«Պայքար է գնալու այն էլ Հայաստանների միջև, հա՞: Ես կարծում էի՝ Հայաստանը մեկն է»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե նախագահական ընտրությունները լինելու են «պայքար երկու Հայաստանների միջև` գործող` դե ֆակտո Հայաստանի և ապագա` դե յուրե Հայաստանի միջև, և ոչ մի բան կանխորոշված չէ: Դա լինելու է Սերժի և Րաֆֆիի Հայաստանների պայքարը»: Հայրիկյանը նաև խորհուրդ տվեց չմասնատել ոչինչ, և պայքարել միասնական ուժերով:
«Հետաքրքիր է Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի դեմ ե՞րբ է սկսել պայքարել, Լևոնի թիմում միասին աշխատելուց հետո՞: Երբ պատմականորեն վերլուծում ենք փաստերը, իրենք եղել են նույն թիմում ու պայքարել են իմ դեմ: Բագրատյանը, Րաֆֆին, Սերժը, Լևոնը եղել են մեկ թիմում: Ես այս մարդկանց ազատության համար պայքարել եմ և կշարունակեմ պայքարել, կօգնեմ իրենց, բայց իրենք մեկ թիմ են, ինչպե՞ս կարող են իրար դեմ պայքարել, սա իմիտացիա է: Եթե հիմա իրենց դիրքորոշումը փոխել են ու իմ դեմ չեն պայքարում, պետք է հայտարարեն այդ մասին, որ դադարեցրել են իմ դեմ պայքարը: Կամ պետք է հայտարարեն, որ ժամանակին իմ դեմ պայքարելով սխալ են եղել, կամ էլ, ինչպես 90-ականներին՝ պետք է իրենց միասնական թիմով կամ առանձին օգնել»,- նշեց Հայրիկյանը:
Վերջինս հավելեց, որ թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛ Հրանտ Բագրատյանը, երբեք չեն քննադատել ժամանակի իշխանություններին, աշխատել են իրենց հետ ու իր դեմ: Հայրիկյանը խոսքով, ինքը կդադարի նրանց մեկ թիմ համարել, երբ նրանք խոստովանեն, որ ժամանակին սխալ են եղել:
«Հիմա իմ պայքարն իրենց երեքի դեմ չէ, իրենց երեքի համար է, որ իրենք ունենան արժանավոր ժողովրդավարական հայրենիք: Իրենք իրար դեմ կարող են պայքարել, բայց ես պայքարելու եմ իրենց համար: Ես մեղադրել չեմ ուզում ոչ մեկին, իմաստ չեմ տեսնում: Բայց ուզում եմ հասկանան, որ Հայաստանը մեկն է և պայքարել պետք է միասնական: Իսկ համախմբվել պետք է ինքնորոշման իրավունքի համար, որ քո փոխարեն չորոշի Սերժը, Ծառուկյանը կամ Քոչարյանը»,- մասնավորեցրեց նա:
Աղբյուր՝ 168 ժամ