Այսօր նախագահական նստավայրի առաջ տեղի է ունեցել հերթական բողոքի ակցիան՝ Հայաստանն առանց Պուտինի, դեմ ենք Մաքսային միությանը և նման այլ կարգախոսներով: Ակցիայի մասնակիցները նշել են, որ հասարակության մեծամասնությունը դեմ է Մաքսային միությանը, քանի որ նրանց համոզմամբ դա վտանգի տակ է դնում մեր պետության ինքնիշխանությունն ու անկախությունը: Նրանք բաց նամակ են հանձնել նախագահական նստավայրի աշխատակցին, որում մասնավորապես նշված է եղել, որ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները պետք է կտրուկ փոխեն քաղաքական կողմնորոշումը: Նամակի պատճենները հանձնվելու են նաև եվրոպական երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Աղբիւր՝ GalaTV.am