Category: Հրապարակումներ
Published on 01 March 2014
Print

Մայդանում հանրահավաք էր, իսկ այսօր Ազատության հրապարակում լեւոնահավաք է: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Ազատության հրապարակում նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ ի պատասխան լրագրողներից մեկ հարցի, թե արդյոք հնարավոր է, որ այսօր Ազատության հրապարակում Մայդան տեղի ունենա: Նշենք, որ Պարույր Հայրիկյանն իր կողմնակիցների հետ երթով մտել է Ազատության հրապարակ: Նա նշեց, որ ժամանելով Ազատության հրապարակ, իրենք միանում են ոչ թե ՀԱԿ-ի հանրահավաքին, այլ ժողովրդին:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԱԻՄ-ականների եւ ՀԱԿ-ի կողմնակիցների միջեւ կոնֆլիկտ ու հրմշտոց տեղի ունեցավ, որը, սակայն, հարթվեց: ԱԻՄ-ականների ձեռքին կան պաստառներ հետեւյալ գրառումներով. «2008թ մարտի 1-ը 1996թ սեպտեմբերի 26-ի շարունակությունն է», «Մարտի 1-ի կուսակցական շահարկումը անբարոյականություն է» եւ այլն:

Հիշեցնենք, որ ուղիղ 6 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին, Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, որոնք խլեցին 10 մարդու կյանք: 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք տեւեցին 10 օր: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրեց Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:

Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում՝ 2 զինծառայող: Զոհերն էին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ  Համլետ Թադեւոսյանը: Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: Իշխանությունները տեղի ունեցածը համարեցին զանգվածային անկարգություններ:

Աղբիւր՝ News.am

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>