Category: Հրապարակումներ
Published on 16 March 2014
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպման համար մեղադրվող Վարդան Սեդրակյանին Ալիկ Աբրահամյանի ու նրա որդու՝ նախընտրական շրջանում նրա լիազոր ներկայացուցիչ Էդուարդ Աբրահամյանի առնչության մասին փաստող ձայնագրությունը, որ ներկայացրել էր «Առաջին լրատվական»-ը, թվում է՝ հիմք է տալիս ենթադրելու, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման մեջ Սեդրակյանին մեղադրելն ընդամենը չլուծված ֆինանսական հարցերի համար հաշվեհարդար է: Ինքը՝ ԱԻՄ առաջնորդը, սակայն, այդ կարծիքին չէ: 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նորից նշեց, որ իր նպատակը Սեդրակյանին անազատության մեջ տեսնելը չէ, սակայն ձայնագրությունը նրա անմեղության մասին չի խոսում: «Դրանից ակնհայտ է դառնում հակառակը. ասում են՝ փողը տվել ենք, որ Հայրիկյանին խփես, չե՞ս խփել՝ դե, հետ տուր: Դա է ինձ համար ակնհայտ: Ասում է՝ ֆինանսավորել ենք Հայրիկյանին խփելու համար»,- ասաց նա: 

Դիտարկմանը՝ ֆինանսավորել են նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի քարոզարշավը, Հայրիկյանը նշեց. «Էդ հեքիաթներին դուք հավատո՞ւմ եք: Մեկուկես միլիոն դոլար են տալիս, որ ինքը հինգ հազար դոլարի ծա՞խս անի: Եթե անմեղ զոհ է, ուրեմն ինքը պիտի արդարանա ու ազատվի, նույնիսկ մեղավոր վիճակում, ես ասել եմ՝ թող ազատվի:Էդ տեսակ ողորմելիներով լիքն է Հայաստանը, ինձ համար ի՞նչ նշանակություն ունի՝ մի հոգի ավելի նստած կլինի՞, թե՞ չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ գումարի դիմաց չարագործություն անելու պատրաստ լիքը մարդ կա Հայաստանում, թող մեկն էլ ավելի լինի: 

Ինքը՝ ԱԻՄ առաջնորդը, ասել ու ասում է՝ Սեդրակյանի նստելն իրեն պետք չի, ինքը չի նրան նստեցրել: Հայրիկյանը նշեց, որ իր համար սկզբունքային ու կարևոր է պարզել՝ աղբյուրը ո՞րն է. եթե աղբյուրը Ռուսաստանից եկած փողն է, իսկ Ռուսաստանում բոլոր փողերն, ըստ ԱԻՄ առաջնորդի, գոյանում են ԿԳԲ-ի նախկին գործակալական ցանցի, ՀԴԲ-ի, Պուտինի հովանավորությամբ, այլ փող Ռուսաստանում չի գոյանում, ուրեմն ռուսական իմպերիալիզմն էր իրեն սպանել փորձողը, իսկ թե՝ Սեդրակյանի միջոցով, ինչ-որ Աբրահամյանի միջոցով՝ մեծ հաշվով Հայրիկյանի համար տարբերություն չկա: 

Սեդրակյանից բացի՝ իրեն վնասել փորձող այլ անձինք չէի՞ն կարող լինել, այլ վարկածներ արդյոք չի՞ տեսնում՝ հարցին Հայրիկյանը պատասխանեց. «Այլ վարկա՞ծ՝ ինչո՞ւ չկա: Ես պանիկյոր չեմ, բայց հիմա էլի ինչ-որ բան կա, որ մարդիկ ուղղակի ասում են՝ քեզ թունավորել են, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել, այնպես որ՝ ոչ մի վարկած չեմ բացառում: 

Ռուսներն ուղղակի ուզում էին շատ փնթի ձևով անել, որ ասեն, թե դուք՝ հայերդ, փնթի ժողովուրդ եք, այ, էսպես փնթի ձևով կարող եք ձեր առաջնորդին խփել, թե չէ՝ ի՞նչ դժվար էր հինգ հատ «սնայպեր» դնել կամ էն դեղը՝ պոլոնիում գցել: Երբ Անգլիայի դեսպանն ասաց՝ բայց եթեԿԳԲ-ն ուզենար սպանել, կսպաներ, ասացի՝ մի անհանգստացեք, դեռ կսպանի, ինչո՞ւ եք անհանգստանում, դեռ կհասցնի»: 

Հետաքրքրվեցինք՝ արդյոք հիմա Հայրիկյանն իր անվտանգությունը երաշխավորված համարո՞ւմ է, ինչինի պատասխան՝ նա նշեց. «Սեդրակյանը ռուսական իմպերիալիզմի առաջնո՞րդն է, ինքը հերթական միջնորդներից մեկն էր, կարող է՝ վաղը ձեր հարևանին ոչ թե մեկուկես միլիոն տան, այլ ընդամենը տասնհինգ հազար, նա էլ իր բախտը փորձի, չնայած էս անգամ ես սկզբիցգանգը կցրեմ, էդպես չեմ թողնի»:

 

Աղբիւր՝ 1in.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>