Category: Հարցազրիւյցներ
Published on 30 October 2014
Print

Այսօր խորհրդային քաղկալանավորի պաշտպանության օրն է: Այդ առթիվ զրուցեցինք Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ, խորհրդային քաղբանտարկյալ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ:

-Պարոն Հայրիկյան, ե՞րբ ի հայտ եկան Խորհրդային Միության առաջին քաղբանտարկյալները:

-Հենց Խորհրդային Միության առաջին տարիներից: Պարզապես այդ ժամանակ քաղաքական հետապնդյալների կալանավորումները լինում էին կարճատև. բոլորին շուտ գնդակահարում էին:

-Իսկ ո՞ր շրջանում արդեն գաղափարական և կազմակերպական տեսակետից առավել ամբողջական դարձան:

-Նախնական փուլում, երբ բոլշևիկյան տեռորը բացահայտորեն գործում էր որպես երկրի քաղաքականություն, դժվար էր քաղկալանավորների մասին խոսել որպես քաղաքական այլախոհների: Այն ժամանակ հետապնդվում էին բոլոր նրանք, ովքեր մի փոքր կասկածվում էին: Կամ էլ խնդիր էր դրված զանգվածներին վախեցնելու համար մարդկանց կոտորել, անգամ` իրենց կողմնակիցներին:

Դասական իմաստով այլախոհությունը, կամ քաղաքական իմաստով քաղկալանավոր հասկացությունն ասպարեզ եկավ այն պահից, երբ խորհրդային իշխանությունները որդեգրեցին իրավական պետության գործելակերպ: Դա արդեն խրուշչյովյան ժամանակներն էին, երբ բռնադատումները համարվեցին հանցավոր քայլ: Իհարկե, նրանից չէր, որ քաղաքակրթվել էին, պարզապես կոմունիստները նկատեցին, որ իրենց պատժիչ մարմինը կոմունիստներին ավելի շատ է վնասել ու կոտորել, քան դա արել են բոլոր հակառակորդները միասին վերցրած: Եվ դրանից ելնելով` որոշեցին ամեն ինչ դնել օրենքի շրջանակներում:

Ընդունվեց նաև նոր քրեական օրենսգիրք, ուր կային երկու հոդվածներ. 206 պրիմ, որը ենթադրում էր սովետական կարգը արատավորող զրպարտությունների տարածում, և 65 հոդվածը` հակասովետական ագիտացիա և պրոպագանդա: Չնայած այլ հոդվածներով ևս դատվում էին, նաև` զուտ քրեական հոդվածներով, ու հայտնվում էին հոգեբուժարաններում:

-Իսկ առավել ո՞ր հանրապետությունից էին նրանք, կամ ավելի ճիշտ` ո՞ր ազգի ներկայացուցիչներ էին:

-Քանակապես շատ էին ուկրաինացիներն ու ռուսները: Բայց տոկոսային հարաբերությամբ ամենից շատ հայերն էին: Կային նաև հրեաներ, որոնք, սակայն, միշտ չէր, որ իրենց ազգային գործերով էին հանդես գալիս: Պատերազմից հետո երևան եկան նաև լիտվացիներ, էստոնացիներ, քիչ թվով նաև` լատիշներ, որոնք, ճիշտ է, համարվում էին պատերազմի հանցագործներ, բայց ըստ էության քաղկալանավորներ էին:

Իսկ դասական իմաստով, որպես խղճի կալանավոր, ինչպես ասացի, տոկոսային առումով առաջինը հայերն էին: Հայերը նաև որոշակի որակ էին ներկայացնում: Ընդհանրապես այսպես էր «կարգը». կա կազմակերպություն, կան համախոհներ, նրանք բացահայտվեցին, դատվեցին` կազմակերպությունը վերանում էր:

Հայերը որակական իմաստով իսկապես բացառություն էին: Ազգային Միացյալ կուսակցությունը ժամանակի ընթացքում դարձավ բոլոր անկոտրում քաղկալանավորների կազմակերպությունը: Այն տեղի ունեցավ ուկրիանացի քաղբանտարկյալի նախաձեռնությամբ, ով հետմահու դարձավ այդ երկրի ազգային հերոսը:

-Պարոն Հայրիկյան, դուք որքա՞ն եք անցկացրել բանտերում և աքսորավայրերում:

-Նաև երկրից արտաքսումը ներառյալ, ստացվում է 20-ից ավելի:

-Երբ ազատվում ու վերադառնում էիք, հասարակությանը ինտեգրվելը հե՞շտ էր լինում: Կամ տեղյակներն ի՞նչ աչքով էին նայում ձեզ:

-Չորս դատվածություն եմ ունեցել, բայց ազատվել եմ երկու անգամ: Առաջին կալանքիցս վերադարձա 24 տարեկան հասակում: 20 տարեկան էի, երբ դատվեցի, և այն ժամանակ հասարակության համար ակնհայտ էր, որ գործ ունեն գաղափարական նոր որակի հետ: Քանզի երիտասարդ, հազիվ 20-ը բոլորած մարդիկ սրությամբ ընկալում են պետականության վերականգնման կարևորությունը: Խոսքն, իհարկե, ոչ թե անձամբ իմ, այլ կազմակերպության մասին է: Դատս անցավ խանդավառության, անգամ` սիրո մթնոլորտում: Դատավորների մոտ ևս դա նկատելի էր: Պատկերացրեք` ԿԳԲ-ի դատախազը պահանջեց յոթ տարվա, բայց ստացա ընդամենը 4 տարվա ազատազրկում: Նույնպես` Աշոտ Նավասարդյանի և ուրիշների պարագայում:

Իսկ ինչ վերաբերում է, թե ինչպես եղավ վերադառնալուց հետո, ասեմ, որ կալանքի մեջ գտնվելով իսկ ես ամուր կապերի մեջ էի դրսի հետ: Գաղտնագրերով էի շփվում ընկերներիս հետ: Դրսի աշխարհից կտրված չէի, կտրված չէի նաև պայքարից: Այն էլ ասեմ. որ կալանավայրերի ամենաշատ նամակ ստացողը միշտ ես եմ եղել: Այնպես որ, երբ հայտնվել եմ ազատության մեջ, երբեք չեմ ունեցել վերաարմատավորվելու, վերականգնվելու, կամ ձեր բառով ասած` հասարակությանն ինտեգրվելու խնդիր: Առաջին անգամ երբ վերադարձա աքսորից, օդանավակայանում մարդկային ամբողջ մի բազմություն է ինձ դիմավորել: Նույն կերպ` երբ 1990-ին վերադարձա արտաքսումից:

-Դուք այն ժամանակ հավատու՞մ էիք, որ պատմական իրադարձություններն այսպես արագորեն կզարգանան. Խորհրդային Միությունը կփլուզվի, ու մենք կունենանք անկախ պետություն: Թե՞ ձեր արածը ընդամենը մահապարտի գործ էր:

- Իմ առաջին կալանքի ժամանակ, երդ դեռ 20 տարեկան էի, դատարանում մոտավորապես այսպիսի ելույթ եմ ունեցել. այո, անկախություն ձեռք բերելը դժվարին է, ճանապարհներն ամբողջությամբ հստակ չեն: Բայցև անկախությունն այնպիսի մեծ նպատակ է, որին հասնելու միայն մեկ ճանապարհ չի կարող լինել: Այն ժամանակ ես ինձ ներշնչում էի Կուկունյանի ոգով: Այն է` կարող է մենք կոնկրետ արդյունքի չհասնենք, բայց մի քայլ առաջ ենք գնում մեր ճանապարհին, որը կօգնի մեզանից հետո եկողներին:

Բայց արդեն հետո ես ոչ թե ենթադրում էի, որ անկախությունը լինելու է, այլ կարծում էի, որ դա հենց մենք պետք է անենք: Եվ երբ ես 1973-ին հրապարակ իջեցրեցի «անկախություն` հանրաքվեի ճանապարհով» գաղափարը, շատերը դրան անպատրաստ էին: Բայց հետո նրանք շատ արագ ընկալում էին այն: Խորհրդային կայսրության պայմաններում մենք առաջին անգամ համատեղում էինք մարդու իրավունքները և ազգի իրավունքները, որոնք սովորաբար հակադրում են իրար, անգամ հիմա են հակադրում:

Հետո հանդես եկավ Ազգային Ինքնորոշում միավորումը, որն, ըստ էության, նույն Ազգային Միացյալ կուսակցությունն էր: Քանզի այս կուսակցության վերջին ղեկավարը ես եմ եղել: Մենք արդեն գիտեինք, որ ոչ թե գնում ենք ժամանակին ընդառաջ, այլ ժամանակն ենք կերտում:

Ես հասկացա նաև մեկ այլ բան, որ ամենահզոր զենքը սերն է: Իսկ եթե սերն ուղեկցվում է հավատով, անգամ եթե մանանեխի հատիկի չափով հավատ ոնենաս, սարերին հրամայես լցվեն ծովը, կլցվեն: Ես ոչ միայն հավատում էի, այլև գիտեի, որ դա է ճանապարհը: Իհարկե, չգիտեի, որ Աստված իմ հանդեպ այնքան բարեհաճ կլինի, որ կհասնեմ նաև այս օրերին:

Իսկ ինչ վերաբերում է հետագային, արդեն ուրիշ էր: 1987 թվականին, երբ հրատարակեցինք «Անկախություն» թերթը, նույնիսկ նախկին այլախոհ իմ ընկերներն ինձ հարցնում էին.

-Պարույր, դու հավատո՞ւմ ես, որ անկախությունը պիտի լինի:

Իրենց էի հարցնում.

-Իսկ դուք չե՞ք հավատում:

Պատասխանում էին.

-Դե մի օր լինելու է, բայց….

Ապա մեկն ուղղակի հարց տվեց.

-Քո կարծիքով՝ քանի՞ տարուց կլինի:

-Հինգ տարուց,-պատասխանեցի:

Տեսնեիք նրանց ծիծաղը, փորները` բռնած…

Ես հանգիստ ավելացրեցի.

-Տղերք, ես գիտեմ, որ երկու տարուց է լինելու: Ձեզ համար ասացի` հինգ տարի, որ չվախենաք:

Իրականում անկախությունը եղավ մեկ տարի հետո: Որովհետև երբ 1988-ի նոյեմբերի 22-ին Հայաստանի Գերագույն Սովետի անդամները` հակադրվելով Մոսկվային, որոշեցին նիստը գումարել Օպերայի դահլիճում, դա անկախության ակտ էր:

Կազմակերպիչներն իրենք էլ չհասկացան, թե ի՞նչ են անում, ի՞նչ է տեղի ունենում: Բայց Մոսկվան հասկացավ: Եվ մեզ պատժեց երկրաշարժային զենքով:

Այո, ես գիտեի, որ անկախություն կլինի, բայց գիտեի ո՛չ իմ պայքարի սկզբնական շրջանում: Դուք ճիշտ բնութագրեցիք. նախնական փուլում մահապարտների նման մենք գնում էինք մեր գործն անելու` մահ կամ ազատ Հայաստան: Միով բանիվ` ես ոչ թե նստել-երազել-սպասել եմ, հավանական կամ անհավանական եմ համարել, այլ գնացել եմ ճանապարհով, որ լինի այն, ինչ որ եղավ:

Եվ պատահական չէ, որ հետագայում դարձա Խորհրդային Միության բոլոր ազգերի ժողովրդավարական շարժումների ղեկավարը: Ընտրվեցի Փարիզում:

-Այսօր մեր երկրում էլ կան քաղբանտարկյալներ: Դուք դա կպատկերացնեի՞ք ժամանակին:

-Չէի պատկերացնեի: Ես կարծում էի, որ մեր որակը կդառնա Հայաստանում գերիշխողը: Մեր որակը ասելով նկատի ունեմ մարդու իրավունքներ և ժողովրդավարություն: Եվ` հեռացում Ռուսաստանի իմպերիալիստական նկրտումների շրջանակից: Որովհետև քաղաքական ազատությունների, քաղաքակրթական ձեռքբերումների ուղիով գնացող մարդիկ ու նրանց գաղափարների հաղթանակը Հայաստանում կարմատավորեին այդ արժեքները: Բայց այդ ընթացքում ԿԳԲ-ն ինձ արտաքսեց, որպեսզի մեր ժողովուրդը հայտնվի իր գործակալների տրամադրության տակ: Սա՛ է ամենը:

Ընդհանրապես, ամեն ազգ ճգնաժամային ժամանակներում ունենում է առաջնորդ, իմ ընկերները առաջնորդներ եղան Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում: Իսկ մեզ մոտ ամեն ինչ արեցին, որ ես իշխանության չգամ: Դա մի անգամ խոստովանեց Վազգեն Մանուկյանը, ասաց, որ Կրյուչկովն է այդ մասին իրեն ասել:

Իսկ ես նպատակ ու համոզմունք ունեի, որ Հայաստանը պետք է դառնա ազատությունների երկիր: Եվ դրանք խոսքեր չէին, ինձ մոտ կան փաստաթղթեր, որոնք հենց այդ են վկայում:

 

Գոհար Սարդարյան

Սղբիւր Nyut.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>