1.Պարոն Հայրիկյան հայտրարություն կա, որ Դուք Նախագահական ընտրություններին առաջադրվելու համար պատրաստվում եք դրամահավաք կազմակերպել, ճի՞շտ է տեղեկությունը, թե՞ ոչ
2 Եթե այո, ապա.չընտրվելու դեպքում, հավաքված գումարը ի՞նչ եք պատրաստվում անել,
Առաջին Լրատվական
Ես չգիտեմ թէ ինչ յայտարարութիւն կայ, բայց որեւէ թէկնածու չի կարող աշխատել առանց դրամահաւաքի։ Խօսքն, իհարկէ, հասկանում եմ տուեալ դէպքում, քաղաքացիներից հաւաքուող դրամական միջոցների մասին է։ ԱԻՄ-ը՝ Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի, այլ ողջ կոմունիստկան կայսրութեան առաջին ժողովրդավարական կազմակերպութիւնն է (ստեղծուել է 1987 թ.) եւ բնական է, որ նա առաջնորդուել է ժողովրդավարական գործելակերպով։ Դեռեւս 90-ական թուականներին մենք դրամահաւաքի մշակոյթ էինք ստեղծել։ ԱԻՄ-ն ուներ դրամահաւաքի յանձնաժողով եւ դրամահաւաք խմբեր։ Այդ խմբերն այցելում էին բնակարաններ եւ ԱԻՄ-ի կարիքների համար մարդկանցից գումար էին հանգանակում։ Իւրաքանչիւր նուիրատու ստացական էր ստանում իր նուիրատւութեան վերաբերեալ։ Նրանց նաեւ գրականութիւն էր բաժանւում։ Ստացականի վրայ յանձնաժողովի պատասխանատուների հեռախօսահամարներն էին եւ իւրաքանչիւր անձ կարող էր ստուգելու համար կապ հաստատել։ Այդ գործելակերպը բաւական արդիւնաւէտ ծառայում էր ԱԻՄ-ին մինչեւ այն ժամանակները, երբ ընտրակաշառքը արմատաւորուեց որպէս քարոզարշաւի «միջոց»։ Դրամահաւաքը կարեւոր էր նաեւ նրանով, որ քաղաքացին զգում էր, որ այս քաղաքական ուժը սպասաւորի, իսկ ինքը տիրոջ կարգավիճակում է։ Ծառային պէտք է վճարել եւ վճարողը տէրն է։ Ընտրակաշառքի արմատաւորումով տեղերը փոխուեցին։
Նախընտրական նպատակով հանգանակուող գումարը որպէս կանոն նախընտրական գործունէութեան ընթացքում էլ օգտագործւում է։ Դժուար թէ այդտեղ միջոցների աւելցուկ կլինի, բայց եթէ այդպիսի բան տեղի ունենայ, ապա ես կվարուեմ օրէնքով նախատեսուած կարգով, այսինքն՝ հաւելեալ գուարը կամ կփոխանցուի պետական ծախսագումարին կամ բարեսիրական նպատակների։
Պ Ա Հ
9 նոյ. 2012թ.
Եթէ այս նիւթն արդէն ուղարկել էի, ներողամիտ եղեք երկրորդելուս համար։ Այժմ ուզում էի միայն տեղեկացնել, որ կիրակի օրը ժամը 20։30-ին ԱՐՄՆԻՒԶ-ով եւ 22։00 Շանթով պիտի երեւամ։ Որքա՞ն եւ ի՞նչ չափով, իրենք են որոշելու։
Վերջին ասուլիսի ժամանակ ասածս «ձեր դրամն իմ դրամն է» պատճառ է դարձել, որ ՉԻ-ն մի կատակ զրպարտագիր տպագրի առ այն, որ իբր Սերժ Սարգսեանն ինձ դատի է տուել այդ ասոյթն իրենից գողանալու համար...
Այսօր ստեղծուեց 14 հոգիանոց նախնական խումբը նախընտրական աշխատախմբի (Ես միայն այդքանին էի հրաւիրել։ Դրանք շուրջօրեա աշխատանքի պատրաստ անձինք են։) Հիմնականում զբաղուելու են հիմնական նախընտրական աշխատախմբի եւ կենտրոնակայանի (նաեւ ենթակառոյցների) ձեւաւորմամբ։ Վաղը տեսագրութիւնը կառաքեմ։
Լաւագոյն մաղթանքներ