Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւս առաջիկա օրերին հացադուլ կհայտարարի:
«Որպես նախագահի թեկնածու՝ իմ մասով ամեն ինչ կանեմ, որ կեղծիքները նվազագույնի հասնեն: Հարցին արմատական է մոտենում Անդրիասը, եթե առաջին օրերին բարեկիրթ խոսեր, շատ հարցերում… բայց իմ ասածը չանեք, Սերժի մարդն եք ասելով՝ շատերին վանեց: Հիմա կարեւոր շեշտադրում է արել, հացադուլն օգտակար է, տարվա մեջ մի քանի օր անում եմ: Մտածում եմ՝ Անդրիաս Ղուկասյանը երկար պահի, համերաշխելով իր հետ՝ մի քանի օրով կմիանամ՝ համոզելով, որ միասին էլ ընդհատենք, բայց պայքարը շարունակենք»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:
Նրա խոսքերով, Ղուկասյանի հարցադրումները՝ ընտրակաշառք բաժանած կուսակցությունը պետք է ապօրինի ճանաչվի, շատ ճիշտ է:
Պարոն Հայրիկյանը նաեւ պատմեց, որ երեկ՝ քարոզարշավի առաջին օրը, իր գործընկերները, աջակիցները հիմնականում Երեւանում 20.000 թռուցիկներ, կարգախոսի հիշեցումներ, ծրագրային փաստաթղթեր եւ նորօրյա պատմության մոռացվող էջերից շարժանկարներով սկավառակներ են բաժանել, ունեցել է 4 ուղիղ եթեր. «Միաժամանակ նոր կարգախոսը ամրագրվեց որոշակի պաստառների վրա տեղադրելու համար: Եթե նախկինում Արարատի ֆոնի վրա էր, հիմա նախագահական նստավայրի ֆոնի վրա պատրաստվեց, բովանդակությունը՝ անկախության առաջնորդը անկախ Հայաստանի նախագահ»:
Նա չբացատրեց, թե ինչու է Արարատի պատկերը փոխվել նախագահական նստավայրի ֆոնով. «Դա թողնում ենք ձեր հայեցողությանը, որ դուք մտածեք՝ ինչու է արված»:
Անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասածներին, թե հեշտ չէ մրցել Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ, նա չհամաձայնեց, թե այդ ասելով՝ ՀՀ նախագահը իրենց քարոզչությունն է արել:
Այս փուլում իր դիրքերին անդրադառնալով՝ պարոն Հայրիկյանը նաեւ ասաց, որ իրենց կատարած հարցումների արդյունքում Սերժ Սարգսյանը տոկոսային հարաբերությամբ հանրապետականներին ձայն տվածներից ավելի քիչ ձայներ է այս ընտրություններում ստանալու, քան ՕԵԿ-ականներին ձայներ տվածներից: Ըստ իրենց հարցումների, Հայրիկյանին նախընտրել են ընտրողների 7-14 տոկոսը, Սերժ Սարգսյանին՝ 30 տոկոսը. « Րաֆֆի Հովհաննիսյանին իմից մի քիչ բարձր: Բայց մասնագետներն ասել են՝ պարոն Հայրիկյան, մի հենվեք այդ հարցումների վրա: Առաջիկա շաբաթներին լուրջ հետազոտություններ կանենք»: