Category: Ասուլիսներ
Published on 12 January 2013
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստվում է 6 ամսվա ընթացքում սահմանադրական փոփոխություններ մտցնել: Այդ մասին հայտարարությունը նա արեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ հստակեցնելով նախագահ դառնալու դեպքում իր անելիքները, ասաց, որ «Եթե վեց ամսվա ընթացքում ես իմ ցանկալի արդյունքներին չհասնեմ, ժողովրդական ալիք կբարձրացնեմ, և երկու տարի հետո կլինեն սահմանադրական փոփոխություններ, ժողովրդի կողմից կընտրվի ԱԺ նախագահ, վարչապետ, դրանից հետո ես հրաժարական եմ տալու, որովհետև նախագահի պաշտոնն էլ եմ վերացնելու»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանի կարծիքով ով էլ այսօր նախագահ ընտրվի, ոչինչ անել չի կարող, նա պետք է լուծում գտնի խորհրդարանական մեծամասնության մեջ:

«Ես ցանկանում եմ դառնալ նախագահ՝ երկիրն ամենաժողովրդավարական դարձնելու, սահմանադրական փոփոխություններ կատարելու համար: Ես քաղաքական պայքարի եմ մտել ինքնորոշման իրավունքով»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:

Նախագահի թեկնածուի կարծիքով սրանք այն հարցերն են, որոնց մասով իր հետ կհամաձայնեն նույնիսկ իր ընդդիմադիրները:

«Այսօր հայ մարդը, Հայաստանի քաղաքացին զրկված է իր ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու իր իրավունքից։ Ես չեմ ուզում, որ այնպիսի Հայաստան լինի, որ մարդիկ ասեն, որ թող Հայրիկյանը որոշի, մարդիկ պետք է լինեն որոշումներ կայացնողի դերում: Փոքրամասնութան իրավունքները չպետք է ոտնահարվեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Խոսելով նախագահի այլ թեկնածուների մասին, Պարույր Հայրիկյանն ասաց, որ բոլորի հետ էլ պատրաստ է աշխատել հանուն ազգային անվտանգության, ժողովրդավարական և ազգային արժեքային համակարգի:
«Բոլոր թեկնածուներին ներկայացնում են իրենց նախկին պաշտոններով, այսինքն ոչ թե նրանով, թե մարդը ինչ գործեր է արել: Միայն մեկի մասին են խոսում նրա արած գործերով, ազգային զարթոնքին նպաստած ստեղծագործություններով: Դա Պարույր Հայրիկյանն է»,- ինքն իր մասին ասաց Պարույր Հայրիկյանը:

Աղբյուր՝ Թերթ.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>