ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավական հետաքրքրական հայտարարություններ է արել Անվտանգության Դաշնային Ծառայության կոլեգիայի նիստի ընթացքում: Նա հայտարարել է, որ ԱԴԾ-ն (ФСБ) պետք է օգնի եվրասիական ինտեգրացիային:
«Ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն մեր ներքին գործերին, ցանկացած ձեւի ճնշում Ռուսաստանի վրա, մեր դաշնակիցների եւ գործընկերների վրա, անթույլատրելի է», հայտարարել է ՌԴ նախագահը: Պուտինը հայտարարել է, որ վերջին շրջանում որոշակի նյարդային արձագանքներ են հնչել եվրասիական ինտեգրացիայի վերաբերյալ, եւ դրանք նա դասում է տվյալ քաղաքական գործիչների էմոցիոնալ հռետորաբանությանը: «Սերտ ինտեգրացիան օբյեկտիվ համաշխարհային գործընթաց է: Եվ ոչ մի բացականչություններով, ջղաձգումներով այն չի կանգնեցվելու՝ այդ թվում եւ մեր տարածքներում», ասել է Պուտինը:
Պուտինը հայտարարել է, որ կարող են բախվել, եւ բախվում են ինտեգրացիոն աշխատանքը արգելակելու փորձերի հետ: «Եվ այստեղ կարող են օգտագործվել ճնշման ամենատարբեր գործիքներ, ներառյալ այսպես կոչված թեթեւ ուժի մեխանիզմները», հայտարարել է Պուտինը եւ կոչ արել ԱԴԾ աշխատակիցներին հուսալի պաշտպանել ինտեգրացիոն գործընթացը եւ գործակցել Բելառուսի, Ղազախստանի, ինչպես նաեւ այս կամ այն ինտեգրացիոն պրոցեսին մասնակցող այլ երկրների անվտանգության ծառայությունների հետ:
Փաստորեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եվրասիական ինտեգրացիայի գաղափարը փրկելու համար մարտի է նետում անվտանգության ծառայություններին, ընդ որում գրեթե հրահանգելով նաեւ դեսանտ իջեցնել այն երկրներ, որոնց Ռուսաստանը փորձում է ներգրավել եվրասիական գաղափարի մեջ: Եվ այս երկրների շարքում բնականաբար առաջիններից է նաեւ Հայաստանը:
Ի՞նչ է անելու ՌԴ ԱԴԾ-ն Հայաստանի հանրապետությունում: Թե՞ արդեն իսկ արվում են կամ արվել են զգալի գործողություններ: Ի դեպ, այս առումով իսկապես հետաքրքրական է դառնում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հայրիկյանական վարկածը: Միեւնույն ժամանակ, մեկ այլ հետաքրքրական հանգամանք է այն, որ այն օրը, երբ Պուտինը փաստացի հրամաններ է տալիս ԱԴԾ-ին, Երեւանում տեղի են ունենում երկու ուշագրավ իրողություններ: Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, ով մամուլի հրապարակումների համաձայն կասկածվում է Հայրիկյանի վրա կրակողների եւ այլ հեռուն գնացող արմատների համար, հայտարարում է, որ Հայրիկյանի դեմ կրակողը եղել են մասոնները՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: Միեւնույն ժամանակ, փետրվարի 14-ին Ազգային Ժողովում տեղի է ունեցել հանդիպում Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի միջեւ:
Ի դեպ, արժե նկատել նաեւ, որ Ռուբեն Հակոբյանը երկար տարիներ եղել է Հայաստանի հյուպատոսը Սանկտ-Պետերբուրգում, եւ ինչ որ առումով նույնիսկ անակնկալ էր նրա անդամակցումը եւ բավական արագ ղեկավար դիրքերում հայտնվելը Ժառանգությունում, որը համարվում է ընդգծված այսպես ասած արեւմտամետ քաղաքական միավորում:
Թե ինչ կապ կա այս երկու իրողությունների միջեւ, պարզ չէ, սակայն Պուտինի ԱԴԾ այցելության եւ հայտարարությունների ֆոնին այդ երկու հայաստանյան իրադարձություններն իսկապես հետաքրքրաշարժ են դառնում: Հատկապես նկատի ունենալով, որ Ժառանգության թեկնածուն հավակնում է զբաղեցնել նախագահի ընտրության երկրորդ հորիզոնականը:
Նկատի ունենալով այն, որ եվրասիական նախագծում առանցքային տեղ ունի Հայաստանը՝ այն առումով, որ եթե Հայաստանը չի միանում դրան, ապա այն զգալիորեն կորցնում է իր աշխարհաքաղաքական պոտենցիալն ու արդիականությունը, պետք է ենթադրել, որ Ռուսաստանի ԱԴԾ-ին տված Վլադիմիր Պուտինի ցուցումներում Հայաստանը երեւի թե զբաղեցնելու է առանցքային տեղ: Եվ այս տեսանկյունից արդեն իսկ որոշակիանում է Հայաստանում տեղի ունեցած ու հավանաբար առաջիկայում տեղի ունենալիք հետաքրքրական զարգացումների պատճառահետեւանքային տրամաբանությունը:
Իսկ այն, որ Մոսկվան այդ ուղղությամբ գործի է դնում ԱԴԾ-ն, այն էլ հրապարակայնորեն, հուշում է Հայաստանի ինքնիշխանության խնդրի ամենայն հավանականությամբ վճռորոշ սրացման մասին:
Դեռեւս խորհրդարանի ընտրությունից առաջ խոսք էր գնում այն մասին, որ պատրաստվում է Պուտինի այց Հայաստան: Սակայն այցը չի կայանում արդեն ամիսներ շարունակ: Ավելին, վերջին հինգ տարում Պուտինն ընդհանրապես Հայաստան չի եկել: Եվ ըստ երեւույթին չի պատրաստվում գալ այնքան ժամանակ, քանի դեռ դեսանտը չի ստեղծի այնպիսի պայմաններ, որ այցը լինի կատարյալ տրիումֆալ:
Աղբյուր՝ lragir.am