Aravot.am-ի հարցին, թե մի քանի օրից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վավերացվելու է Մաքսային միության անդամակցելու գլխավոր փաստաթուղթը, ի՞նչ երաշխիքներ կան, որ նախագահը հետ կկանգնի իր որոշումից, Պարույր Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Մեր բողոքի ակցիայի հիմնական նպատակն այն է, որ ազատախոհ մարդիկ իմանան, որ իրենք միայնակ չեն»:
Այս պահին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ նրա համակիրները նախագահի նստավայրի դիմացի մայթում, Հայաստանի եւ Եվրամիության դրոշները ծածանելով, բողոքի ակցիա են անցկացնում վանկարկելով՝ «ազատ, անկախ, Հայաստան»: Հանրահավաքի մասնակիցների թիվը մեծ չէ՝ մոտ երկու-երեք տասնյակ: Նշենք, որ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը մեկնարկեց Հանրապետության հրապարակից, որտեղից հանրահավաքի մասնակիցները քայլերթով եկան դեպի նախագահական: Երթի ընթացքում նրանց ուղեկցում էր Շտապ օգնության 1 բրիգադ եւ տասնյակ ոստիկաններ: Չնայած նրան, որ աշխատանքային օրն ավարտվել է Պարույր Հայրիկյանը իր ուղերձը նամակի տեսքով հանձնեց ՀՀ նախագահի աշխատակազմին: Ուղերձում, մասնավորապես, Հայրիկյանը կոչ է անում չեղյալ հայտարարել Մաքսային Միությանը միանալու որոշումը՝ պնդելով, որ այն հղի է մի շարք վտանգավոր հետեւանքներով:
Աղբիւր՝ Aravot.am