ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի գնահատմամբ, ընտրական հետաքրքիր փուլ է սկսվել, ու մի քանի շաբաթ առաջվա հուսահատական իրավիճակն էլ չկա:
Նրա կարծիքով, ընտրություններից առաջ քաղաքական դաշտը բավականին մաքրվեց: «Ես անգրագիտության վերացման դասընթացներ չեմ ցանկանա անել թեկնածուների համար, թեեւ նրանք դրա կարիքն ունեն»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Հայրիկյանն ու հպարտացավ իր ու իր թիմի առավելությամբ՝ «անցած ճանապարհ ունենք». «Գաղափարախոսական տեսանկյունից մենք մի մեծ առավելություն ունենք, եթե մյուսներն ասում են՝ կտան, մենք ասում ենք՝ կօգնենք իրացնել Աստծո կողմից տրվածը՝ ինքնորոշման իրավունքը: Մենք ժամանակին սկսել ենք ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության գործնական իրականացումը եւ հաջողվել է Հայաստանը դարձնել անկախ պետություն, բայց Հայաստանը միջազգային իրավունքին ենթակա է: Բոլորն են խոսում ժողովրդավարության մասին, բայց գաղափարներով հանդես եմ գալիս միայն ես»:
Պարոն Հայրիկյանը կրկին պնդեց՝ մրցակցային բարդ ընտրություններ են սպասվում, որովհետեւ դժվար է լինելու իր դեմ մրցել: Հետո էլ հավելեց՝ Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին մրցակից չի տեսնում. «Նրանք այն ժամանակ էլ էին իմ դեմ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում էին, նրանք այսօր էլ են իմ դեմ: Բայց ես նրանց իմ մրցակից չեմ տեսնում, նրանց իմ ընկերներն եմ համարում: Առանց Հայրիկյանի Հայաստան պատկերացնել ցանկացողները ցանկանում են Հայաստանը դառնա սերժորոշման, րաֆֆորոշման երկիր, իսկ ես ցանկանում եմ Հայաստանը դառնա ինքնորոշման երկիր»:
Պարոն Հայրիկյանը նաեւ անդրադարձավ իր ավելի վաղ հայտնած տեսակետին՝ ընտրություններին գումար վերցնողներն ու բաժանողները ոչխարներ են. «Սրտանց ներողություն եմ խնդրել աշխարհի բոլոր ոչխարներից, որովհետեւ դրամ տվողն ու բաժանողը հայրենիքն է վաճառում»:
Աղբյուր՝ Առավոտ