Category: Ասուլիսներ
Published on 09 December 2012
Print

Այսօր Հայաստանում ամենից աւելի խօսւում է առաջիկայ նախագահական ընտրութեան մասին։ Այդ երեւոյթի քաղաքական բովանդակութիւնը խեղաթիւրւում է, մինչդեռ պէտք է արժեւորուէր ճշմարտացի իրաւագիտական, քաղաքագիտական վերլուծականով։ Որպէս կանոն գերագնահատւում է այդ ընտրութեան նշանակութիւնը։

Այդորակ ինքնախաբեութեան եւ մասնակի բերկրաթմբիրում են ոչ միայն անիրազեկ քաղաքացիները, այլեւ իրենց քաղաքական գործիչ կամ քաղաքագէտ համարող մարդիկ։ Ակնյայտ է, որ քաղաքական միաւորումների եւ նրանց ներկայացուցիչների հիմնական մասը լրջագոյն քաղաքական ակնկալիքներ ունեն այս ընտրութիւններից։

Իրականութիւնն այն է, որ Հայաստանում օրենսդիր եւ գործադիր իշխանութիւնների համար նախագահի ընտրութիւնը որեւէ փոփոխութիւն չի առաջացնի։ Խորհրդարանական մեծամասնութիւնը կմնայ մեծամասնութիւն, նրա կամքով ձեւաւորուող կառավարութիւնն էլ կշարունակի իր գործունէութիւնը։ Նոր նախագահը ուզի կամ չուզի, կհաստատի այդ կառավարութեան կազմը եւ եթէ իրեն խելոք չպահի, ապա ինքը կկանգնի հրաժարական տալու հրամայականի առաջ։ Այս է մեր քաղցր կամ դառը իրականութիւնը։ Վրաստանում մենք տեսնում ենք նման զարգացում։

Բաւական մեծ տարածում ունի աւազակավայել մի մտածելակերպ, ըստ որի նորընտիր նախագահի ճնշման ներքոյ խորհրդարանականների մի մասը իշխող մեծամասնութիւնից «առնետավազք» կսկսեն դէպի նախագահի թիմ։ Ճնշումը հակասահմանադրական երեւոյթ է։ Նրան ապաւինելը՝ աւազակաբարոյ նախասիրութիւն։ «Առնետավազք»-ի արդիւնքում ուժ դարձող ուժը պարզ չէ՞, որ ոչ թէ մարդկային արժեհամակարգ է ունենալու, այլ «առնետային»։
Նման իրավիճակում ես հորդորում եմ մեր բոլոր գործընկերներին ճիշտ պատկերացնել իրավիճակը եւ ըստ այդմ գործողութիւնների ծրագիր մշակել։ Կարեւոր է յիշել մի բան. «Եթէ ոչինչ անել չես կարող, ապա կարող ես գոնէ չստել, չխաբել ինքդ քեզ եւ քեզ հաւատացողներին»։
Նախագահի առաջիկայ ընտրութեան գերագնահատումը սխալմունք է, սակայն պակաս սխալմունք չէ թերագնահատումը։ Պէտք է պարզապէս հստակ պատկերացնել թէ ցանկալի յաջողութեան դէպքում ինչ իրավիճակում է յայտնուելու եւ ինչ խնդիրների առաջ է կանգնելու նորընտիր նախագահը։ Դա իրենց թեկնածու պատկերացնող երազողներից մի քանիսի ախորժակն էլ կմեղմի։
Իրավիճակը չթերագնահատելու մասին։ Ոչ հանրապետական թեկնածուի հաղթանակի դէպքում նախագահը պէտք է գիտակցի, որ ինքն ընդամենը բարոյեաքաղաքական լծակի է տիրանում եւ պիտի աշխատել կարողանայ մեծամասնութեամբ իրեն չաջակցող խորհրդարանական մեծամասնութեան հետ։
Նախագահը կամայ թէ ակամայ, գիտակցելով կամ հանգամանքների բերումով, ծրագրած կամ երկրորդ փուլի տրամաբանութեամբ միասնական թեկնածու է։ Շահեկան վիճակում են նրանք, ովքեր ի սկզբանէ գիտակցում են միասնական թեկնածուի կարեւորութիւնը եւ աշխատում են այդ ուղղութեամբ, ինչպէս դա տեղի ունեցաւ 1996 թուականին։ Եւ սխալ է միասնական թեկնածուին քաղաքական դաշտի այս կամ այն հատուածում, օրինակ՝ ընդդիմութեան միասնական թեկնածու որակելը։ 1996 թուականի օրինակով պէտք է խօսել ազգային համաձայնութեան, ազգային միասնական թեկնածուի եւ ապագայ նախագահի մասին, մանաւանդ որ նախահը չի կարող ազգի մի հատուածի նախագահը լինել։
Գալով ինձ՝ ես հստակ պատկերացնելով հնարաւոր զարգացումներն ու իրավիճակը, պատրաստ եմ արդէն մի քանի անգամ մեր ժողովրդին ծառայած իմ փորձառութիւնը եւս մէկ անգամ արդէն նախագահի պաշտոնում դնել իմ ժողովրդի տրամադրութեան տակ։ Հասկանալի է, որ յաջողութեան համար ես պէտք է երկուստեք արժանի լինենք իրար՝ ես մեր ժողովրդին եւ ժողովուրդը՝ ինձ։
Իմ դեպքում, ի՞նչ կարող եմ անել ես չունենալով խորհրդարանական մեծամասնութեան անմիջական աջակցութիւնը։ Ես հռետորական հարցով կպատասխանեմ. Իսկ երբեւէ ունեցե՞լ եմ այդ մեծամասնութեան աջակցութիւնը։ ՈՒնեցե՞լ եմ աջակցութիւն մեր ժողովրդի սեփականութիւնը դարձած անկախութեան հարցը բարձրացնելիս, ինքնորոշման ու հանրաքուէի կարեւորութիւնը շեշտադրելիս, ազգային բանակի շուտափոյթ ստեղծման անհրաժեշտութեան մասին շեփորելիս, սահմանադրութեան եւ սահմանադիր ժողովի, հետագայում սահմանադրական բարեփոխումների՝ խորհրդարանի եւ սահմանադրական դատարանի կայացման, երկքաղաքացիութեան ընդունման պահանջը բարձրացնելիս եւ այլն եւ այլն…
Որեւէ քաղաքական գործիչ պիտի հստակ ներկայացնի այն քաղաքական նպատակները, ծրագրերը, որոնք նրան տրամադրում, աւելին՝ պարտադրում են ձգտել դառնալ երկրի առաջին դէմք։ Այսօր, օրինակ, շատ է խօսւում վտանգաւոր՝ աղետալի չափերի հասնող արտագաղթի մասին, սակայն չի արձանագրւում, որ այդ երեւոյթը հետեւանքն է Հայաստանի ներքին բռնազաւթման՝ ժողովրդավարական, իրավական, ընկերային եւ ինքնիշխանական։ Որո՞նք են այդորակ խնդիրներն ինձ համար.
Առանցքայինն ու առաջնայինը՝ Հայաստանի պետական կառույցում համակարգային փոփոխութիւնների իրականացմամբ քաղաքացիների դերակատարութեան շեշտակի բարձրացումով մարդկանց երկրի տէրը լինելու իրողութեան եւ զգացողութեան կայացումով Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դարձնելու ծրագրի իրականացում։
Արտաքին քաղաքականութեան ոլորտում՝ ցեղասպանութեան հետեւանքների վերացման ռազմավարութեան որդեգրում, Արցախի ինքնորոշման հարցում հետեւողականութեան դրսեւորում Հարեւան պետութիւնների հետ բարի դրացիական հարաբերութիւնների եւ խաղաղ գոյակցութեան հաստատման ռազմավարութեան մշակում Ազգային արժեքային համակարգի՝ հայ առաքելական եկեղեցու, գիտութեան, մշակոյթի եւ կրթական համակարգի նկատմամբ հայեցի վերաբերմունքի դրսեւորում

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>