Պարուր Հայրիկյանի մահափորձի թեմայով մի քանի անգամ գրել եմ, տվել եմ իմ քաղաքական գնահատականը:
Ինձ համար ամենակարևորն այն է, որ Պարույրը ողջ է, խեղկատակություն հիշեցնող դատավարությանն էլ չեմ հետևում:
Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, որ ոմանք այս օրերին փորձում են ծաղրել Հայրիկյանին:
Այնպիսի տպավորություն է, կարծես, Հայրիկյանը մեղավոր է` ողջ մնալու համար:
Որոշեցի մի անգամ էլ անդրադառնալ մահափորձի թեմային, որովհետև վստահ եմ, որ խիստ որոշակի կենտրոն` տեղի ունեցածն անլրջացնելու, Հայրիկյանին վարկաբեկելու խնդիր է լուծում:
Ըստ այդմ` կատարեմ մի քանի արձանագրում.
Առաջին. այս մահափորձը մեր երիտասարդ պետության գոյության ընթացքում տեղի ունեցած ամենազազրելի հանցագործություններից մեկն է:
Թիրախի դերում` Հայրիկյանն է, բայց կրակել են բոլորիս, մեր պետության, ազատության վրա:
Հայրիկյանն, այս իմաստով, պատական չէր ընտրված, որովհետև հատկապես նա է ասոցացվում անկախության գաղափարի հետ:
Երկրորդ. ես մահափորձը բացահայտված չեմ համարում, որովհետև կալանավորված մի քանի թափթփուկներն ընդամենը կատարող են, գործիք:
Դատավարությունը վերածվել է խեղկատակության, որովհետև իրական հանցագործը կամ հանցագործները մեղադրյալի աթոռին չեն:
Երրորդ. այս հանցագործությունը պլանավորած մարդիկ նպատակ են ունեցել` վիժեցնել ընտրական գործընթացը, ամեն գնով հարամել Սերժ Սարգսյանի կանխատեսելի հաղթանակը:
Ինքներդ դատեք, թե ո՞ր երկիրն է Հայաստանի իշխանության հետ շանտաժով խոսում, կամ ո՞ր երկիրն է շահագրգռված գործ ունենալ թույլ և խոցելի նախագահի հետ:
Չորրորդ. պետությունը պարտավոր է մինչև վերջ ապահովել Հայրիկյանի ապաքինման ծախսերը:
Նախ, որովհետև տեղի է ունեցել մահափորձ նախագահի թեկնածուի դեմ և երկրորդ` Պարույր Հայրիկայանի նման փառավոր անցյալ ունեցող մարդը` բոլորիս հարստությունն է:
Պարույրն իր կյանքի լավագույն տարիները մաշեցրել է սովետական մարդակործան բանտերում, նա իր երիտասարդությամբ հատուցել է մի քանի սերունդների ստրկամտության համար:
Պարույրի այս կամ այն դիրքորոշումը կարող ենք ընդունել, կամ` ոչ, կարող ենք քվեարկել նրա օգտին կամ դեմ, սակայն` երբ ոմանք նրան նպատակային վարկաբեկում են, ակամայից մտածում եմ, որ քսաներկու տարի առաջ անկախացել ենք ձևով` հասու չդառնալով բովանդակությանը:
Որպես ամփոփում հորդորում եմ` հարգեք Պարույրի փառավոր անցյալը, եթե, իհարկե, արժանապատվություն ունեցող քաղաքացի եք և ոչ թե` տխրահռչակ կայսրության հպատակ:
Սուրեն Սուրենյանց
Աղբյուր` armversion.am