Այսօր մամուլի ասուլիսց յետոյ 7-8 աիմականներով որոշ ժամանակով միացանք ԱԺ մուտքի մոտ հաւաքուածներին։ Մէկ ժամից պակաս մնացի. խնդրի վերաբերեալ ասելիքս ասուլիսում մատուցել էի եւ մրսում էի, հաւանաբար երեկուայ ճանապարհից ու թեթեւ հագնուած լինելու պատճառով։ Այնուամենայնիւ խիստ տհաճ պահեր ապրեցի։ Մարդուն <<բերման ենթարկելը>> արդէն առօրեական երեւոյթ է դառնում։ Խորհում էի, որ վերջին ամիսների անպտուղ ձերբակալութիւնները պիտի վերակողմնորոշած լինէին ոստիկանութեան պատասխանատուներին, բայց պարզւում է, հակառակն է տեղի ունենում։
Խաղաղ ցոյցի մասնակցին այնպէս են վրայ տալիս, ասէս, վտանգաւոր ահաբեկիչ են բացայայտել։ Այսօր նաեւ ատելութիւն էի տեսնում. չարդարացուած ատելութիւն։ Եւ ու՞մ հանդէպ. այն մարդկանց, ովքեր աւելի լաւ Հայաստա՞ն են ուզում։ Առաջին հայացքից կարելի է մտածել, թէ պարզ բռիութիւն է, բայց չմոռանանք, թէ ինչ երկրում ենք ապրում... եւ վաղուց։ Եւ բռիութիւնը եւ մարդկայնութիւնը վերեւից եկող հրամանով են արւում։ Մնում է հասկանալ, թէ որն է վերջնական նպատակը։ Վախեցնե՞լ ու զսպել արժանապատիւ գործնականութիւ՞նը։ Հօգնեցնե՞լ։ Այդ պահին թուլացնել բողոքի դրսեւորու՞մը, կազմալուծե՞լ բողոքը ու բարոյալքել մարդկա՞նց։
Թերեւս այդ ամենը այս կամ այն չափով կայ, սակայն այսօր կռահեցի, որ այս ամենը մեծ <<ռազմավարական>> նպատակի բաղադրիչներն են։ Կոմունիստական <<երկաթէ վարագոյրը>> իր նողկալիութեամբ յանդերձ արտագաղթը սահմանափակող դեր էր կատարում։ Հիմա չկայ այդ արգելքը, մնում է ամեն կերպ նպաստել արտագաղթողների թուի աճին։ Իսկ նպաստելու լաւագոյն ձեւն այն է, որ հնարաւորին չափ շատ մարդ դառնանայ ու հիասթափուի Հայաստանից՝ մանաւանդ քաղաքացիներին պաշտպանելու կոչուած ոստիկանից ու զինուորից։ Առերեւոյթ ընդամենը հրամայում են՝ փոխանցում են վերեւից ստացուած հրամանը՝ խիստ լինել ցաուցարարների հետ, բայց ամենավերեւից հրամանն իջեցնողը գիտի, որ մէկ նպատակ կայ՝ դատարկել Հայաստանը, կոտրել նրա արժանապատիւ քաղաքացիներին։ Բռնամիջոց կիրառող դժբախտ ոստիկանն ու նրան հրամայող ոչ պակաս դժբախտ պետը չեն էլ հասկանում, որ իրենց ու իրենց երեխաների տունը քանդելու դաւադրութեանն են սպասաւորում։