«Կարգախոսները մի քանիսն են, և այդպես մեկն անպայման ընտրելու հարց չկա»,-168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը` ի պատասխան մեր հարցին` ո՞րն է լինելու Պարույր Հայրիկյանի նախընտրական կարգախոսը` առաջիկա նախագահական ընտրություններում:
Պարոն Հայրիկյանը նշեց կարգախոսի տարբերակները. ««Ազատ Հայաստան», «Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք և Հայաստանն ազատենք», սա 1974 թվին «КГБ»-ի բանտում գրածս երգի բառերից է: Մյուսը` «Սիրով վեհանանք, Հայաստանն ազատենք», ինչպես նաև` «Հզոր է ինքնորոշված անհատն ու ազգը»:
Պ. Հայրիկյանի խոսքով՝ իր այս հարցերով զբաղվում է հատուկ խումբ, և տարբեր առիթներով տարբեր կարգախոսներ կարող են շրջանառության մեջ դրվել:
«Այնտեղ կար ևս մեկը` «Ազատ ու անկախ Հայաստան. կարգախոս-նպատակի անկախ Հայաստանն իրականացրել ենք, մնում է ազատ Հայաստանը»: Մի փոքր երկար է ստացվում: Եվ բավական տարածում ստացավ հետևյալը. 1998թ. նախագահական ընտրություններում իմ կարգախոսն էր` «Չկորցնենք պատմական ՊԱՀը.Պարույր Արշավիրի Հայրիկյան», հիմա առաջարկում են պատրաստել թռուցիկի ձևով փոքր օրացույցներ, որի վրա գրվելու է` «Սիրով վեհանանք, Հայաստանն ազատենք: Եկել է պատմական ՊԱՀը»,- ասաց Հայրիկյանը՝ ավելացնելով, որ ամենից շատ հավանության արժանացել է «Եկել է պատմական ՊԱՀը» տարբերակը, բայց լուրջ մասնագետները խորհուրդ են տալիս, որ «Սիրով վեհանանք, Հայաստանն ազատենք»կարգախոսը լինի կից:
Ըստ Հայրիկյանի` իր կարգախոսները կարող են լինել տարբեր` կախված բովանդակությունից, միջավայրից, իրավիճակից, քանի որ գաղափարները շատ են, ինչպես օրինակ` «Ազատ Հայաստան, ժողովրդավարական Հայաստան, կատարյալ ժողովրդավարություն»:
«Օրինակ` մեկն էլ ասում էր` շեշտադրում կատարել արտաքին քաղաքականության վրա, օրինակ նշել. «Մեր սերնդի հիմնական խնդիրն է Ցեղասպանության հետևանքների վերացումը», «Անկախություն» թերթ, 1987 թ.: Տարբեր տարբերակներ կան, կախված իրավիճակից` տարբեր կարգախոսներ կօգտագործվեն»,- ասաց ԱԻՄ առաջնորդը: