Category: Հրապարակումներ
Published on 22 November 2013
Print

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակալության նախագահ Պարույր Հայրիկյանը այսօր՝ լրագրողների և քաղաքական գործիչների մասնակցությամբ «Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով քննարկմանը, հայտարարեց, որ Հայաստանը պետք է «կարգի հրավիրի» Եվրամիության պաշտոնյաներին, հիշեցնի, որ նրանք պարտավորություններ ունեն Հայաստանի հանդեպ:

«Հիշեցնենք դիվանագիտական կառույցներին, որ նախագահը շատ բան է արել, որ հայտարարել է (Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ցանկության մասին – խմբ.)»,- ասաց Պարույր Հայրիկյանը՝ հասկացնել տալով, որ դա Հայաստանի ինքնիշխան պետության հայտարարությունը չէ:

ԱԻՄ առաջնորդը, նաև հղում անելով պաշտոնական Երևանի այն հայտարարություններին, որ մենք չենք ցանկանում հրաժարվել ԵՄ–ի հետ համագործակցությունից, նշեց, որ ավելին՝ սկզբնական շրջանում ասվում էր նաև, որ չենք ցանկանում հրաժարվել Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից: Ուստի, Պարույր Հայրիկյանը առաջարկեց, որ ԵՄ–ն մեզ հրավիրի՝ Վիլնյուսում նախաստորագրել ԵՄ ասոցացման տեքստը, «մինչև որ տեսնենք՝ ՄՄ-ն իրեն ոնց կպահի»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս համամիտ է, որ սա միայն նախագահ Սերժ Սարգսյանի, բայց ոչ հայ ժողովրդի ցանկությունն է, մի քանի պատճառ ներով: Նախ, որովհետև, Արմեն Մարտիրոսյանի արձանագրմամբ՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ո՛չ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի, ո՛չ, 2012–-ի խորհրդարանական ընտրություններին ՄՄ-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարությամբ հանդես չի եկել:

«Նախագահական ընտրություններին եղան կեղծիքներ, ընտրագողություն, ձայնագողություն, և նա դե ֆատկո նախագահ է, բայց վստահությունը չունի, որպեսզի ժողովրդի անունից կարողանա հայտարարել, որ հայ ժողովրդի ցանկությունն է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ գործող նախագահը ո՛չ հասարակական, ո՛չ քաղաքական որևէ լեգիտիմություն չունի հայ ժողովրդի անունից նման հայտարարությամբ հանդես գալու:

«Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ սրանում մեղքի մեծ բաժին ունեն եվրոպական կառույցները, այդ թվում նաև «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը», որի դիտորդ անդամ են ինչպես «Ժառանգությունը», այնպես էլ իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունները:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը հավելեց, որ այս կառույցները, ինչպես նաև զանազան միջազգային ֆինանսական կենտրոնները մինչև սեպտեմբերի 3-ը ամեն ինչ արել էին գործող իշխանությանը ուժեղացնելու, իսկ ընդդիմությանը թուլացնելու համար:

«Քանի որ նրանք, պաշտպանելով կեղծիքները, այնպիսի վիճակ ստեղծեցին, որ հասարակությունը հարցներ՝ բա սրա՞նք են եվրոպական արժեքները, ժողովրդավարությունը, նորմալ ընտրությունները, էս ո՞ր քաղաքական ուժին են պաշտպանում, ո՞ւմ են բազմամիլիոն գրանտներ տալիս և, եվրաստանդարտները երկակի ստանդարտների են վերածվում»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության» նախկին պատգամավորն հիշեցրեց, իրենք մշտապես ԵՄ-ին զգուշացրել են՝ «բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չդնել»: Նա ավելորդ չհամարեց հիշատակել, որ 2018 թվականին ԵՄ-ի հետ ասոցացման շրջանակներում մերձենալու էինք աշխարհի ամենամեծ շուկային՝ եվրոպականին ու ամերիկյանին միասին:

«Ասում են՝ մեր կոնյակը արտահանենք Մաքսային միության տարածքների շուկաներ, եվրոպական շուկայում ծախեի՛ք, Եվրոպա գնայիք, սիրուն պայմանագրեր կնքեիք, ոչ թե Ռուսաստան խոպան գնայիք»,-ավելացրեց նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանը նկատեց, որ յուրաքանչյուր պետության, անհատի ցանկությունը ավելի բարձր նշաձող վերցնելն է:

«Իսկ մենք սրանով նշաձողն իջեցրինք մինչև հատակի մակարդակ, որի տակով սողալով պետք է անցնենք»,- ասաց Արմեն Առաքելյանը՝ նշելով, որ ՄՄ անդամ պետություններում ժողովրդավարությանը, և բազմաթիվ այլ ոլորտներին առնչվող համակարգերը շատ ավելի ցածր մակարդակ ունեն:

 

Աղբիւր՝ Tert.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>