարտաւոր է անմիջապէս ներկայացնել նոր փոխարինող խորհրդարանականին։ 

    Կան նաև ընտրական այլ համակարգեր, որոնք ներկայացուցչականութեան տեսակէտից որեւէ առաւելութիւն չունեն։ Դրանց  չենք անդրադառնում հիմնականում այն պատճառով, որ ներկայացուած երկու հիմնական տարբերակներից որեւէ մէկը ընտրելու դէպքում լուծւում է ամենակարեւոր՝ ներկայցուցչական մարմինների բացարձակ  ներկայացուցչական դառնալու հարցը:

    (Ի դէպ՝ խառը խորհրդարանական համակարգերով ձեւաւորուող խորհրդարանների մասին խօսելիս, մենք պէտք է մեր ստացած արդիւնքներն ամփոփենք մեծամասնականի մասով առանձին, համամասնականով առանձին, յետոյ այդ տոկոսների եւ յարաբերակցութիւնն արտայայտող  միաւորի օգնութեամբ ընդհանուր պատկերացում ունենանք, թէ քաղաքացիների քանի տոկոսանոց ներկայացուցչականութիւն է ապահովում տուեալ  խառը համակարգի խորհրդարանը):

 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹԵԱՆ ՁԳՏՈՒՄԸ

    Խորհրդարանական պետութիւններում խորհրդարաններին է վերապահւում  կառավարութեան ձեւաւորման գործառոյթը։ Դրա հետ կապուած՝ կառավարական ճգնաժամերից խուսափելու հիմնաւորմամբ, շատ պետութիւններում արգելանքի տոկոս է սահմանւում։ Այդ ճանապարհով նուազեցւում է խորհրդարանների ներկայացուցչականութիւնը՝ ժողովրդավարութիւնը։ Ստացւում է, որ համեմատական փոքրամասնութիւններին ճնշելու, որոշ ժամանակահատուածով նրանց անէացնելու ճանապարհով է բարձրացւում կառավարման արդիւնաւէտութիւնը կամ կառավարական ճգնաժամերի հնարաւորութիւնը նուազագոյնի հասցնելու ցանկութիւնը։ Այդպիսի մօտեցումը կարող է տեղ գտնել միայն այնպիսի հասարակութիւններում, որտեղ ընդհանրական պայմանաւորուածութիւն է ձեռք բերւում ժողովրդավարութիւնը կառավարելիութեանը ստորադասելու հարցում։ Հետեւաբար, գործ ենք ունենում մի հասարակութեան հետ, որի խնդիրը ոչ թէ ժողովրդավարութեան, այլ կառավարելիութեան ապահովումն է։  

    Արդեօ՞ք կարող ենք ժողովրդավարութիւնը բարձրագոյն արժէք համարող հասարակութիւնում արդարացուած համարել ժողովրդի ներկայացուցչականութեան սահմանափակումը յանուն կառավարելիութեան։ Մի՞թէ կառավարելիութեան բարձրացումը գերակայ առաջնահերթ խնդիր է։ Ինքնին ժողովրդավարութիւն բառը յուշում է, որ այդ եզրից ժողովուրդ բառի բաժնեմասը նուազեցնելու միտումը արդիւնքում կարող է յանգեցնել ցանկացած բռնակալի մեծագոյն երազի իրականացմանը։ Կմնայ միայն վարելու, կառավարելու, իշխելու հատուածը։ Սա, իհարկէ, ժողովրդավարութեան հետ որեւէ կապ չունի։

     Խորհրդարանական համակարգեր ասելիս նկատի ունենք խորհրդարանի ընտրակարգը եւ աշխատակարգը: Եթէ  ընդհանուր առմամբ դրանք իրար հետ կապուած երեւոյթներ չեն, ապա բացարձակ  ժողովրդավարութեան մոդելը ամրագրելու ճանապարհին մենք կտեսնենք, որ անմիջականօրէն զգացւում է այդ երկու իրարից անկախ երեւոյթները միաւորուած տեսնելու անհրաժեշտութիւնը։:

    Այստեղ պէտք է եւս մէկ անգամ նշել, որ մեր ուշադրութեան կիզակէտում եղել է եւ մնում է համակարգային մօտեցումը։  Առանձին երեւոյթներ, օրինակ՝ ընտրախախտումներ՝ կեղծիքներ, կրկնակի քուէարկութիւններ, ընտրողներին նիւթապէս շահագրգռելը, ցուցակներում ընտրողների յաւելագրումը եւ ալն, եւ այլն,  պէտք է կարգաւորուեն այլ միջոցներով, ընդհուպ մինչեւ իրաւապահ եւ ազգային անվտանգութեան մարմինների միջամտութեամբ։  Մեր նպատակը  համակարգային անկատարութիւններից խուսափելու ուղիների մատուցումն է։  Ինչպէս բոլոր ոլորտներում, այդպէս էլ ժողովրդավարութեան հարցում, համակարգային՝ ռազմավարական յստակ դիրքորոշումն է արմատական առաջընթաց ապահովում։ 

 

 

ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՅԱՃԱԽԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

    Այժմ անդրադառնանք ժողովրդավարութեան համար խիստ էական՝ պետութենական կեանքին ժողովրդի մասնակցութեան յաճախականութեան հարցին։ Ժողովրդավարութիւն եզրը իր մէջ ժամանակային որեւէ տարր չի պարունակում, աւելին՝ ընդծում է իր  մշտատեւութիւնը, անսահմանափակութիւնը։ Այնուամենայնիւ երկրի կառավարմանը ժողովրդի մասնակցութեան հարցում ժամանակային սահմանափակումներ կան։ Ուղղակի ժողովրդավարական գործողութիւններ՝ հանրաքուէներ, կազմակերպւում են ըստ անհրաժեշտութեան, իսկ միջնորդաւորուած մասնակցութեան մարմինների՝ խորհրդարանների եւ միւս ընտրովի հաստատութիւնների ընտրութիւններն իրականացւում են որոշակի պարբերականութեամբ։

    Ժողովրդավարութեան վերաբերեալ բոլոր միջազգային փաստաթղթերում ընդգծւում է որոշակի պարբերականութեամբ իրականացուող ընտրութիւնների կարեւորութիւնը ժողովրդավարութեան համար։ Որոշ մասնագէտներ շեշտադրում են նաեւ ընտրութիւնների յաճախականութիւնը, սակայն քչերն են (այնքան քիչ, որ ես չեմ  կարող վկայակոչել որեւէ մէկին), որ անմիջական կապ են տեսնում ժողովրդավարութեան մակարդակի եւ ընտրական գործընթացների յաճախականութեան միջեւ։ Մինչդեռ բաւական է վերադառնալ ժողովրդավարութիւն բառի իմաստային պարունակութեանը՝ ժողովրդավարութիւն՝ ժողովրդի մասնակցութիւն երկրի կառավարմանը իր կողմից ընտրութիւնների միջոցով ձեւաւորուած մարմինների միջոցով, որպէսզի կռահենք, որ ընտրութիւնների յաճախականութինն ուղիղ համեմատական է ժողովրդավարութեան մակարդակին։  Այսինքն՝ առանձին վերցրած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ երկու տարին մէկ իրականացուող ընտրակարգի շնորհիւ ժողովրդավարութիւնն այդ երկրում արդէն երկու եւ կէս անգամ աւելի է, քան  հինգ տարին մէկ խորհրդարանի ընտրութիւն իրականացնող Հայաստանի Հանրապետութիւնում։

    Ի դէպ, մինչ 2005 թ. սահմանադրական «բարեփոխումները» Հայաստանում խորհրդարանը ընտրւում էր չորս տարին մէկ։ Ես,  լինելով սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողն ու համապատասխան հանձնաժողովի նախագահը, առաջարկում էի աւելացնել խորհրդարանի ընտրութիւնների յաճախականութիւնը՝ հասցնելով այն, եթէ ոչ ԱՄՆ օրինակով, երկամեայ, ապա գոնէ եռամեայ պարբերականութեան։ Ինչպէս աշխարհի բոլոր երկրներում, այդպէս էլ Հայաստանում քիչ չեն այն ուժերը, որոնք,  էութեամբ ժողովրդավարական չլինելով, աւելին՝ դէմ լինելով քաղաքական գործընթացներին ժողովրդի մասնակցութեանը, սարսափում են ընտրութիւններից եւ իբրեւ թէ մտահոգուած «ընտրութիւնների պատճառով առաջացող լարուածութիւնից», պատրաստ են նոյնիսկ ընդհանրապէս հրաժարուել ընտրութեան ինստիտուտից։ Այդպիսի մարդիկ եւ ուժեր էին իշխում Հայաստանում քսաներորդ դարի վերջին։ Իմ նախաձեռնած գործը նրանք նախ փոխանցեցին իրենց կամակատարներին, ապա նուազեցրին թէ՛ խորհրդարանի (մէկ քառորդով) եւ թէ՛ տեղական ինքնակառավարման մարմինների (մէկ երրորդով) ընտրութիւնների յաճախականութիւնը։ Դրա հետեւանքով առանց այն էլ ժողովրդավարական աւանդոյթներ եւ մշակոյթ չունեցող Հայաստանեան պետական համակարգում ժողովրդավարութեան մակարդակը նուազեց մօտաւորապէս երեսուն տոկոսով։       

    Առանց թուաբանական մատուցման էլ, իհարկէ, ակնյայտ է, որ եթէ մենք խնդրին նայում ենք ժողովրդավարութեան տեսանկիւնից, ապա ժողովրդավրութիւնն այն դէպքում է արդիւնաւէտ, երբ ժողովուրդը հնարաւորին չափ յաճախակի է մասնակցում այդ գործընթացին: Եթէ ուղղակի ժողովրդավարութեան դէպքում՝ Շուէյցարիայի օրինակով, դրանք հանրաքուէներն են, ապա միջնորդաւորուած ժողովրդավարութեան պայմաններում դրանք միջնորդ կառոյցներն են։ Քանի որ քաղաքացու վերաբերմունքը այս կամ այն հարցի նկատմամբ  կարող է,    նոյնիսկ անհատական մասնակցութեան դէպքում հանգամանքների ազդեցութեան տակ կամ փորձառութեան ձեռքբերումով, փոխուել, ապա կարեւոր է, որ այդ տեղաշարժը առարկայօրէն կեանքի կոչելու, նոր ընտրութիւններով նոր ուղի որդեգրելու  հնարաւորութիւն ունենայ։  Ինչպէս վերեւում նշուեց, ժողովրդավարութեան մասնագէտները մշտապէս շեշտադրում են պարբերաբար իրականացուող  ընտրութիւնների կարեւորութիւնը։ Այս ճանապարհով էլ կարելի է նոյն եզրակացութեանը  յանգել։ Եթէ պարբերականութիւնն օգտակար է, ապա աւելի մեծ պարբերականութիւնը՝ յաճախակի տեղի ունեցող ընտրությունները,  անտարակոյս շատ աւելի օգտակար պիտի լինեն ժողովրդավարականութեան մակարդակը բարձրացնելու տեսանկիւնից։

     Մեր բանաձեւում կայ նաեւ ընտրութիւնների հաճախականութեան հետ կապուած մի գործակից։ Նրա օգնութեամբ որոշակի գնահատական է տրւում տուեալ երկրի ժողովրդավարութեանը՝ կախուած խորհրդարանի (եւ ոչ միայն խորհրդարանի) ընտրութիւնների յաճախականութիւնից։ Բանաձեւի նախնական տարբերակում սահմանուած էր, որ 3 տարին մէկ ընտրուող խորհրդարանների համար այդ միաւորը 1-ն է, 2 տարին մէկ ընտրուող խորհրդարանների դէպքում՝ 1.2,  4-ի դէպքում՝ 0.8։ Ասինքն՝ այն թիւը, որը պէտք է ստանանք տուեալ պետութեան ժողովրդավարութեան մակարդակը հաշուելիս, բազմապատկւում է նաեւ այս գործակցով: Ներկայիս, յուսով ենք արդէն վերջնական տարբերակում գործակցի առաւեալագոյն թիւը 1-ն է։

     Ինչ վերաբերում է խորհրդարանականների յետկանչի դրոյթին, ապա ընտրութիւնների յաճախականութեան աւելացումով վերանում է այդ երեւոյթի անհրաժեշտութիւնը։

     Յաճախականութեան աւելացման անհրաժեշտութիւնը վերաբերում է թէ՛ օրէնսդիր եւ թէ՛ գործադիր իշխանութեան ձեւաւորմանը:

     Ամփոփելով ընդգծենք, որ խորհրդարանական համակարգերի ժողովրդավարականութեան համար շատ կարեւոր են ընտրութիւններին մասնակցող քաղաքացիների հարիւր տոկոսանոց ներկայացուցչականութեան երաշխաւորումը եւ ընտրութիւնների յաճախականութիւնը:

 

ՊԵՏՈՒԹԵԱՆ ԳԼՈՒԽՆ ՈՒ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ

    Աշխարհի շատ պետութիւններ ունեն պետութեան գլուխ հասկացութիւնը, որը կամ սահմանադրական միապետութիւններում ժառանգաբար փոխանցուող միապետի պաշտօնն է, կամ էլ, որը բաւական լայն տարածում ունի խորհրդարանական կամ կիսախորհրդարանական- կիսանախագահական համարուող պետութիւններում, ժողովրդի կողմից ընտրուած նախագահի պաշտօնն է: Նախագահական պետութիւններում, ինչպիսին է ԱՄՆ-ը,  լատինաամերիկեան եւ այլ երկրներ, կայ գործադիր իշխանութեան՝ կառավարութեան ընտրովի ղեկավար, որ պետութեան առաջին դէմքի հետ նոյնացւում է, սակայն եւրոպական երկրներում հանդիպող պետութեան գլուխ հասկացութիւնը բացակայում է։ Գործադիր իշխանութիւնը նախագահական պետութիւններում ձեւաւորւում է ժողովրդի կամքով պարբերաբար տեղի ունեցող ընտրութիւնների միջոցով։

    Պետութեան գլխի ընտրութիւնը տարբեր երկրներում տարբեր յաճախականութեամբ է տեղի ունենում, սակայն ակնյայտ է միտումը, բացառութեամբ Ռուսաստանի եւ մի քանի պետութիւնների, նուազեցնելժամկէտը, որ նոյնն է՝ աւելացնել ընտրութիւնների յաճախականութիւնը։  Օրինակ՝ Ֆրանսիայում նախագահական ընտրութիւնների 7 տարին տեւական քննարկումների եւ հանրաքուէի արդիւնքում վերածուեց  5 տարուայ։

     Ուղղակի գործադիր իշխանութեան ղեկավարի ընտրութիւն չունեցող պետութիւնների ժողովրդավարութեան մակարդակը ներկայացնող գործակիցը մեր բանաձեւում բազմապատկւում է 0.5 միաւորով։ Դա նշանակում է, որ այդ պետութեան ժողովրդավարութեան մակարդակը ուղիղ երկու անգամ պակաս է։ Եթէ գործադիր իշխանութեան ղեկավարը ուղղակի չի ընտրւում  ժողովրդի կողմից՝ նուազում է ժողովրդի մասնակցութիւնը, որ  նոյնն է՝ ժողովրդավարութիւնը։  Միջնորդաւորուած ընտրութիւնը նշանակում է ժողովրդի՝ անմիջական ղեկավար ընտրելու հնարաւորութեան փոխանցում նաեւ սեփական նկատառումներով առաջնորդուող միջնորդներին: Եթէ ԱՄՆ-ի դէպքում այդ միջնորդ ընտրիչները ժողովրդի կողմից ընտրւում են հէնց գործադիրի ղեկավար ընտրելու եւ միայն այդ նպատակով, ապա խորհրդարանական հանրապետութիւններում գործադիրի ընտրութիւնն իրականացնում են գործադիր իշխանութեան հակակշիռ հանդիսացող օրէնսդիր իշխանութեան ներկայացուցիչները։

    Ինչ երանելի հակակշիռ․․․ Խորհրդարանին հակակշռելու կոչուած հաստատութեան ղեկավարին ոչ թէ ժողովուրդն է ընտրում, այլ խորհրդարանը՝ խորհրդարանական դարձած քաղաքական գործիչներն իրենց յավակնութիւններով ու նկատառումներով (եւ հազիւ թէ ժողովրդավարութեան նկատմամբ սիրով):

    Քաղաքացին գործադիր իշխանութեան ղեկավար ընտրելիս պէտք է անմիջականօրէն եւ  ուղղակիօրէն մատնանշի, թէ ում է ինքը նախապատւութիւն տալիս: Ի տարբերութիւն ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ գործադիր իշխանութեան ղեկավարը կարող է չներկայացնել բոլորին։ Նա դառնում է բոլորի նախագահը կամ վարչապետը, սակայն որպէս գործադիր իշխանութեան ղեկավար՝ այնուամենայնիւ ենթակայ է բոլորի կողմից ընտրուած ներկայացուցչական մարմնի վերահսկողութեանը։ Հէնց գործադիր իշխանութեանն է տրուած որոշակի գործառոյթներ իրականացնելու իրաւասութիւնը, եւ քանի որ այդ գործողութիւնները կարող են երբեմն չհամապատասխանել ժողովրդի բոլոր շերտերի ցանկութիւններին, ժողովրդի բոլոր շերտերը վերահսկողութիւն են իրականացնում այն իմաստով, որ չոտնահարուեն իրենց իրաւունքները, սակայն հիմնական ուղղութիւնը որոշում է ժողովրդի այն քանակութիւնը, որն առաւելութիւն է ստացել գործադիրի ընտրութեան ժամանակ։ Պատկերաւոր ասած, մեծ կառքը պէտք է մի ձիավար ունենայ, որը սանձերը պէտք է պահի իր ձեռքում, կառքում նստած ուղեւորները կարող են որոշ մարդկանց ընտրել որպէսզի կառապանի գործողութիւնները վերահսկեն։

     Գործադիր իշխանութեան առաքելութիւնն է գլխաւորել պետութեան գործադիր հատուածը, սակայն ժողովրդի ուղղակի ընտրած ներկայացուցչական հակակշռի՝ խորհրդարանի, պայմաններում։  Իր հերթին գործադիրն էլ հակակշռում է օրէնսդիր իշխանութեանը։

    Տեւական հակասութեան ժամանակ գերակայութիւն է ստանում ներկայցուցչական մարմինը իր ձայների 2/3-ով։ Դեռեւս 200 տարի առաջ ԱՄՆ-ում գտնուած այս յարաբերակցութիւնը թուաբանօրէն ճշգրիտ է, որովհետեւ եթէ խորհրդարանական պարզ մեծամասնութիւնը կարող է պակաս լինել նախագահի ստացած ձայներից, ապա, որպէս կանոն, խորհրդարանական ձայների 2/3-ը  կգերազանցի նախագահի ստացած ձայներին: Այնպէս որ, տեղին է այն մօտեցումը, որ ժողովրդի կողմից ընտրուած գործադիր իշխանաւորի արգելանքը խորհրդարանի նկատմամբ կարող է յաղթահարուել խորհրդարանի՝ ներկայացուցչական մարմնի ձայների 2/3-ով:

    Մեր բանաձեւում գործադիր իշխանութեան ղեկավարի ընտրութիւնը եւ այդ ընտրութեան յաճախականութիւնը համարւում են ժողովրդավարութեան կարեւորագոյն յայտանիշերից  եւ  աւելացնում կամ պակասեցնում են պետութեան ամբողջական ժողովրդավարութեան մակարդակը:

 

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

    Իշխանութեան երեք ճիւղերից դատականի ժողովրդավարականութեան հաշուարկելի եւ  թուաբանօրէն արտայայտելի ձեւ չի առաջարկւում։ Կարեւոր է համարւում այս կամ այն կերպ դատական իշխանութիւնների ձեւաւորման եւ գործառոյթների՝ արդարադատութեան իրականացման մէջ ժողովրդի՝ քաղաքացիների մասնակցութիւնը։ Մասնաւորապես՝ առաջին ատեանի դատարանների որոշումները վերաքննելու իրաւասութեամբ օժտուած երկրորդ ատեանի դատաւորները կարող են լինել ընտրովի։ Ժողովրդի մասնակցութեան՝ ժողովրդավարականութեան դրսեւորում է նաեւ երդուեալ ատենակալների հաստատութեան գոյութիւնն ու գործունէութիւնը։ Այս երկու գործօններից մէկի առկայութիւնն արդէն մենք բաւարար ենք համարում դատական համակարգը համեմատաբար  ժողովրդավարական համարելու համար։ Իսկ այն երկրներում, որտեղ ժողովրդի դերակատարութիւնը ընդհանրապէս բացակայում է, պէտք է ընդունենք, որ այդ երեւոյթը նոյնպէս ազդելու է պետութեան ժողովրդավարականութեան մակարդակի վրայ:

    Այսպիսով, միայն նշանակովի դատաւորներով համալրուած դատական համակարգ ունեցող պետութիւնները, բնականաբար, նուազ ժողովրդավարական կարող են համարուել, քան ընտրովի դատաւորներ ունեցող պետութիւնները։ Դատական համակարգի ժողովրդավարականութեան դրսեւորումներից կարելի է համարել նաեւ երդուեալ ատենակալների հաստատութեան առկայութիւնը։ Դրանից ելնելով՝  բանաձեւում դատական համակարգի ժողովրդավարականութեան գործակիցը նոյն արժէքն է ունենում ընտրովի վերադաս դատարանների կամ երդուեալ ատենակալների հաստատութեան կամ միաժամանակ  նրանց երկուսի առկայութեան դէպքում։  Սա նշանակում է, որ դատական համակարգը կարող է ժողովրդավարական համարուել նաեւ նշանակովի դատաւորների պայմաններում, պայմանով, որ գործի երդուեալ ատենակալների հաստատութիւնը:

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

     Պետութեան ժողովրդավարականութեան կարեւոր գործօններից է նաեւ տեղական ինքնակառավարման (ՏԻ) համակարգը: Վերջինիս գոյութիւնը՝ ընտրովի կառոյցների տեսքով, աւելացնում է ժողովրդավարութեան մակարդակը տուեալ երկրում։ Տեղական ինքնակառավարման  ընտրովի մարմինների բացակայութիւնը, բնականաբար, նուազեցնում է  ժողովրդավարութիւնը: Սա արտայայտւում է բանաձեւի որոշ գործակիցներով։

    ՏԻ մակարդակով իշխանութեան ճիւղերի հակակշռումը եւս ի նպաստ ժողովրդավարութեան կարող է գործել , բայց քանի որ խօսքն ընդհանուր պետութեանն է վերաբերում,  այս դէպքում բավարարւում ենք միայն ընտրովիութեան գաղափարն ամրագրելով: Իհարկէ, աւելի ժողովրդավարական է ՏԻ այն համակարգը, որում ՏԻ ներկայացուցչական մարմինները՝ աւագանիները,  ինքնուրոյն կառոյց  են։ Դա նշանակում է, որ դրանք ընտրւում են տուեալ համայնքի բնակիչների կողմից ուղղակի ընտրութիւններով եւ նոյն համայնքի բնակիչների ընտրած համայնքի ղեկավարին զուգահեռ, նրան հակակշռելով գործում են ինքնուրոյն՝ ունեն իրենց կազմից ընտրուած ղեկավար։ Համայնքի գործադիր մարմինը իր հերթին ինքնուրոյն պէտք է գործի, սակայն նրա գործունէութիւնը պէտք է ուղեկցուի իր հակակշիռ,   համայնքի ծախսագումարը հաստատող համայնքի ներկայացուցչական մարմնի գործունէութեամբ։

    ՏԻ համակարգում նոյնպէս ժողովրդավարութեան տեսանկիւնից խիստ կարեւոր է  ընտրութիւնների յաճախականութիւնը: Բոլոր այն հասարակութիւններում, որտեղ վախենում են յաճախակի իրականացուող ընտրություններից, ընտրութիւն երեւոյթը չի ընկալւում որպէս մարդու իրաւունքների՝ երկրի ու համայնքի կառավարմանը մասնակցելու իրաւունքի դրսեւորման, իրականացման տօն։ Յաճախական ընտրութիւններից խուսափելը նշան է այն բանի, որ այդ միջավայրում դեռեւս չի կայացել ընտրուելու եւ ընտրելու միջոցով քաղաքական կեանքին մասնակցելու մշակոյթը։ Դա վկայութիւնն է նաեւ մէկ այլ շատ աւելի արատաւոր՝ իշխանական լծակներին ամէն գնով տիրանալու եւ դրանք այլոց փախցնելու մտքի նկատմամբ թշնամաբար տրամադրուած լինելու աւազակաբարոյ հոգեբանութեան գերակայութեան։

    Խորհրդարանների, նախագահների (վարչապետների) եւ համայնքային ընտրութիւնների յաճախականութիւնը նուազեցնելու կողմնակիցները որպէս կանոն իրենց տեսակէտը հիմնաւորում են «հերթական լարուածութիւնից» խուսափելու եւ կայունութիւն ապահովելու ցանկութեամբ։ Այդորակ մօտեցմանն անկեղծօրէն հաւատացող մարդկանց պարզապէս պէտք է յուշել, որ իրենք ակամայ աջակցում են ընտրութիւններն ընդհանրապէս վերացնելու, ժողովրդավարութիւնն իրենցով փոխարինելու տրամադրուած ցածրորակութիւններին։

 

ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Պետութիւնների ժողովրդավարականութեան բանաձեւն ասպարէզ իջեցնելիս 2003 թուականին մենք նշել էինք, որ, ցաւօք սրտի, այդ բանաձեւը կիրառելի չէ դաշնային (ֆեդերալ) պետութիւնների համար։ Նկատի էր առնուած այն, որ դաշնային պետութիւններն ընդհանրապէս 2 ներկայացուցչական մարմիններ են ունենում, որոնցից մէկը ներկայացնում է քաղաքացիներին, իսկ միւսը՝ դաշնութեան ենթականերին՝ պետութիւնների, ինքնավար հանրապետութիւնների կամ, ԱՄՆ դէպքում՝ նահանգներին։  ԱՄՆ-ի օրինակով, նահանգներից մէկը կարող է ունենալ 40 մլն բնակչութիւն, միւսը՝ 2 մլն, սակայն նրանք հաւասարապէս՝ հաւասար քանակութեամբ պատգամաւորներով են ներկայացւում Սենատում: Եթէ քաղաքացիների ներկայացուցչական մարմնում կարեւոր էր համարւում քաղաքացիների ներկայացուցչականութեան ապահովումը, ապա դաշնային պետութեան դաշնային ենթակաների ներկայացուցչական մարմնում երաշխաւորւում է դաշնային պետութեան դաշնային ենթակաների իրաւահաւասարութիւնը։ Այդ ելակէտային կողմնորոշիչների պայմաններում անհնարին էր թւում դաշնութեան ենթակաների իրաւահաւասարութինը մարդկանց՝ քաղաքացիների իրաւահաւասարութեանը զուգակցելը։ Կրկին ԱՄՆ օրինակով, նահանգների իրաւահաւասարութիւնն արտայայտւում է իւրաքանչիւր նահանգից  2 սենատորներ ներկայացնելով։ Թւում էր, թէ այդ կառոյցում քաղաքացիների իրաւունքների հիմք՝ իրաւահաւասարութեան նկատմամբ ուշադրութեան դրսեւորումը տեղին չէ: Սակայնվեց տարիանց՝ 2009 թուականին, մեզ յաջոցուեց գտնելնաեւդաշնայինպետութիւնների դաշնայինենթականերիներկայացուցչականմարմիններիէութիւնը մարդու իրաւունքների տեսանկիւնից ներկայացնելու ճանապարհը՝ չխաթարելով այդ դաշնային ենթականների իրաւահաւասարութեան սկզբունքը։

    Լուծումը դարձեալ ներկայացնենք ԱՄՆ օրինակով։ Դաշնայիններկայացուցչականմարմնի՝Սենատիընտրութիւններում, դաշնութեանենթակաների՝նահանգներիերկուականներկայացուցիչներնընտրւումեննոյննահանգներիժողովրդիկողմից, սակայն ընտրողների քուէներըբաշխւումենթեկնածուներիվրայ ոչ թէ ըստնրանցստացածքուէների քանակի, այլ ըստ տոկոսայինյարաբերակցութեան ։Եթէ նահանգում երկու սենատորների ընտրութեան համար առաջադրուել են ութ թեկնածուներ, եւ նրանք ստացել են Ա-ն՝ 8, Բ-ն՝ 7, Գ-ն՝ 5, Դ-ն՝ 4, Ե-ն՝ 3, Զ-ն՝ 2,  Է-ն՝ 2 եւ  Ը-ն՝ 1 միլիոն քուէներ, տուեալ նահանգը ներկայացնող սենատոր են դառնում 8 եւ 7 միլիոն քուէներ ստացած Ա եւ Բ թեկնածուները։ Նախնական արդիւնքների ազդարարումից յետոյ ողջամիտ ժամանակահատուածում յաջողութեան չհասած թեկնածուները փոխանցում են իրենց ստացած քուէները սենատոր դարձած թեկնածուներին։ Արդիւնքում Ա-ն ունենում է, օրինակ՝ 8+5+3+2=18 մլն քուէ, իսկ Բ-ն՝ 7+4+2+1= 14 մլն քուէ։ Տոկոսային յարաբերակցութեամբ Ա-ն ունի տուեալ նահանգի ընտրողների ձայների 56.25%-ը եւ Բ-ն՝ ընտրողների ձայների 43.75%-ը։

Դաշնութեանենթականերիներկայացուցչականմարմնում՝Սենատում, ամեն նահանգ ներկայանումէոչթէերկուականսենատորականձայներով, այլիրնահանգիընտրողներիձայների 100 տոկոսով։Այսպիսի մօտեցումն ընդունելուց եւ սահմանադրութեամբ ու օրէնքներով ամրագրելուց յետոյ Սենատի քուէարկութիւններում սենատորը քուէարկում է ոչ թէ մէկ ձայնով՝ սենատորական քուէով, այլ իր նահանգից իր ստացած եւ իրեն փոխանցուած քուէների տոկոսի չափով։ Այսինքն՝ վերեւում մեր նշած Ա-սենատորը քուէարկութիւններին մասնակցում է 56.25 միաւորով, իսկ Բ-ն՝ 46.75 միաւորով։ Նոյն կերպ բոլոր նահանգներից ընտրուած սենատորները։ Սենատն այդ դէպքում կունենայ ոչ թէ 100 սենատորական քուէ, այլ 5 000 տոկոս կամ միաւոր։ Այս կարգը կարող է առաջին հայեացքից անհասկանալի իրավիճակ ստեղծել, սակայն միայն առաջին հայեացքից։ Օրինակ՝ քուէարկութեան ժամանակ կարող է Սենատի ձայների մեծամասնութիւնն ստացած ՝2501 միաւոր (տոկոս) ապահոված սենատորների թիւը՝ սենատորների քանակը, ենթադրենք՝ 40, պակաս լինի 2 499 տոկոս (միաւոր) ունեցող սենատորների քանակից, ենթադրենք՝ 60։ Այս կերպ կհաստատուի, որ այդ դաշնային երկրում անգամ դաշնային ենթակաների ներկայացուցչական մարմնի՝ սենատի մակարդակով որոշումներ ընդունելիս առաջնային կարեւորութիւն է ստանում քաղաքացիների դիրքորոշումը, իսկ սենատորներն ընդամէնը նրանց միջնորդ ներկայացուցիչներն են։

    2010 թուականից Պետութիւնների ժողովրդավարականութեան մեր առաջարկած բանաձեւում տեղ գտաւ նաեւ դաշնային պետութիւնների դաշնային ենթակաների ներկայացուցչական մարմինների ներկայացուցչականութեան գործակիցը։

    Այս լուծումը գտնելուց յետոյ կարելի է աւարտուած համարել մարդու իրաւունքների հիման վրայ ժողովրդավարութեան առջեւ ծառացած մարտահրաւէրների պատասխանները գտնելու աշխատանքը։ Յաւակնութիւնչունենքայսբանաձեւըհամարելկատարելութիւն, սակայնչենք կասկածում, որդէպիբացարձակ  ժողովրդավարութիւնտանողյաջողուածփորձերիցմէկնէ։

 

ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ

 

 Պետութիւնների ժողովրդավարականութեան բանաձեւը ներկայանում է այս տեսքով՝                     

                                   R         

                     PSD = (--- x F) x (E x F) x J x L x (U x F) x 100%

                                  V                         

PSD-ն Պետութիւնների ժողովրդավարականութեան տոկոսն է (The percentage of the States’ Democraticity)։ 

             R –ը խորհրդարանական ընտրութիւններին մասնակցած եւ ընտրութիւնների արդիւնքում խորհրդարանում ներկայացուցիչ ունեցող քաղաքացիների թիւն  է.                                                                        

             V – ն  ընտրութեանը մասնակցած քաղաքացիների թուաքանակն է.                                                        

             F –ը խորհրդարանական (նաեւ միւս) ընտրութիւնների յաճախականութեան գործակիցն է։ Այն փոփոխւում է՝ կախուած ընտրութիւնների յաճախականութիւնից։  Եթէ ընտրութիւններն  իրականցւում են 2 տարին մէկ անգամ, ապա F=1, եթէ ընտրութիւնները տեղի են ունենում 3 տարին մէկ անգամ, ապա՝ F=0.9,  4  տարին մէկ տեղի ունենալու դէպքում F=0.8,  5 տարին մէկի դէպքում՝  F=0.7, եւ եթէ խորհրդարանը ընտրւում է 6 տարին մէկ, ապա F=0.6։

             E – ն գործադիր իշխանութեան ընտրութեան կամ նշանակովի լինելու գործակից-ցուցիչն է: Եթէ գործադիր իշխանութեան ղեկավարը նշանակւում է խորհրդարանի կողմից, ապա E=0.5, եւ երբ նա ընտրւում է ուղղակիօրէն ժողովրդի կողմից, ապա E=1:

             F –ը այս դէպքում (E x F) ժողովրդի կողմից ընտրուող գործադիր իշխանութեան ղեկավարի ընտրութիւնների յաճախականութեան գործակիցն է։ Այն հաւասար է 1-ի, եթէ գործադիրի ղեկավարին նշանակում է խորհրդարանը, այսինքն՝ E=0.5-ի, ինչպէս նաեւ այն դէպքում երբ գործադիրի ղեկավարի կամ վարչապետ նշանակելու իրաւասութիւն ունեցող նախագահի ընտրութիւններն իրականացւում են 2 տարին մէկ անգամ։ Ինչպէս եւ խորհրդարանական ընտրութիւնների յաճախականութեան դէպքում այն փոփոխւում է՝ կախուած ընտրութիւնների յաճախականութիւնից։ Եթէ ընտրութիւնները տեղի են ունենում 3 տարին մեկ անգամ, ապա՝ F=0.9,  4  տարին մէկ տեղի ունենալու դէպքում F=0.8,  5 տարին մէկի դէպքում՝  F=0.7, եւ եթէ գործադիրը  ընտրւում է 6 տարին մէկ, ապա F=0.6։                             

              J –դատական համակարգի գործակիցն է: Եթէ երկրորդ ատեանի դատաւորները նշանակովի են, ապա J=0.8, այն դէպքում, երբ ժողովրդի կողմից են ընտրւում կամ գործում է նաեւ երդուեալ ատենակալների համակարգը, ապա  J=1:

              L –տեղական ինքնակառավարման մարմինների գործակիցն է: L=1, եթէ  համայնքային ընտրութիւնները տեղի են ունենում 2 տարին մէկ, 0.9՝ երբ 3 տարին մէկ, 0.8՝ երբ 4 տարին մէկ են տեղի ունենում ընտրութիւններ, եւ 0.7 երբ դրանք տեղի են ունենում 5 տարին մէկ:

             U –դաշնային կամ  միատարր (ունիտար) պետութեան ցուցանիշն է։ Եթէ բանաձեւը կիրառւում է ճշտելու միատարր պետութեան ժողովրդավարականութեան տոկոսը, ապա ե՛ւ  U-ն, ե՛ւ F-ը  հաւասար են 1 միաւորի։ Եթէ ճշտւում է դաշնային պետութեան ժողովրդավարութեան մակարդակը, ապա կախուած այն բանից, թէ ինչ սկզբունքով են դաշնային ներակայացուցչական մարմնում ընտրւում եւ քուէարկում դաշնային ենթականերից ընտրուած պատգամաւորները U-ն կարող է տարբեր արժէք ունենալ։ Այն հաւասար է 1-ի, երբ դաշնային ներկայացուցչական մարմնում պատգամաւորները համամասնօրէն են ներկայացնում իրենց դաշնային ենթակայի (նահանգի) տարածքի բնակչութեանը։ Օրինակ, եթէ որպէս նահանգի ներկայացուցիչ ընտրուած պատգամաւորը կամ պատգամաւորների խումբը նահանգում հաւաքել է 40 %, ապա այդ տոկոսով էլ մասնակցում է սենատում տեղի ունեցող  քուէարկութիւններին։  U-ն հաւասար է 0.7-ի,    երբ հաւասարապէս են ներկայցւում դաշնային կառոյցները, բայց հաշուի չի առնւում իրենց  դաշնութեան ենթակայ կառոյցի ներսում ընտրութիւնների ընթացքում դրսեւորուած քաղաքացիների համամասնութիւնը:

    Այս բանաձեւը պետութիւնների ժողովրդավարականութիւնը ներկայացնում է տոկոսային մատուցմամբ՝ տոկոսաչափերով։ Դրա հետ է կապուած բանաձեւի վերջում 100 %-ի աւելացումը։

    Ամփոփելով անցեալում կատարուած  աշխատանքները եւ ընդգծելով, որ մասնաւորապէս 2003 թուականին հրատարակած ուսմանասիրութեան մէջ  գործակիցներն այլ միաւորներ են ներկայացրել, հարկ ենք համարում նշել, որ բանաձեւը պարզեցնելու նպատակով  յաճախականութիւնների հետ կապուած գործակիցը ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահ-վարչապետական ընտրութիւններում դարձել է նոյնը։  2003 թուականից առ այսօր մեր  հրատարակած յօդուածներում, ելոյթներում նշուած յաճախականութեան տարբեր գործակիցները  նպատակայարմար ենք համարել նոյնականացնել:

     Ժողովրդավարականութեան բանաձեւի վերաբերեալ կարելի է, թերեւս, այլ, ոչ պակաս  արդիւնաւէտ  առաջարկներ ներկայացնել, բայց, մեր կարծիքով, ամենակարեւորն այն է, որ գոյութիւն ունենայ ժողովրդավարականութեան չափման ընդհանրական միաւոր՝ միասնական չափորոշիչ։ Այս բնոյթի չափորոշիչի օգնութեամբ  ժողովրդավարութիւնը դադարում է լինել վերացական մի հասկացութիւն։

    Այս բանաձեւը միջոց է չափելու հետաքրքրող պետութեան ժողովրդավարականութեան մակարդակը եւ յստակեցնելու, պարզելու, թէ յատկապէս ինչ թերութիւնների պատճառով է այդ պետութեան համակարգը պակաս ժողովրդավարական, քան կարող էր լինել։  Դրանից յետոյ արդէն տուեալ պետութեան նախասիրութեան կամ նկատառումների հարց կմնայ՝ բացթողումները վերացնելով մերձենա՞լ  100 տոկոսանոց ժողովրդավարութեանը, թէ՞ գոհանալ եղածով։

    Յուսով ենք, մեր յարգելի ընթերցողը հասկանում է, որ  խօսքը ոչ թէ ընդհանրապէս ժողովրդավարութեան, այլ ժողովրդավարական համակարգերի մասին է,  ժողովրդավարութիւնը օրէնքով ամրագրելու հնարաւորութեան մասին:

    Բանաձեւը հնարաւորութիւն է  տալիս բանաձեւի  առանձին հատուածները կիրառել առանձին վերցրած իշխանութեան տարբեր ճիւղերի համակարգերի համար։

    Ինչպէս երեւում է դատական իշխանութեան հատուածում յաճախականութեան գործակից չի նշւում։ Դա արուած է դատաւորների կախուածութիւնը նաեւ քաղաքացիներից նուազագոյնի հասցնելու նպատակով։ Դատաւորը` վճռորոշ ատեանի դատաւորը,   պէտք է ընտրուի քաղաքացիների կողմից, բայց եւ պէտք է անկախ լինի։ Նա երբեք չպէտք է իրեն կախուածութեան մէջ զգայ անգամ իրեն նշանակողից, նոյնիսկ եթէ այդ նշանակողը ժողովուրդն է:

         

ԱՄՓՈՓՈՒՄ 

     Մարդու իրաւունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքն է յանգեցրել  ժողովրդվրութիւն հասկացութեան ձեւաւորմանն ու գործնական ժողովրդավարութեանը։ Իր հերթին ժողովրդավարութեան կայցումն էլ  խթան է յանդիսացել մարդու իրաւունքների յետագայ ընդլայնման ու առաջընթացի համար։

    Քաղաքակրթութեան զարգացումն ուղեկցուել է ոչ միայն ցեղերի ու ռասաների, կրոնների ու ժողովուրդների, դասաւարգերի ու ընդհանրապէս մշակոյթների՝ աշխարհընկալումների պայքարով։ Այս ամենին զուգահեռ եւ դրանց ներսում  որպէս առաջնային որակ մշտապէս պայքար է ընթացել մարդկային երկու որակների միջեւ։ Դրանցից մէկը իրենց արտոնեալ համարող եւ յանուն այդ սին պատկերացման ամեն տեսակի չարագործութիւնների պատրաստ մարդկանց  տեսակն է։ Միւսը՝ իրաւահաւասար՝ Աստուծո առաջ մարդկանց հաւասար համարող եւ յանուն այդ իրաւահաւասարութեան պայքարելու պատրաստ մարդկանց տեսակն է։ Իրաւահաւասարութիւնն արմատաւորելու կողմնակիցների ծայրաստիճան դանդաղ, սակայն հետեւողական մաքառումներն են քաղաքակրթութեանն հասցրել մարդուն եւ նրա իրաւունքները գերակայ արժեք համարելու մակարդակին։ Այդ ճանապարհին ժողովրդավարութեան աստիճանական զարգացումը եղել է առաջնահերթ համակարգային գործոնը։ Ժամանակակից քաղաքակրթութեան կողմից բացարձակ  ժողովրդավարութեան համակարգի որդեգրումը ամենաէական ներդրումը կլինի քաղաքակրթութեան շարժիչ ուժ, իրաւահաւասարութեան ձգտող մարդկանց էական յաջողութեան համար։

    21-րդ դարի սկզբում ժողովրդավարութեան առջեւ ծառացած խնդիրներից  եւ մարտահրաւէրներից են՝

Ա) քաղաքացիների վստահութեան պակասը քաղաքական գործընթացների, իշխանութիւնների  եւ քաղաքական գործիչների նկատմամբ,

Բ) հետաքրքրութեան նուազումը ժողովրդավարական  գործընթացների հանդէպ։ 

 

    Վերեւում շարադրուած մօտեցումների կիրառումը կաւելացնի քաղաքացիների դերակատարութիւնը եւ դրան զուգահեռ՝ վստահութիւնը իրենց մասնակցութեան կարեւորութեան նկատմամբ։ Մանաւանդ խորհրդարանական համակարգերում քաղաքական գործիչները կընկալուեն որպէս քաղաքացիների հերթական ներկայացուցիչները միայն։ Պետութիւն եւ ժողովուրդ յարաբերութիւններում գլխաւոր դերակատարութիւնը կանցնի  քաղաքացիներին։

 

 Այդ ամէնը տեղի է ունենալու նախ եւ առաջ

ա) ներկայացուցչական մարմիններում քաղաքացիների ներկայութիւնը  առարկայական դարձնելու եւ

բ) քաղաքական գործընթացներին քաղաքացիների մասնակցելու յաճախականութիւնը աւելացնելու միջոցով։

 

 

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>