ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ, վերջին օրերին Մաքսային միությանն անդամակցելու քայլում կարեւոր հստակեցում է տեղի ունեցել:
«Եթե փորձում ենք ՄՄ եւ ԵՄ կողմնորոշման հարցում պարզել քաղաքացիների դիրքորոշումը՝ դրանից պակաս կարեւոր չէր, թե քաղաքացիների իրական դիրքորոշման նկատմամբ ինչպիսի կեցվածք ունեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Գազային պայմանագրի քննարկման ժամանակ պարզվեց, որ քաղաքական կուսակցությունները, այդ թվում ընդդիմադիր կոչվածները, այնքան հեռու են ժողովրդից, որքան իշխանությունները»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:
Նրա կարծիքով, ՄՄ ուղղության հարցում միտված է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը. «Տրամադրված են Մաքսային միության օգտին… աթոռի հարցում կարող են իրար հետ վեճ ունենալ, բայց հայրենիքը Ռուսաստանին ծախելու հարցում բոլորը համամիտ են: Նրանց ընդդիմությունը մանր հարցերին է վերաբերում»:
ԱԻՄ առաջնորդը գազային համաձայնագրի շուրջ ստեղծված խորհրդարանական հակամարտությունն էլ բացատրում է հարցի պատճառահետեւանքային կապով. «Պատճառահետեւանքային կապի հետ խորհրդարանականները կապ չունեն: Եթե տրամադրված ես ժողովրդի համար օգտակար համարել Մաքսային միությունը, ապա պետք է կարողանաս օգտակար համարել գազային համաձայնագիրը՝ ողջ հակասահմանադրականությամբ: Եթե դա համարում ես ոչ բնականոն ու սխալ, վտանգավոր, դավաճանական, ապա ինչպես ես Մաքսային միության ածանցյալը տեսնելով՝ չես հասկանում էությունը : Այս հստակեցումը հօգուտ ժողովրդի չէ: Քաղաքական դաշտի մեծ մասն արդեն Մաքսային միությունից բռնազավթված է»:
Պարոն Հայրիկյանը նույնպես այն կարծիքին է, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները, բայց մի դեպքում միայն. «Եթե չորս կուսակցություն հրաժարվի մանդատներից, վախենալու կլինի: Հայաստանը կհայտնվի խորհրդարանական ճգնաժամի առաջ: Այդ քայլը կատարելուց առաջ պետք է նախապատրաստված լինի հաջորդ քայլը՝ ինչ են անելու: Հենց այնպես վայր դնելը կլինի ոչ քաղաքական գործչի պահվածքը»:
Վերջում էլ ասաց, որ այս շաբաթ օրը երթ ու հանրահավաք են նախատեսել՝ ոչ ՄՄ-ին կարգախոսով: Ապա կանխատեսեց, որ ՄՄ-ին մեծ ճգնաժամ է սպասվում.«Մաքսային միությունն ապրում է նավթով, նավթի գները կտրուկ անկում են ապրելու: Ամենաուշը միության ճգնաժամը կզգանք 2016 թվականին»:
Աղբիւր՝ Aravot.am