Չարիքի դաշնակիցները սուտն ու կեղծիքն են։ Ես ուրախ եմ, որ կրքեր բորբոքուեցին ու մոլորութեան մէջ գցուած մարդիկ սթափ վերլուծութիւններ կատարելու հնարաւորութիւն ստացան։ Հստակ յայտարարել եմ՝ նա, ով ասում է կամ ասում էր, որ յունուարի 31-ին իմ վրայ կրակոց չի եղել, նա սրիկայ է։ Ուրիշ ոչինչ․ խօսքս որոշակի փաստի եւ միայն փաստի մասին է։
Եթէ մէկը չի ենթարկուել դաւադիրների խաղերին ու նման բան չի ասել, մտահոգուելու բան չունի։ Իսկ եթէ ասել է ու չի զղջացել իր ստի համար, ուրեմն իսկապէս սրիկայ է։ Եւ սա ասելն իմ պարտքն էր։ Թող հրապարակաւ ասեն, որ սխալուել են, որ ընկել են ազեցութեան տակ ու զղջում են, եւ ես ինքս ներողութիւն կխնդրեմ խիստ արտայատուելուս համար․․․Թէ չէ, ի՞նչ է ստացւում․ իրենք կարող են օտար պետութեան պաշտոնեայի հրահանգով ինձ վիրաւորել, իսկ իրենց կարգի հրաւիրելս անթոյլատրելի՞ են համարում, այսինքն՝ ես ինձ սրիկաներից պաշտպանելու իրաւունք չունե՞մ։ («Կրակոց չի եղել», նշանակում է՝ ես ամենայետին արարածն եմ, որովհետեւ ստել եմ ու խաբել հարազատներիս, ընկերներիս, ոստիկանութեանը, բժիշկներին, կարճ ասած՝ ամբողջ աշխարհին)։
Իսկ այդ կնոջ հիստերիային չեմ անդրադառնայ․ միայն խորհուրդ կտամ իր «երկարալեզու» ամուսնու պաշտպանութեամբ ասպարէզ գալիս նկատի ունենայ, որ լրացուցիչ խայտառակում է նրան։
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։