Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնելու է Սոչի, որտեղ մասնակցելու է ձմեռային օլիմպիադայի փակման արարողությանը: Տիգրան Սարգսյանը նաեւ հանդիպում է ունենալու Մեդվեդեւի հետ: ՀՀ վարչապետին այդ այցի ժամանակ ուղեկցելու են այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության թղթաբանության համար:
Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանությունը խնդիր է դրել որքան հնարավոր է արագ պատրաստել այդ թղթերը, եւ սահմանել է գերարագացված ռեժիմ: Այս արագությունը խիստ զարմացրել է Ռուսաստանի եւ Մաքսային միության համապատասխան պաշտոնյաներին, որոնք անթաքույց հեգնանքով հայտարարում են, թե «տպավորված են Հայաստանի փութաջանությունից»:
Ըստ ամենայնի, Մեդվեդեւի եւ Տիգրան Սարգսյանի հանդիպմանը քննարկվելու է հենց ՄՄ անդամակցության հարցը, եւ ՀՀ վարչապետը զեկուցելու է արագացված ռեժիմի արդյունքների մասին: Պետք չէ կասկածել, որ Մեդվեդեւը նույնպես տպավորված է լինելու այդ արդյունքներից, քանի որ ՄՄ մյուս անդամներն ու թեկնածուներն անընդհատ ինչ որ պահանջներ են դնում:
Հայաստանը որեւէ պահանջներ չի դնում, Հայաստանը համաձայն է ամեն ինչի: Չի եղել մի դեպք, երբ Հայաստանը որեւէ հարցում որեւէ մտահոգություն հայտնի: Օրինակ, Տիգրան Սարգսյանը եւ տնտեսական բլոկի նախարարները գրեթե անթաքույց խոսում են ՄՄ վտանգների մասին ու հայտարարում, որ ոչինչ, մեկ է, մեզ օգուտ է: Սերժ Սարգսյանն էլ է ասում, որ դա բխում է ազգային շահից:
Տարօրինակ հերթական վիճակն է ստեղծվել հայ-ռուսական «հարաբերություններում»՝ ռուսները «զզվում» են հայերից, հայերն էլ ճակատները պնդացրած՝ գերարագացված ռեժիմով ընդառաջ են գնում ռուսական նախաձեռնություններին, կարծես ասելով՝ «էս ա՞ ուզածներդ, դե առեք-գլխներիդ տվեք»:
Թե ինչ ավարտ կունենա այս խեղկատակությունը, դժվար է ասել: Երեւում է՝ հայկական կողմը համառորեն կշարունակի այն, որովհետեւ այլ ելք չունի: Ինչ վերաբերվում է ռուսական կողմին, հնարավոր է Մոսկվայում որոշեն վերջ տալ խեղկատակությանը՝ Ուկրաինան տանուլ է տրվել, մեծացել է Ռուսաստանի միջազգային մեկուսացվածությունը եւ շրջափակումը, ռուսական տնտեսությունը հայտնվել է մեղմ ասած դժվար վիճակում: Արեւելքից էլ սկսել է չինական հզոր էքսպանսիան: Այս պայմաններում, ՄՄ անդամները, մի կողմից, դառնում են տհաճ բեռ, մյուս կողմից՝ պոտենցիալ «այրվող» տարածքներ, պոտենցիալ մայդաններ, որտեղ մեծանում է միայն ատելությունն ու թշնամանքը:
Ըստ այդմ, այս ամենի ֆոնին հնարավոր է Մեդվեդեւը վերջապես Տիգրան Սարգսյանին կհայտնի տհաճ «գաղտնիքը»՝ Հայաստանը պետք չէ Մաքսային միությանը, այնտեղ ոչ ոք Հայաստանին չի սպասում: Եւ կհորդորի «արագացված ռեժիմով» պատրաստել հիմնավորումներ, թե ինչու չպետք է Հայաստանը անդամակցի ՄՄ-ին:
Մոսկվային ինչ պետք է՝ Հայաստանում արդեն հասել է՝ գազի ու ռազմաբազայի «հավերժությանը»: Իսկ Հայաստանին մնում է, որ «հանգուցալուծման» շեմին թղթերով ամեն ինչ կարգին լինի:
Եւ Մեդվեդեւն ըստ ամենայնի Տիգրան Սարգսյանին կասի՝ «փալաս մի եղեք»:
Աղբիւր՝ lragir.am