Category: Հրապարակումներ
Published on 23 February 2014
Print

Եթե Ռուսաստանն այսքանից հետո համարձակվի անմիջականորեն միջամտել Ուկրաինայի գործերին, դա կլինի ռուսական իմպերիալիզմի ձախողման սկիզբը։ Ես ուրախ կլինեմ, որ Պուտինը գլուխն այնքան կորցնի, որ որոշի հակադրվել առողջ բանականությանը և այդպիսի քայլեր ձեռնարկի: Tert.am-ի հետ զրույցում Ուկրաինայում ծավալված իրադարձությունները մեկնաբանելով՝ այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը:

 

-Պարո՛ն Հայրիկյան, տեսակետներ են հնչում, որ Ուկրաինան Եվրոպայի և Ռուսաստանի հակամարտությունների թատերաբեմն է դարձել: Դուք ի՞նչ կարծիքի եք՝ Ուկրաինայում 100-ին հասնող զոհերը հանուն ազատությա՞ն էր, թե նրանք զոհվեցին, քանի որ Եվրոպան ու Ռուսաստանը չեն կարողանում իրար մեջ բաժանել երկիրը։

 

-Պարզունակություն է այն միտքը, որ ասում են, թե Ռուսաստանի և Եվրոպայի հակամարտության հարց կա: Բոլորի համար ակնհայտ է, որ Եվրոպա չի նշանակում որևէ խաղի կամ շահի հետևից գնացող միություն, այլ արժեքներ, ապրելակերպ: Այլ բան է Ռուսաստանը, որը նշանակում է դիկտատոր Պուտին և նրա հիվանդագին հավակնությունները՝ Ռուսաստանի իմպերիայի վերականգնում և այլն, և այլն։


Ուկրաինացիներն իրենց ազատության, ազգային արժեքների համար են պայքարում, ի վերջո կարելի է ասել՝ իրենց հայրերի երազը իրականացնելու համար։ Այսօր Մայդանում տեղի ունեցող ծայրահեղական համարվող դրսևորումները հակադարձում են բռնապետական դրսևորումներին։

 

-Հնարավոր համարու՞մ եք Ուկրաինայի բաժանումը՝ ռուսաստանամետ և եվրոպամետ մասերի։

 

-Դա հնարավոր է, եթե Ռուսաստանը այսքանից հետո համարձակվի անմիջականորեն միջամտել, իսկ դա կլինի ռուսական իմպերիալիզմի ձախողման սկիզբը։ Ես ուրախ կլինեմ, որ Պուտինը գլուխն այնքան կորցնի, որ որոշի հակադրվել առողջ բանականությանը և այդպիսի քայլեր ձեռնարկի։ Ես ամաչում եմ, որ մենք այսօր ունենք իրենց քաղաքակիրթ կոչող լակոտներ, իսկապես լակոտներ, որ Ուկրաինայի ազատության համար տրված զոհերը համարում են եվրոպական խարդավանքի դրսևորում: Եվրոպան բոլոր ազգերից, այդ թվում նաև հայերից, մեկ բան է ուզում՝ հարգանք քաղաքացու նկատմամբ: Դա ներկայացնել, թե Եվրոպան ուզում է տիրել՝ անհեթեթություն է: Եվրոպայում վաղուց տիրել հասկացությունը վերացած է։

 

-Կարծում եք՝ Ռուսաստանը ձեռքերը ծալա՞ծ կնայի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։

 

-Ռուսաստանի իշխանություններին դուք ձեր հարցով արդեն գնահատեցիք շատ բացասական կերպարներով՝ կայսերապաշտներ, մարդկային լեզվով ասած՝ սրիկաներ: Այդպիսի հարցադրումն արդեն ցույց է տալիս, որ ՌԴ-ի իշխանություններն ամենաանմխիթար վիճակում են։ Իրենց ի՞նչ գործն է՝ Ուկրաինան ինչ ճանապարհով կգնա։


-Բայց նույն սկզբունքով եվրոպացիներն էլ են միջամտում, չէ՞ , մասնակցում բանակցային գործընթացին։


-Նրանք ընդամենն ասում են՝ հարգեք ձեր քաղաքացիներին, մարդու իրավունքները։ Նրանք այդ սկզբունքի շուրջ են համախմբվել, և 28 եվրոպական երկրները շատ հանգիստ են նայում այն բանին, որ օրինակ Իսլանդիան կամ Նորվեգիան չմիացան Եվրոպական միությանը։ Ւսկ այսօրվա Ռուսաստանը, օգտագործելով գաղտնի ԿԳԲ-ական ցանցը, քրեական տարրերում է նաև փորձում է իր գերիշխանությունը հաստատել, որպեսզի դառնա «սուպերդերժավա»: Ուրեմն եթե Ռուսաստանը գնա այդ ճանապարհով և իր շահերից խոսի Ուկրաինայի հետ առնչվող հարցերում, ապա ՌԴ-ն ինքն իրեն կհասցնի ամենածանր հարվածը, որի համար ես տխուր չեմ։


Ես խաղաղ մեթոդների կողմնակիցն եմ եղել միշտ, բայց Ուկրաինայում պայքարում են հանուն իրենց ազատության։ Հանուն ազատության դու պետք է պատրաստ լինես ամենամեծ զոհողությունների, ինչի մասին գրված է նաև հիմներգում։

 

-Այսինքն՝ դուք կողմնակից եք նույնիսկ զոհերի գնով նման արդյունքի:


- Եթե այսօր ուկրաինացիները այդպիսի հետևողականությամբ պայքարում են, չեն խորշում ուրիշ զոհեր տալուց, որը իհարկե տառապանք է պատճառում ամբողջ ուկրաինական ժողովրդին, ցույց է տալիս, որ չեն ուզում զոհերից խուսափելու գնով լինել կախյալ վիճակի մեջ, ուզում են այսօր տալ առավելագույնը, որպեսզի վերջնական ազատվեն ռուսական իմպերիալիզմ կոչվող չարիքից ու կեղծիքից։

 

-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է որ Հայաստանում իրավիճակի փոփոխություն տեղի ունենա, օրինակ՝ ուկրաինական դեպքերից Ռուսաստանը Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն աննպատակահարմար համարի:

 

-Իրավիճակ կարող է փոխվել, բայց ոչ միայն դեպի դրականը: Եթե ուկրաինական դեպքերի զարգացումը չհանգեցնի ՌԴ-ի ինքազսպմանը կամ նրա համամարդկային ուժերի չափավորմանը, ապա Ռուսաստանը ավելի մեծ վայրագությամբ իր դաժանությունը պետք է օգտագործի ՀՀ-ի նկատմամբ, մանավանդ որ ՀՀ-ում պետական կեցվածքով պետական այրեր չկան, այլ կան ստրուկներ։ Բոլորովին այլ կերպ կլիներ պատկերը, եթե գոնե եվրոպամետ ուժերը համախմբվեն, էլ չեմ ասում, առողջ բանականությամբ համախմբվեն Հայրիկյանի դրոշի ներքո, կամ էլ համախմբվեն և ինձ էլ հրավիրեն համախմբվելու։ Զարմանալիորեն Դավիթ Շահնազարյանը, Գայանե Առուստամյանը Ուկրաինայի Մայդանի աջակցության կոմիտե են ստեղծում և չգիտես ինչու առաջամարտիկին այդ հարցերում չեն էլ իրազեկում։ Բայց ես հետին թվով ասում եմ՝ ոչինչ, ձեր պես կոմպլեքսավորված չեմ, ես պատրաստ եմ միանալ։ ԱԻՄ-ն ամբողջ կազմով պատրաստ է միանալ, այսինքն մի քանի հազար ստորագրություն կարող էինք միանգամից բերել, բայց .. եթե համախմբվեին առողջ բանականությամբ, ապա կարող էինք իրավիճակ փոխել՝ չափավոր, զուսպ գործողություններով:

 

Կա ճանապարհ, միայն պետք է մեծամիտ ու բարդույթավորված չլինել, Հայաստանում կա քաղաքական ուժ, որը ընդունակ է ուղղորդել, աջակցել բոլորին։

 

-Իսկ առանց եվրոպացիների օգնության հնարավո՞ր է, քանի որ, ինչպես տեսանք, Ուկրաինայի պարագայում եվրոպացիները աջակցեցին Մայդանին։

 

-Մենք մարդկությունից առանձնացված երևույթ չենք: Այո՛, մենք պետք է եվրոպացիներին օգնենք, եվրոպացիները՝ մեզ, մենք պետք է ռուս դեմոկրատներին օգնենք, նրանք՝ մեզ: Ոչ ոք հայերին այդքան չէր օգնում, որքան Սախարովը, բայց նա ռուս էր: Այնպես որ, մենք այդ օգնությունը չպետք է որպես չարիք ընդունենք։ Մենք պարտավոր ենք իրար աջակցել։ Հայաստանը, Սովետական միության քայքայելուն նպաստելով, ամբողջ աշխարհի ազատագրմանն էր նպաստում, այսինքն՝ որքան նրանք են մեզ պատրաստ օգնել, այնքան մենք ենք իրենց օգնում։ Իհարկե, օգնության դեպքում մենք ավելի արդյունավետ կաշխատենք։

 

Եթե Ռուսաստանը դառնա ավելի դեմոկրատական, դա նաև Եվրոպայի շահը կլինի: Ռուսաստանը պետք է մարդկային դեմք ընդունի, ազատվի ռուսական իմպերիալիզմի որևէ դրսևորումից ու դառնա համաշխարհային ընտանիքի մի մասը։ Այդ դեպքում ոչ միայն մենք կազատվենք, այլ նաև ինքը՝ Ռուսաստանը։

 

Աղբիւր՝ Tert.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>