Category: Հայտարարություններ
Published on 30 July 2016
Print

ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ 

30 յուլիսի, 2016թ.

«Յուլիսի 29-ի յանցաւոր իրադարձութիւնները դատապարտելը, նոր ձերբակալուածների անունները ներկայացնելը եւ նախկինում ազդարարուած քաղաքակն ծրագրերը վերստին մատուցելը կարեւոր են, բայց ոչ բաւարար։ Այս իրավիճակում պէտք է ամփոփել կատարուածը, քննարկել հնարաւոր զարգացումները, ճշտել մեր անելիքները մեր կարողականութեան շրջանակներում եւ գործել։ 

Սադրանքներով ուղեկցուած զանգուածային բռնարարաքները ցոյց են տալիս, որ դրանք կազմակերպւում են ժողովրդի ուշադրութիւնը հիմնական խնդիրներից շեղելու, պայքարի ազգային ազատագրական մակարդակը իջեցնելու, քաղաքացիներին վախեցնելու եւ ոստիկանական ուժերին բախումների մէջ քաշելով նրանց ամբողջութեամբ սեփական ժողովրդից օտարացնելու, բռնակալներին հաւատարմօրէն ծառայել պարտաւորեցնելու նպատակով։ Այս իրավիճակում պատահական մարդկանց, անկազմակերպ՝ կազմակերպական հենարան չունեցող անհատներին կամ միակուսակցական ուժերին վստահելը հղի են նոր ձախողումներով, եւ որն աւելի կարեւոր է՝ քաղաքացիների նոր հիասթափութիւններով։ 
Երբ Ռոբերտ Քոչարեանն ասում էր, որ ինքը ի տարբերութիւն Շեվարդնաձէի հրաժարական չի տայ, որովհետեւ իրենք ուժեղ են, ուժային համակարգում առաջատար դէմքը Սերժ Սարգսեանն էր։ Հիմա Սերժ Սարգսեանը Ռոբերտ Քոչարեանի տեղում նոյն մոլորութեան մէջ է։ Նրանք չգիտեն, որ սեփական ժողովրդից ուժեղ լինելու փորձը դէպի ինքնասպանութիւն տանող ճանապարհ է։ 
Համազգային աջակցութիւնը ցոյց տուեց, որ «Սասնա ծռեր»-ի բարձրացրած խնդիրներն ու նպատակները միայն իրենցը չեն։ Այսօր ամենայն պատասխանատւութեամբ կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսեանի վարչախումբը ու նրա վարած ազգադաւ քաղաքանութիւնը (Հայաստանը ռուսական գաղութի վերածելը, սահմանադրութեան հանրաքուէի կեղծումը եւ այլն) անընդունելի են հայութեան հիմնական մասի համար։ 
Իշխանութիւնների գլխաւոնր ուժը ընդդէմ խաղաղ ցուցարարների սադրիչներն են, որոնց դէմ պայքարելու քաղաքացիական միակ ուժը կազմակերպուածութիւնն է՝ կայացած կազմակերպական կառոյցների միջոցով։ Կուսակցութիւնները, կայացած քաղաքացիական շարժումները, մեծ հասարակական կազմակերպութիւնները, այսինքն՝ քսան (գոնէ տաս) պատասխանատու կարգադրիչներ տրամադրելու ընդունակ կառոյցներն են, որ կարող են կազմակերպուած իրականացնել հետագայ արիւնահեղութիւնը կանխելու եւ խաղաղ ցոյցերով ժողովրդի պահանջները իշխանութիւններին ներկայացնելու նպատակները։
Դրանից ելնելով ԱԻՄ-ը կոչ է անում բոլոր այն ուժերին, որոնք ընդունում են ապստամբած «Սասնա ծռերի» ազգային ազատագրական պայքարի գլխաւոր գաղափարը, պատրաստ են լինել (կամ արդէն կան որպէս այդպիսին) նոյն գաղափարների քաղաքական կրողները եւ ունեն կազմակերպական ներուժ, կարող են անհապաղ, անմիջապէս ի մի գալ միասնական համակարգիչ խորհուրդ ստեղծելու նպատակով։ Դրա համար բոլորս պիտի ի զորու լինենք մոռանալ բոլոր հին ու նոր տարաձայնութիւնները, վիարաւորանքներն ու հիասթափութիւնները։ Դա է ժամանակի պահանջը։

Յ. Գ. Օրուայ հրամայականին ընդառաջ գնալու պատրաստ ուժերի ներկայացուցիչները կարող են կապուել հետեւեալ հեռախօսահամարներով՝ 093-30-07-09, 094 91 81 25։ 

 
Category: Հայտարարություններ
Published on 17 September 2015
Print

Ազատութեան հրապարակում նախապէս ժամը 16-ին իրազեկուած հանրահաւաքը ԱԻՄ-ը ոստիկանութեան հետ համաձայնեցնելով կսկսի ժամը 17-ից յետոյ,ինչի մասին տեղեկացված են նաեւ աջակիցները: Երկու նախագուշական ուղղերձներ են փոխանցուելու Սահմանադրական դատարան եւ Սերժ Սարգսեանին: cheap viagra uk

 
Category: Հայտարարություններ
Published on 30 January 2015
Print

ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Արցախում յունուարի 31-ին կայանալիք ավտոերթի առիթով

29 յունուարի 2015թ.

Ողջունելով ստեղծուած անմխիթար վիճակը փոխելուն ուղղուած իւրաքանչիւր ժողովրդավարական գործողութիւն, մասնավորապէս՝ Հիմնադիր խորհրդարանի յունուարի 31-ի ավտոերթը, ԱԻՄ-ն իր մտահոգութիւնն է յայտնում Արցախում կայանալիք այդ ավտոերթի առիթով սկսուած սադրիչ հակաքարոզչութեան կապակցութեամբ եւ կոչ է անում Արցախի պատկան մարմիններին անել ամեն ինչ Արցախի ժողովրդավարականութեանն անհարիր դրսեւորումները կանխելու եւ խօսքի ու հաւաքների ազատութեան, ինչպէս նաեւ՝ ազատ տեղաշարժի իրաւունքն ապահովելու համար։ 
Ժողովրդավարական իշխանութիւնների պարտքն է օժանդակել քաղաքացիներին եւ բոլոր միջոցներով կանխել ազատութիւնների իրացման ճանապարհին հնարաւոր սադրանքները։ Ակնյայտ է, որ ազգային անվտանգութեան գաղափարի շահարկմամբ որոշ շրջանակներ փորձում են այս ավտոերթը ներկայացնել որպէս անցանկալի, նոյնիսկ՝ վտանգաւոր երեւոյթ։ 
Ազատասէր Արցախի իշխանութիւններին պիտի ծանոթ լինի այդ ոճը բոլշեւիկեան ժամանակներից, երբ Հայաստանի հետ միաւորուելու արցախցիների ցանկութեանն ի պատասխան հայութեան մասին սադրիչ լուրեր էին տարածում՝ արդարասէր մարդկանց կոչելով ծայրահեղականներ՝ «էքստրեմիստներ»։ Մենք հաւատում ենք, որ Արցախի իշխանութիւնները հասկանում են, որ հայութեան անբաժանելի մաս արցախցիները նոյնքան իրաւունք ունեն հաղորդակից լինելու Հայաստանի ընդհանրական քաղաքական կեանքին, որքան միւսները, եւ այդ ընդհանրական կեանքը բաղկացած է ոչ միայն իշխանութիւններից, այլեւ՝ նրանց ընդդիմադիրներից։ 
Մենք չէինք կամենայ, որ «հայրենիքին այս աւտոերթով սպառնացող վտանգի» պատրուակով քաղաքացիների իրաւունքների սահմանափակման փորձը մեզ յիշեցներ այն հին ասոյթը, որ «ՍՐԻԿԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆ Է»։

ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 
Category: Հայտարարություններ
Published on 16 January 2015
Print

ԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդը իր յունուարի 15-ի նիստում յատուկ անդրադարձաւ Գիւմրի քաղաքում տեղի ունեցած սպանդին եւ արձանագրեց որ
ա) Հայասատանի բարձրագոյն իշխանութիւնների կեցուածքն համարժեք չէ ստետղծուած իրավիճակին։ Սերժ Սարգսեանի լռուութիւնն ու անտարբերութեան հաւասարազոր կեցուածքը՝ համահայկական սուգ չազդարարելը, բազմաթիւ քաղաքացիների արդարացի դժգոհութեան պատճառ դարձաւ։ 
բ) Տեղի ունեցածն ակնյայտօրէն ընդգծեց, որ խիստ կասկածելի է ռուսաստանեան այդ ռազմական հենակետի ընկալումը որպէս Հայաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգութեան ապահովմանն օժանդակող կառոյց։
գ) Արդարացուած է քաղաքացիների նախաձեռնութեամբ սկիզբ առած զանգուածային դժգոհութիւնը յանցագործութեան քննման ներկայ ընթացքի նկատմամբ։ Իհարկէ, հայկական արդարադատութեանը նախապատութիւն տալու մասին չէ խօսքը։ Ակնյայտ է, որ Հայաստանի տարածքում օտար պետութեան սահմանադրութեան գերակայութեան մասին բոլոր յայտարարութիւններն ուղղուած են հայկական պետութեան հիմքերի հիմք Հայաստանի սահմանադրութեան դէմ, իսկ մարդիկ հասկանում են, որ դա ոտնձգութիւն է մեր ազգային անվտանգութեան միակ երաշխաւորի՝ Հայաստան պետութեան նկատմամբ։
դ) Ռուսական բարձրագոյն իշխանութիւնների կեցուածքը՝ ցաւակցկան ելոյթի եւ երեւոյթի խստագոյն դատապարտման բացակայութիւնը նոյնպէս մտահոգիչ է։ 
եւ այս ամենով հանդերձ 
ե) ԱԻՄ-ը սխալ է համարում յանցաւոր զինուորի կամ զինուորների գործողութիւնների հիման վրայ այսօրուայ Ռուսաստանի գնայատումը։ Ռուսական իմպերիալիզմը (եւ ոչ միայն ռուսականը) այս դէպքից անկախ էլ վատն է եղել ու վատն է լինելու։ Իրողութիւններն ու երեւոյթները գնայատելիս պէտք է ի սկզբազնէ անաչառ ու սկզբունքային ելակէտ ունենալ, այլապէս կեանքի մշտական ուղեկիցները կլինեն խարխափումներն ու դժբախտութիւնները։ http://ca....a-canada/

 
Category: Հայտարարություններ
Published on 14 November 2014
Print

ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ-ի մաս դարձնելու գործընթացում ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դերակատարութեան վերաբերեալ


14 նոյեմբերի 2014թ., Երեւան


Հայաստանի եւ հայ ժողովրդի ռազմավարական կողմնորոշմանը վերաբերող եւ համաշխարհային հանրութեան տեսադաշտում գտնուող կարեւրագոյն հարցը Սահմանադրական դատարանում պէտք է քննուէր հրապարակայնօրէն։ Դրան հակառակ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՏՄ անդամ դարձնելոււ Սերժ Սարգսեանի եւ նրա տէրերի ցանկութիւնը Սահմանադրական դատարանը «գրավոր ընթացակարգ»-ի պատրուակով քննեց գաղտնիութեան պայմաններում։ Այդ դիրքորոշումն ինքնին հակասահմանադրական է՝ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրութեան ոգուն եւ տառին։
Սահմանադրութեան 19-րդ յոդուածի համաձայն « Յուրաքանչյուր ոք ունի ... իր գործի հրապարակային քննութեան իրավունք»։ Սահմանադրութիւնը, որեւէ օրենքի կամ պայմանագրի սահմանադրականութեան հարցը նախ եւ առաջ քաղաքացիների գործն է։ Խուսափելով խնդրի հրապարակային քննարկումից՝ ՍԴ-ն կասկածելի աշխատելաոճով, բնականաբար, չէր կարող ՀՀ Սահմանադրութիւնից բխող անաչառ որոշում կայացնել։

Ստեփան Զատիկեանի դատավարութեան առիթով յայտնի իրավապաշտպան Անդրեյ Սախարովը ժամանակին ընդգծել էր, որ առանց հրապարակային քննութեան հնարաւոր չէ արդարադատութիւն իրականացնել։
Առաջիկայ տարիներին, թերեւս տասնամեակներին հայ ժողովրդին «հակաքաղաքակրթական» ստորացուցիչ ընտրութեան առաջ կանգնեցրած ՀՀ իշխանութիւնները ՀՀ Սահմանադրական դատարանը վեր են ածել իրենց ազգադաւ քաղաքականութեան փաստաբանական ծառայութեան։
Մենք դատապարտում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի հակաիրաւական, հակասահմանադրական որոշումը, որն ուղղուած է հայկական պետականութեան, ինչպէս նաեւ՝ ՀՀ քաղաքացիների իրաւունքների դէմ։ Հայաստանի բարձրագոյն դատական իշխանութեան անունից հայ ժողովրդին ռուսական կայսերապաշտութեան կողմնակից 3 բռնապետների դաշինքին բռնակցելու որոշումը ոչ միայն հակասահմանադրական է, այլեւ՝ մեծագոյն դաւաճանութիւն սերունդների նկատմամբ։

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՒՈՐՄԱՆ 
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 
Category: Հայտարարություններ
Published on 17 October 2014
Print

ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ ԿՈՉ ՀՐԱՒԷՐ

ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ԹԵՐԹԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ վաւերագրական շարժանկար պատրաստելու գործին աջակցելու նպատակով, ԱԻՄ ՆԽ հոկտեմբերի 16-ի նիստում որոշուեց հանգանակութիւն սկսել։ ԱԻՄ ղեկավարութիւնը միաժամանակ կոչ է անում ազգային արժեքները գնահատող բոլոր հայերին՝ մասնակցել այդ հանգանակութեանը, նկատի ունենալով այն, որ «Անկախութիւն» թերթը․

Ա) «եղել է կոմունիստական կայսրութեան տարածքում հրատարակուած առաջին այլընտրանքային քաղաքական (ոչ միայն լրատուական) պարբերականը, որին վիճակուած էր այն ահասարսուռ տարիներին օգնել մարդկանց՝ ձերբազատուել բռնակալներին դաշնակից վախի զգացումից․

Բ) գիտական շրջանակներում ընդունւում է՝ որպէս ՀԱՅ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ԱՌԱՋՆԵԿ եւ, 1987-1989 թ․թ. լինելով միակ ոչ պետական պարբերականը՝ եղել է «արցախեան շարժման միակ ժամանակագիրը»․

Գ) բռնապետութեան տարիներին եղել է անկախութեան, ազգերի ինքնորոշման եւ ժողովրդավարական գաղափարների արմատաւորողը․

Դ) ժողովրդին նախապատրաստել է՝ ծանոթացրել, համախմբել եւ տարել ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ռազմավարական նպատակի իրականացմանը․

Ե) Արցախեան շարժման նախնական փուլում կարողացել է «Լենին, պարտիա, Գորբաչով» եւ «Ղարաբաղը մերն է» անիմաստ կարգախօսներով մոլորութեան մղուող մարդկանց օգնել հասկանալու, որ Արցախի հարցըլուծուելու է ոչ թէ «նամակ ռուսաց թագաւորին» գործելակերպով, այլ արցախցիների ինքնորոշմամբ․

Զ) արցախեան ցաւով ապրող մարդկանց ազատութեան գաղափարից հեռացնելու, նրանց փակուղային վիճակում պահելու դիտաւորութեանը հակադրել է՝ գործնակում իր կենսունակութիւնն ապացուցած «ԱՐՑԱԽԻՆԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՄԻԱՅՆ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ռազմավարութիւնը․

Է) եղել է՝ ժողովրդի կողմից ընտրուած նախագահ, ազգային բանակ, սահմանադրութիւն եւ այլ կարգախօս-նպատակների քարոզիչը եւ այլն․․․
«ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ» թերթը Հայաստանում իր գործունէութիւնն սկսած ազգային կազմակերպութեան Հայաստանածին առաջին պարբերականն էր։ Նրա անցած ճանապարհին ու դերակատարութեանը պէտք է ծանոթ լինեն բոլորը, ինչն էլ լինելու է շարժանկարի հիմնական նպատակը։
«ՆԱ՝ ՈՎ ՄՏՐԱԿՈՒՄ Է ԱՆՑԵԱԼԸ, ԱՊԱԳԱՅԻՑ ԳԵՐԱՆԻ ՀԱՐՈՒԱԾ Է ՍՏԱՆՈՒՄ»։

 
Category: Հայտարարություններ
Published on 26 September 2014
Print

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻՆ

26․09․2014, Երեւան

Դեռեւս ամբողջատիրութեան տարիներին ԱՄԿ-ԱԻՄ-ը եղել է Հայաստանում ազգային սահմանադրական կարգի հաստատման ջատագով եւ, յետեւողականօրէն ծառայելով այդ նպատակին, մշտապէս իր ուշադրութեան կիզակէտում է պահել ազգային սահմանադրութեան ընդունման, ապա եւ՝ բարեփոխման խնդիրները։ 2000-ական թուականներին «Ժողովրդավարութեան բանաձեւ»-ի որդեգրումից յետոյ սահմանադրական կարգի վերաբերեալ հայեցողական / նախասիրական/ պատկերացումներին որպէս այլընտրանք ԱԻՄ-ը ներկայացրեց գիտականօրէն հիմնաւորուած՝ ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վրա խարսխուած մի նոր հայեցակարգ։ Պայմանականօրէն ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ անունով ասպարէզ իջեցուած այս համակարգը արժանացաւ վեց կուսակցութիւնների հաւանութեանը եւ նրանց համահեղինակութեամբ ներկայացուեց ՀՀ Ազգային Ժողովին եւ ՀՀ նախագահին։ 
Վերջին ամիսներին ՀՀ նախագահի կողմից շրջանառութեան մէջ դրուած Սահմանադրական բարեփոխումների գաղափարը, որի առանցքում անցումն է, այսպէս կոչուած՝ խորհրդարանական համակարգի, ներկայացւում է որպէս այլընտրանք չունեցող առաջարկ։ Մեր նպատակն այն չէ, որ արձանագրենք այդպիսի պնդումների անազնիւ լինելը։ Մենք միայն կամենում ենք եւս մէկ անգամ՝ այս անգամ հրապարակաւ, ներկայացնել աւելի քան տաս տարի շրջանառաութեան մեջ գտնուող բացարձակ ժողովրդավարական համակարգը, որը ի դերեւ է հանում խորհրդարանական համակարգի անկատարութիւնը որպէս յետադիմական՝ քաղաքացիների՝ ժողովրդի, դերակատարութիւնը նուազեցնող համակարգ։
Մենք համոզուած ենք, որ մարդու իրաւունքների վրա խարսխուած, առաւել ժողովրդավարական, իշխանական ճյուղերի տարանջատումն իսկապէս ապահովող միակ համակարգը նախագահական համակարգն է՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՈՒԱԾ ա) վարչապետ-փոխվարչապետով, բ) բացարձակ ներկայացուցչականութիւն ապահովող խորհրդարանով, գ) վերադաս դատաւորներով եւ դ) վարչական միաւորների ղեկավարներով։
Ուզում ենք հաւատալ, որ այսուհետեւ կդադարեն բարբաջանքերի հաւասարազօր յայտարարութիւններն առ այն, թէ այլընտրանքային հայեցակարգ ներկայացուած չէ։
Կից ներկայացւում է՝ ա) ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի 2014 թ․-ի ապրիլի 12-ին ընդունած եւ հունիսի 14-ին ԱԻՄ համահաւաքի կողմից հաստատուած Յայտարարութիւնը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերեալ ( 12 օրինակ) եւ բ) այդ հայեցակարգի գաղափարախոսութիւնը ներկայացնող <<Դեպի Բացարձակ Ժողովրդավարութիւն>> աշխատութիւնը (12 օրինակ)։ 

ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ 
Պարոյր Հայրիկեան

 
Category: Հայտարարություններ
Published on 13 September 2014
Print

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆԻ ՄԱՄՈԼԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ԼՐԱՏՈՒԱՄԻՋՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2014Թ.

Սոյն թուականի սեպտեմբերի 7-ից Սերժ Սարգսեանի հրաժարականի յորդորով իմ բողոքի հացադուլն այսօր արդէն եզրափակում է իր 5րդ օրը։ Բողոքի այս միջոցառմանն առաջին օրուանից առանց հրապարակային ազդարարման միացել են ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխուած Վրէժ Զատիկեանն ու գործարար Սեւան Կալլոշեանը։ Ընթացքում մեզ միացան նաեւ վարորդ Հայկ Բաղդասարեանը, ճարտարագէտ Կարինէ Ստեփանեանը, Երունդ Փահլեւանեանն ու այլ անձինք։ Այսպիսով Սերժ Սարգսեանի հրաժարական անհրաժեշտութեան զգացումով հրաժականի հացադուլն այլեւս անհատական շեշտադրում չի կրում։ 

Այսօր Ազատութեան հրապարակում արդէն համատեղ գնայատական կտրուի իրավիճակին։ 

Մինչ այդ հարկ եմ համարում անդրադառնալ եւս մէկ դաւադրութեան, որ հայ ժողովրդի դէս նիւթում է Սերժ Սարգսեանն իր կամակատարների հետ։ Սահմանադրական բարեփոխումներ՝ ահա այդ դաւադրութեան պաշտոնական անուանումը։ 

Սրանք դժգոհ են ներկայ Սահմանադրութիւնից, այսինքն՝ իրենք իրենց ստեղծածի՞ց։ Չէ՞ որ այն ժամանակ թմկահրում էին, որ Եւրոպան էլ՝ Վենետիկի յանձնաժողովը գոհ է այդ նախագծից։ 9 տարի անց պարզել են, որ սխալուե՞լ են։ Այդ դէպքում ո՞ր է երաշխիքը, որ կրկին չեն սխալուի։ Եւ ինչու՞ են դիմում Եւրապայ. Չէ՞ որ իրենք ռուսական կողմնորոշում են որդեգրել։
Ասում են իրենց առաջարկած տարբերակին այլընտրանք չի ներկայացուած։ 6 կուսակցութիւններ համատեղ այդ այլընտրանքային գոնէ մի մասը ներկայցրել են եւ ԱԺ եւ Նախագահին, հանդիպումներ ենք ունեցել եւ քննարկել։ Խօսում են ժողովրդավարութեան մասին եւ երկու անգամ կրճատում են ժողովրդավարութիւնը նուզագոյնի հասցնելով քաղաքացու սեփական դերակատարութեան կարեւորութեան, երկրի տէր լինելու զգցումը։ Ապացո՞յց՝ ՀՀ իշխանութեան ճիւղեր ձեւաւորմանը մէ՞կ անգամ մասնակցել է աւելի ժողովրդավարական թէ երկու կամ երեք անգամ մսանակցելը։ Իսկ եթէ հարցնենք քաղաքացիներին, թէ որ ճանապարհի են աւելի ժողորդավարական համարում՝ ա) Հայաստնի նախագահին եւ գլխաւոր հրամանատարին ընտրում են ՀՀ քաղաքացիները եւ բ) Հայաստնի նախագահին եւ գլխաւոր հրամանատարին ընտրում են ՀՀ ԱԺ անդամ դարձած մարդիկ, ապա համոզուած կարող եք լինել 90 տոկոսը կարտայատուի ա տարբերակի օգտին։

Սեր յաջորդ հրապարակային հանդիպումը կլինի Սեպտեմբերի 21-ին՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼԸ ԴԱՒԱՃԱՆՈՒԹԻՒՆ Է կարգախօսով։

 
Category: Հայտարարություններ
Published on 08 September 2014
Print

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ԲՈՂՈՔԻ ՀԱՑԱԴՈՒԼԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

 

8 սեպտեմբերի 2014թ.



ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի վերաբերմունքն արտաքին քաղաքականութեան եւ միջազգային համագործակցութեան խնդիրներին այնպիսին է, ասէս, թէ խօսքը սուրճ կամ թեյ խմելու երկընտրանքին է վերաբերում։
Ընդամենը 3 շաբաթ անց նշելու են Սեպտեմբերի 21-ը որպէս ազգային մեծագոյն տօն։ Այո, ազգի ինքնորոշման հիմնարար իրաւունքի խորհրդանիշ Սեպտեմբերի 21-ը իսկապէս մեր մեծագոյն տօներից մէկն է, բայց այն իմաստազրկելու, մեր պատմութիւնը խեղաթիւրելով մեր ազգային մտածելակերպը հաշմելու նպատակով՝ «կագէբէ»-ի դրածոներն այդ օրը կոչեցին անկախութեան օր։ Այդ ճանապարհով արմատաւորում են այն կարծիքը, թէ գրեթէ 5000-ամեայ պետականութեան պատմութիւն ունեցող հայ ազգը միայն քառորդ դար առաջ է անկախութեան տիրացել։
Եթէ Սեպտեմբերի 21-ը նշում են որպէս անկախութեան օր, տեղին չէ՞ր մշտապէս յիշել, թէ ումից ենք անկախացել, ում հետ, մանաւանդ ստրուկի կարգավիճակով, չի կամեցել շարունակել իր ճանապարհը հայ ժողովուրդը։ Բոլոր պատմաբաններին ու քաղաքագէտներին յանձնարարուած է հայ ժողովրդի անկխութեան եւ ինքնորոշման գաղափարը կապել արցախեան շարժման հետ եւ մատուցել որպէս արցախեան գոյամարտի ձեռքբերում։ Դա միայն սխալմունք չէ․ դա դաւադրութիւն է, որի նպատակն է անկախութեան պայքարը նոյնացնել հայ-ազերիական հակամարտութեան հետ եւ մոռացութեան մատնել մեզ անկախութիւնից, պետականութիւնից զրկած ռուսական կայսերապաշտութիւնը։ 
1991 թուականի Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը իր ձայների 94 տոկոսով ոչ ասելով ռուսական կայսերապաշտութեանը՝ հաւատացել է, որ բռնապետական Ռուսասատանից ազատուելով ընտրում է Ազատ ու անկախ Հայաստանի երաշխաւոր եւ յանուն այդ նպատակի հայ ժողովրդի պայքարի աջակից քաղաքակիրթ աշխարհի հետ համագործակցութիւնը։ Ինչպէս Հայաստանի «երեք նախագահների» հոգեւոր հայր Պուտինն է ասում, ԽՍՀՄ-ը Ռուսաստանն էր, պարզապէս բոլշեւիկներն այն կոչել էին ԽՍՀՄ։ Հայ ժողովուրդը 94 տոկոսով հեռացել է Ռուսաստանից, հաւատալով, որ Ռուսաստանն էլ գաղութարարի կարգվիճակից ազատուելով կը որդեգրի քաղաքակիրթ արժեքներ։ Այսօր Ռուսասատնում կրկին գլուխ է բարձրացրել մեծապետականութիւնը։ Աշխարհի համար աւելի քան ակնյայտ է. պուտինեան Ռուսաստանն ընկալւում է որպէս համայն մարդկութեան, այդ թւում՝ նաեւ մեր գլխաւոր թշնամի։ Եւ այս պայմաններում Սերժ Սարգսեանը շարունակելով իր նախորդների սկսածը կամայականորեն դէմ է գնում Սեեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի կայացրած ռազմավարական որոշմանը։
Եթե 2013թ. սեպտեմբերի 3-ը տեղի է ունեցել ինչ-որ ճնշումների ազդեցութեան տակ, ապա 1998թ.-ի օրինակով պէտք է ազդարարել «որոշակի ուժերի ճնշման » մասին եւ հեռանալ։ Իսկ եթե դա տեղի է ունեցել առանց ճնշումների, ապա Սերժ Սարգսեանը յայտնուել է մի պետական պաշտոնեայի կարգավիճակում, ով խոստացել է ընթանալ եւրոպական ուղղութեամբ, սակայն ընթանում է ռուսական կայսերապաշտութեանն ընդառաջ։ 
Նախագահական ընտրութիւնների նախընտրական փուլում իրեն եւրոպական կւողմնորոշման ներկայացուցիչ ազդարարելով, որպէս այդպիսին ստանալով նաեւ Եւրոպական ժողովրդական կուսակցութեան նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի «օրհնութիւնը», ամենակարեւորը՝ ապակողնորոշելով սեփական ժողովրդին ու դառնալով նախագահ, ռազմավարական (ստրատեգիական), այսինքն՝ ժողովրդի համար ճակատագրական հարցում ընթացել է հակառակ ուղղութեամբ։ Նախագահ է դարձել ժողովրդին վստահեցնելով, որ Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ գնում է Եւրոպական Միութեան հետ հարաբերութիւնների սերտացման, սակայն ամենավճռական պահին ետ է կանգնում իր ստանձնած պարտաւորութիւնից։
Այն պահից, երբ Սերժ Սարգսեանը հրաժարուեց իր ստանձնած պարտաւորութիւններից ու տուած խոստումներից, այդ պահից հրաժարուեց այդ ծրագրերը, գաղափարները կրողի իր կարգվիճակից։ Սա այն անձը չէ, ով ասում էր, որ մենք ստորագրելու ենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը։ Հետեւաբար արդեն հրաժարուել է ինքն իրենից։ Այս պայմաններում բնականոն է այդ հրաժարումը դարձնել ժողովրդի սեփականութիւնը եւ հրաժարուել քաղաքական իշխանութիւնից։
Ես որպես տասնամեակներ Հայաստանի անկախութեան պայքարի առաջնորդ բարոյական իրաւունք ունեմ պահանջելու Սերժ Սարգսեանի հրաժարականը, բայց չեմ շահարկում իմ այդ բացառիկ կարգաւիճակը։ (Ով-ով նա լաւ գիտե, որ իմ հորդորը տասնեակ պուտինապաշտ կուսակցապետերի դիրքորոշումից աւելի զորութիւն ունի։ Մյուսները նրանից աթոռ ու իշխանութիւն են պահանջում, եւ բոլորի «կռիվը» նրա հետ եւ իրար հետ աթոռի համար է։)
Ես եւ իմ ընկերներն ինչպէս անցեալում՝ բանտերում , այդպէս էլ այսօր հրապարակներում աշխատում ենք յանուն ազգօգուտ գաղափարների ու ճշմարտութեան։
Նախագահի հրաժարականը պահանջելու՝ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ իրաւունք ունի միայն ժողովուրդը։ Ես ընդամենը յորդորում եմ։ Յորդորում եմ, սակայն յայտնի պատճառներով յորդորս ուղեկցում եմ սկսածս բողոքի հացադուլով։ 
Խաչվերաց տօնին նախորդող պահքի շրջանում ես քաղաքական հացադուլ յայտարարելով՝ փորձում եմ ընդգծել հարցի կարեւորութիւնը եւ միաժամանակ աղոթելու եմ մեր հայրերի կերտած սրբաւայրերում, որ Աստուած չպատժի մեր ժողովրդին այսպիսի ղեկաւարների սխալների համար, ներողամիտ լինի մեր հանդէպ եւ այդ ղեկավարներին (մեզ բոլորիս) տայ այն ամենը, ինչը բացակայում է մեզ մոտ։ 
Բողոք-հացադուլը սկսել եմ սեպտեմբերի 7-ին ժամը 18։00-ին եւ այն կը շարունակեմ հաւատարիմ մնալով իմ սկզբունքներին եւ հայկական աւանդույթներին։ 

Առողջ բանականութեան գերակայութեանը հաւատացող՝ 
Պարոյր Հայրիկեան
1968թ.-ից ԱՄԿ-ԱԻՄ առաջնորդ

 
Category: Հայտարարություններ
Published on 08 August 2014
Print

Բոլոր ազատասէր եւ արժանապատիւ քաղաքացիները հրաւիրւում են մասնակցելու Օգոստոսի 14-ին ժամը 3-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի ունենալիք ցոյցին, որի ընթացքում ՀՀ նախագահին կփոխանցուի նրա հրաժարականի պահանջով այս ուղերձը։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ 
14 օգոստոսի 2014թ., Երեւան
Սոյն թուականի յուլիսի 10-ին ԱԻՄ ղեկավարութիւնը յանդէս եկաւ Ձեր հրաժարականի անհրաժեշտութեան վերաբերեալ յայտարարութեամբ։ Նոյն ամսի 22-ին Ձեր աշխատավայր փոխանցուեց նոյնաբովանդակ բարեկամական ուղերձ-յորդոր։ Սակայն Հայաստանի հնագոյն քաղաքական կազմակերպութեան այդ լրջագոյն կոչն անարձագանք է մնում, եւ սա այն դէպքում, երբ նոյնիսկ պարզ քաղաքացու դիմումին պարտաւոր էիք պատասխանել։ 
Այս իրավիճակում մենք որոշեցինք եւս մէկ անգամ այս անգամ արդէն հրապարակաւ յորդորել Ձեզ անաչառ գնայատական տալ Ձեր բազմաթիւ ձախողումներին եւ յաշուի առնելով, որ նման իրավիճակում աշխարհի բոլոր երկրներում քաղաքական ուժերը հրաժարական են տալիս, ճիշտ կողմնորոշուել։
Ակնյայտ է, որ մեր հանրային կեանքի բոլոր ոլորտներում /թե՛ իրաւական, թե՛ տնտեսական, թե՛ ընկերային, թե՛ անվտանգութեան/ իրավիճակն օրեցօր միայն վատթարանում է. բարձրացան գազի, էլեկտրոէնեգիայի եւ լայն սպառման ապրանքների գները, աւելացաւ լարուածութիւնը սահմաններում, Եւրոպական երկրների դաշնակից դարձած Վրաստանը պատրաստւում է լրացուցիչ տուրքեր սահմանել Հայաստանի համար, Ադրեջանն անարգել արդէն զանգուածային ոչնչացման զենքեր է ստանում «Հայաստանի դաշնակից» Ռուսաստանից, աշխարհն անթաքոյց խօսում է, որ համընդհանուր քննադատութեան եւ պատժամիջողների արժանացող պուտինեան Ռուսաստանի հետ պէտք է պատժուեն նաեւ նրա կամակատարները, իսկ Հայաստանը, Ձեր կամքով, դրանց թւում է եւ այլն, եւ այլն։։ 
Ըստ էութեան, այս ամենը ՀՀ իշխանութիւնների, մասնաւորապես, Ձեր անկարողութեան կամ չկամութեան յետեւեանք է։ Երկու դեպքում էլ աշխարհի որեւէ ժողովուրդ չէր կամենայ այդպիսի իշխանութիւն ունենալ։
Քանի դեռ մենք ցոյց չէինք տուել, որ այս իրավիճակից ելքը Ձեր հրաժարականն է, Դուք իրաւունք ունեիք մտածելու, թէ այդ հարցը չի հասունացել։ Մեր հրապարակային այս քայլով մենք Հայաստանի քաղաքացիների աջակցութեամբ կամենում ենք օգնել Ձեզ կատարելու Հայաստանի ազատախոհ քաղաքացիների կողմից Ձեզնից սպասուող միակ ողջախոհ քայլը, այն է՝ հրաժարուել իշխանութիւնից եւ հնարաւորութիւն տալ հայ ժողովրդին ձերբազատուելով ձեր ձախողումներով լի քաղաքականութեան յետեւանքներից, վերագտնել իր արժանի տեղը ազգերի համաշխարհային ընտանիքում։ 

 

ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ՝
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ
1968 թուականից ԱՄԿ ԱԻՄ ԱՌԱՋՆՈՐԴ

 
Category: Հայտարարություններ
Published on 23 July 2014
Print

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին
22 յուլիսի 2014թ., Երեւան
Համոզուած եմ, որ Ձեր համապատասխան ծառայութիւնից Ձեզ իրազեկել են, որ սոյն թուականի յուլիսի 10-ին ԱԻՄ ղեկավարութիւնը յանդէս է եկել յայտարարութեամբ առ այն, որ ներկայ ռազմավարական ճգնաժամի պայմաններում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից է բխում հրաժարումը Ձեր որդեգրած ուղուց եւ վերադարձը 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքուէով հայ ժողովրդի որդեգրած արժեքներին։ 
Անձամբ ինձ համար հասկնալի էր ու նոյնիսկ օրինաչափ Ձեր անակնկալ հրաժարումը եւրոպական կողմնորոշումից յանուն ռուսական կայսերապաշտութեան։ Այսօր որեւէ ուսանող գիտէ, որ մէկ-երկու տարուայ մէջ քաղաքագէտ եւ մանաւանդ քաղաքական գործիչ չես դառնայ։ Գաղտնիք չէ, որ ինչպէս ՀՀ առաջին նախագահին կրեմլը մի քանի տասնամեակ պատրաստում էր իրեն եւ ոչ անկախ Հայաստանին ծառայելու համար, ինչպէս երկրորդ նախագահին տասնամեակներ պատրաստում էր իրենց համակարգին ծառայելու համար (եւ դարձրել էին Մետաքսի կոմբինատի կոմկուսակացական կազմակերպութեան ղեկավար), այդպէս էլ Ձեզ Ձեր երիտասարդական տարիների ուսուցիչները չէին պատրաստում անկախ Հայաստանին ծառայելու համար։ Դուք նրանց պէտք էիք ռուսական իմպերիալիստական համակարգին ծառայելու համար (այն ժամանակ՝ կոմունիստական, այսօր՝ չեկիստական-պուտինական)։ Եւ դրանում Դուք որեւէ մեղաւորութիւն չունեք․ այդպիսին էին ժամանակները։ 
Ձեզ բախտ չի վիճակուել լինել Հայկազ Խաչատրեանի յետեւորդը, ով Ստեփան Զատիկեանին պատրաստում էր Անկախ Հայաստանի համար։ Ստեփան Զատիկեանն էլ ինձ էր պատրաստում, ես՝ ուրիշների։ Սակայն վերադառնանք ստեղծուած իրավիճակին։ Չէ՞ որ աւելի քան ակնյայտ է, որ անձամբ Դուք եւ ձեր սխալների պատճառով հայ Ժողովուրդը յայտնուել է կոտրուած տաշտակի առջեւ։ Մի՞թէ դժուար է պատկերացնել, որ այն, ինչ Դուք չեք կարողանում անել, կարող է ուրիշն անել։ Որեւէ անհատի համար անհնարինը չի նշանակում ընդհանրապէս անհնարին։ Եթէ Ձեզ սխալ նպատակների համար պատրաստելու հարցում ժամանակներն էին մեղաւոր, ապա այսօր այդ կրթամշակութային ուղեբեռով Ձեր «կերտած» ազգավնաս քաղաքականութեամբ Հայաստանի ղեկին Ձեր մնալը որեւէ արդարացում չունի։ Հայաստանը պէտք է կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականութիւնը եւ դրա առաջին համակարգային քայլը Ձեր հրաժարումն է ՀՀ նախագահի պաշտոնից։ Մնացեք խորհրդարանական մեծամասնութեան առաջնորդ, ղեկավարեք Ձեր կուսակցութիւնը, սակայն ընդունեք, որ ՀՀ արտաքին քաղաքականութեան հիմնական ուղեգծից՝ եւրոպական կողմնորոշումից հրաժարումով, Դուք արդէն կործանման նախաշեմին եք հասցրել մեր երկիրը։ Մի՞թէ դժուար է հասկանալ, որ կործանուող երկրում հնարաւոր չէ յաջողակ լինել նաեւ անհատապէս՝ անձնապէս։ 
Աւելի մեղմ իրավիճակում Ձեր երբեմնի առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեանը իր մէջ ուժ գտաւ հրաժարուելու նախագահի աթոռից։ Այժմ Ձեր հերթն է, սակայն ի տարբերութիւն անպատասխանատու եւ եսակենտրոն հրաժարականի, Ձեզնից ակնկալւում է մտածուած եւ ազգանպաստ հեռացում։ Ես պատրաստ եմ օգնել բոլոր փուլերում եւ բոլոր առումներով՝ սկսած ամենապատասխանատուներից մինչեւ պարզ խորհրդատւութիւնը։
Հրաժարականի մասին յայտարարութիւնը ներկայացնելուց առաջ Դուք պէտք է ՀՀԿ-ի արտահերթ վեհաժողով հրաւիրեք, ներկայացնեք իրավիճակը, ներողութիւն խնդրեք ձախողումների Ձեր բաժնի համար, հանդիպման հրաւիրեք դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներին, իրազեկեք Ռուսաստանի հետ հաւասարակշիռ հարաբերութիւններ պահպանելուն զուգահեռ Արեւտեան կողմնորոշման վերդառնալու Ձեր կուսակցութեան որոշման մասին։ Դրանից յետոյ պէտք է ակնյայտ եւրոպական կողմնորոշում ունեցող քաղաքական գործչի վստահուի ՀՀ վարչապետի (եւ մինչ նոր նախագահի ընտրութիւնը ՀՀ նախագահին փոխարինողի) պաշտոնը։ 
Անձամբ ես հնարաւոր համարեցի Ձեր հրաժարականով վիճակը շտկելու տարբերակի մասին Ձեզ հետ խօսել միայն այն բանից յետոյ, երբ նկատեցի, որ Դուք վերջնականապէս չեք դարձել Պուտինի կամակատարը, քանի որ Ձեզ թոյլ տուեցիք, ճիշտ է, շատ զգուշաւոր սակայն քննադատական խօսք ասել Ռուսաստանի քաղաքականութեան մասին։ 
Այսօր եւ միայն այսօր պէտք է կատարել ճիշտ քայլը։ Համոզուած եմ, գիտեք, որ պուտինեան Ռուսաստանը իր եւ քաղաքական, եւ տնտեսական հոգեւավարքն է ապրում։ Նրան հաւատարիմ մնացած Հայաստանը, անկախ նրանից թէ ինչով է առաջնորդուել, անպատիժ չի մնալու։ Արդէն ստացուած «մեսիջները» աւելի քան մտահոգիչ են։ Բանն հասաւ այնտեղ, որ դիկտատորական Ադրբեջանը ԱՄն Սենատի կողմից ընկալւում է աջակցութեան արժանի պետութիւն, իսկ Հայաստան անունն անգամ բացակայում է։
Արտագաղթը շարունակւում է, ռուսական «էժան» գազի գինը աշխարհի միջինից զգալիօրէն բարձր է, էլեկտրականութեան գինը բարձրացաւ, ռուսական զենքով վերազինուող Ադրբեջանի սպառնալիքներն ու սադրանքներն աւելի վտանգաւոր են դառնում, երկկողմանի (ադրբեջանա-թուրքկան) շրջափակմանը գալիս է միանալու վրացական (եւրոպական-տնտեսական) շրջափակումը, բոլոր մասնագէտները խօսում են կեանքի յետագայ թանկացումների մասին, փակուղի է մտնում արցախեան հակամարտութեան կարգաւորումը, նսեմացւում է անձամբ Ձեր եւ Հայաստանի ազգային արժանապատւութիւնը։ 
Էլ ինչի՞ եք սպասում, էլ ի՞նչ ձախողումներ պիտի լինեն, որ Դուք ընդունեք, որ այսպէս շարունակուել չի կարող։ Այսպիսի իրաւիճակում աշխարհի բոլոր երկրներում քաղաքական ուժերը հրաժարական են տալիս: 
Դուք գիտեք, ես շատ երկար ճանապարհ եմ անցել եւ հաւատացնում եմ Ձեզ, որ այս տողերը գրում եմ բարեկամաբար՝ յուսալով, որ Դուք չեք կորցրել իրականութեան զգացումը։
Հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան առաքելութեամբ դեռեւս անցեալ դարի կէսերին ասպարէզ իջած ԱՄԿ-ԱԻՄ-ը եւ անձամբ ես կոչ ենք անում Ձեզ առարկայօրէն ու պատմական պատասխանատւութեամբ մտածել Հայաստանի եւ հայ ժողովրդի քաղաքակիրթ աշխարհի հետ ազատ, ապահով եւ արժանապատիւ ապրելու իրաւունքի մասին։

Պարոյր Հայրիկեան ԱՄԿ-ԱԻՄ առաջնորդ

 

Page 1 of 9

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>