Category: Հրապարակումներ
Published on 01 February 2013
Print

Փետրվար 18-ին նշանակված նախագահի ընտրությունները, որոնց արդեն որոշ շրջանակներ կնքել են «ոչ մրցակցային», «անհետաքրքիր», «կանխորոշված» որակումներով, անսպասելի ընթացք են ստանում: 

Հունվարի 21-ին մեկնարկած քարոզարշավի երկրորդ շաբաթվա կեսին` հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երեւանի կենտրոն վարչական շրջանում (Երեւանի Տպագրիչների 9 հասցեում) մահափորձ իրականացվեց նախագահի թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի դեմ հենց նրա տան մոտ, ինչից հետո նա անմիջապես տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Դեպքից հետո ժամեր պահանջվեցին, որ հստակ դառնա, որ Պարույր Հայրիկյանին հրազենային վնասվածք հասցվել է ոչ թե որովայնի կամ կրծքավանդակի շրջանում, այլ աջ անրակի հատվածումոչ թե երկու, այլ մեկ կրակոցից, նրան ոչ թե անհապաղ վիրահատում են, այլ հետազոտություններից հետո պատրաստում են վիրահատության, կամ էլ անգամ դեռեւս պարզ չէ` վիրահատության անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ, հիվանդի վիճակը ոչ թե ծայրահեղ ծանր է, այլ միջին ծանրության, եւ այսպես շարունակ:

Լրատվական դաշտում այսպիսի քաոսը միայն լրագրողական անարհեստավարժության կամ անփութության հետեւանքով չի լինում: Նրանք, ովքեր բախվել են նմանատիպ իրավիճակների, հրաշալի գիտեն, որ նաեւ ինֆորմացիոն օպերացիաներ են իրականացնում` հրապարակ նետելով տարբեր, հաճախ հակասական տեղեկություններ հասարակական-քաղաքական վերաբերմունքը հետախուզելու, հանրային քննարկումներն ուղղորդելու եւ անելիքները ճշգրտելու նպատակներով…

Եթե Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի պատճառները անձնական-կենցաղային հողի վրա չեն, ապա մինաշանակ է, որ կրակել են ոչ միայն նախագահի թեկնածուի, քաղաքական գործիչի վրա, ավելի ստույգ` մահափորձ են իրականացրել ոչ միայն նրա, այլեւ նախագահական ընտրությունների դեմ:

Պատահական չէ, որ դեպքից րոպեներ անց սոցիալական ցանցերում տարածվեց ՀՀ սահմանադրության 52-րդ հոդվածը, որի համաձայն՝ «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը»:

Ինչո՞ւ ՀՀԿ-ը շտապեց իր գնահատականներում

Դեպքից անմիջապես հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Պարույր Հայրիկյանին տեսակցելու շտապած ՀՀԿ եւ ՀՀ ղեկավարությունը ապշեցրեց իր հայտարարությունների ուղղվածությամբ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե «առաջին հերթին սա հարվածում է իշխանությանը եւ պետականությանը»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «խորհրդարանական մեծամասնությանՀՀ իշխանությունների, իշխող քաղաքական ուժի» անունից դատապարտելով կատարվածը, այն որակեց «սադրանք` ուղղված իսկական, խաղաղ, ժողովրդավարական գործընթացների դեմ, ինչը ուղղված է նաեւ մեր(իշխանության-հեղ.) դեմ», նաեւ շեշտեց, որ «այստեղ տեսնում եմ հստակ սադրիչ գործողություն թափանցիկ, ժողովրդավարական, ազատ ընտրությունների դեմ», «որի հարցում ամենաշահագրգռվածը մենք ենք»: 

Էլ ավելի հեռուն գնաց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով եւս, դատապարտելով կատարվածը, անբացատրելի կերպով «համոզված է, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի այս հանցագործությունը դատապարտվի. բացահայտվի, եւ կբացահայտվի», «որպես իշխանություն` ամեն ինչ անելու ենք, որ բացահայտվի»: Ինչպես նաեւ նա գնահատական հնչեցրեց, թե արարքը «ուղղված է ժողովրդի դեմ», «այս կարեւոր պահին տեսնելով, որ ընտրությունները, քարոզարշավը ընթանում է շատ բարձր որակով, օրենքի համաձայն»«այս քայլը, իրոք, միտումնավոր քայլ է եւ ուղղված է իշխանության դեմ` ձախողելու, ապակայունություն ստեղծելու երկրում», եւ «համոզված եմ, դա չի հաջողվելու հանցագործին ու նրա թիկունքում կանգնած քաղաքական ուժերին»: Սակայն Աբրահամյանը հրաժարվեց տալ «կասկածվող» քաղաքական ուժերի անունները: Խոսելով ընտրությունների վրա այս մահափորձի ազդեցության մասին՝ նա նշեց, թե դրանց հետաձգումը «օրենքը չի բացառում, եւ մեր թեկնածուի վիճակը ցույց կտա` եթե ապաքինվի, ապա կշարունակենք»:

Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ֆեյսբուքյան իր պատին գրառում կատարեց հետեւյալ բովանդակությամբ. «Պարույր Հայրիկյանի վրա կատարած մահափորձի բացահայտումը պահանջում է դեռևս հին հռոմեացիներին հուզող հարցի պատասխան` ԻՍԿ ՈՒՄ ԷՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ: Ինչ նպատակներ էին հետապնդում հանցագործները, դժվար չէ կռահել` ա. իրավիճակի ապակայունացման փորձ, բ. ընտրությունների ստվերման փորձ, գ. միջազգային գնահատականները սաստկացնելու փորձ, դ. նոր ընտրությունների նշանակում /թեկնածուի, Աստված հեռու պահի, մահվան դեպքում ըստ Ընտրական օրենսգրքի հոդված 98 կետ 3/»:

Առանց խորքային վերլուծության էլ նկատելի է, որ ՀՀԿ ղեկավարության հայտարարությունները ավելին են, քան գնահատականը: Դրանք մատնանշում են հանցագործության թիրախը, ըստ որում` անբնական վստահությամբ ցուցանում են մահափորձի եւս մեկ թիրախի/զոհի: Այն, որ այս մահափորձը ուղղված է պետականության, ժողովրդի, ընտրությունների դեմ, անվիճելի է: Սակայն չի կարող աչքի չզարնել, թե ինչպես է իշխանությունը հետեւողականորեն իր անունն ավելացնում դրանց կողքին` իր համար ստեղծելով ալիբի, թե երկրում իրենք են ամենաշահագրգռվածը ազատ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների անցկացման, առանց «շինծու լարվածության» հանգիստ քարոզարշավի ու հանդուրժողականության հարցում, եւ ահա, հանցագործը, ի դեմս իր թիկունքում կանգնած քաղաքական ուժերի, փորձում է ստվեր նետել ընտրությունների վրա, անգամ հետաձգել կամ չեղյալ համարել դրանք ու հասնել նոր ընտրությունների:

Առայժմ անպատասխան հարցեր են ծագում իշխանության այսպիսի պահվածքից. ինչո՞ւ է իշխանությունը իր համար նման ալիբի ստեղծում… Մի՞թե իշխանությունը ավելի մեծ շահաբաժին չէր ստանա այն PR-ից, որը օբյեկտիվորեն ստեղծվելու էր ոճրագործության առնչությամբ, եթե հայտարարեր, որ մահափորձն ուղղված է ընտրությունների, ժողովրդավարական գործընթացների, պետականության ու ժողովրդի դեմ, ինչի հետ համաձայնել չես կարող, եւ ուղղակի արագ բացահայտեր հանցագործությունը, իր անունն էլ չտար որպես զոհ:Մի՞թե ավելի տրամաբանական չէ, որ եթե հանցագործության թիրախներից մեկը իշխանությունն էր, ինչպես իրենք են պնդում, ապա այդ դեպքում մահափորձը կիրականացվեր իշխանության ներկայացուցիչի կամ նրա թեկնածուի, այլ ոչ թե Պարույր Հայրիկյանի դեմ…

Բայց իշխանության ներկայացուցիչները, ալիբի ստեղծելուց զատ, ցուցանում են, թե ո՞ր եւ ո՞ւմ ուղղությամբ մտածել… Ըստ որում, տասնյակ աղմկահարույց սպանությունների բացահայտման հարցում ձախողված իշխանությունը անբնական համոզվածություն ու վստահություն է հայտնում, որ հանցագործությունը կբացահայտվի եւ գիտի, թե ում էր դա ձեռնտու… Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը գիտի, թե ո՞վ է կատարել հանցագործությունը (գիտեր նախապատրաստվող հանցագործության մասին, բայց չի կանխել), թե՞ ցանկանում է, որ նա կատարած լինի: Ինչո՞ւ է իշխանությունը ջանում, որ այդ ամենում իրեն կասկածող չլինի՞: Չէ՞ որ ոչ մեկ չէր էլ հասցրել կասկածել… Այդ դեպքում, ինչո՞ւ է իշխանությունը ջանում, որ իրեն չկասկածեն…  

Իրավիճակը բավական նման է 1999թ. հոկտեմբերի 27-ի քաղաքական ահաբեկչությունից հետո ստեղծվածին, երբ ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վ.Պուտինը դեպքից հետո հայտարարեց, թե «սպանվել են Ռուսաստանի բարեկամները», իսկ նույն օրը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթն էր Երեւանում` նախագահական նստավայրում հանդիպել թե նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե զոհեր Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի հետ` «պարզելու համար նրանց վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակի վերաբերյալ»: Եւ այս ամենը հանգեցրեց տարատեսակ վերլուծությունների, թե աշխարհի որ գերտերությանն էր ձեռնտու Հայաստանի քաղաքական ղեկավարության սպանությունը` այն կապելով Արեւմուտքի ու ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Իսկ Վ.Պուտինն արդեն ուղղորդել էր, թե ո՞ւմ եւ ո՞ր ուղղությամբ չմտածել... Նույն ձեռագրով Ռոբերտ Քոչարյանի թիմն էր կատարվածը որակում իբրեւ պետականության/իշխանության դեմ ուղղված հանցագործություն եւ ալիբի ստեղծում իր համար…  Արդյունքում անգամ ՀՀ առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց համախմբվել իշխանության շուրջը… 

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից ժամեր անց շրջանառության մեջ դրվեցին ամենաանհավանական վարկածները`ակնարկելով հանցագործության  թե ներքին հետքի, թե արտաքին հետքի (նախագահի թեկնածու Արման Մելիքյան կոչ արեց մահափորձը գնահատել կենցաղայինից մինչեւ թուրքական միջամտություն) մասին: Բոլոր վարկածներն էլ տեղավորվում են «իսկ ու՞մ էր դա ձեռնտու» հարցադրման շրջանակներում: Մինչդեռ, հայտնի բան է, որ քաղաքականության մեջ ինչ-որ բան կարող է ձեռնտու լինել շատերին, բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ դրա կատարողներն են: Այլ կերպ ասած` եթե անգամ այդ երեւույթի հանդեպ տարբեր սուբյեկտների դիրքորոշումներ նույնական են, ապա դրա տակ ընկած շահերը կարող են արմատապես տարբեր լինել: Հետեւաբար, այն, ինչին կանդրադառնանք վերլուծության շարունակության մեջ, ոչ մի կերպ չի խախտում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը, չի պատասխանում «ո՞վ  կրակեց» հարցադրմանը:  Բայց օգնում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում մեր երկրում այդ կրակոցից հետո եւ ի՞նչ պետք է սպասել…  

շարունակելի 

Ստեփան Սաֆարյան
Քաղաքական վերլուծաբան

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>