Category: Հրապարակումներ
Published on 01 January 2014
Print

Հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, 1968թ.-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան Պարույր Հայրիկյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրուցել է 2014 թվականի հետ կապված իր ծրագրերի, գործած սխալների, ամանորյա սեղանի մասին:

Պարոն Հայրիկյան, ի՞նչ նպատակներ, ծրագրեր  ունեք՝  կապված 2014 թվականի հետ:

-Կարևորագույն նպատակս կմնա նույնը՝ «Բացարձակ ժողովրդավարության» մոդելի ամրագրումը, այն է՝ Հայաստանը դարձնել իսկապես  ժողովրդին պատկանող երկիր  և  դրան զուգահեռ ուղղել թույլ տված բոլոր սխալները, որոնք մինչև այսօր տեղի են ունեցել մեզնից անկախ:

Իսկ հնարավոր կլինի ՞  ուղղել այդ սխալները և որո՞նք են դրանք:

-Կյանքում անհնարին ոչինչ չկա: Հայաստանը դարձավ միջազգային իրավունքի ենթակա, բայց  այդպես էլ իրեն չդրսևորեց որպես միջազգային իրավունքի կարիքն ունեցող պետություն: Ազգային արժեքային համակարգի հարցում  նույնպես  Հայաստանը թերացավ: Այսինքն, արտաքին քաղաքականության մեջ մեր պարտքը չկատարեցինք մեր նախնիների հանդեպ, ապրեցինք՝ արհամարհելով սերնդի առջև ծառացած հարցերը: Մեր պետությունը, ինչպես ես էի հուշում, ինչ-որ չափով խոսեց Ցեղասպանության հետևանքները վերացնելու մասին. այն է՝ ոչ թե ճանաչում, այլ հետևանքների վերացում: Բայց որևէ քայլ չարեց: Մենք հեռացած ենք  մեր ազգային արմատներից և  մեր  կրթական համակարգում  այդ  առիթով ոչինչ չարվեց: Հայաստանը Սահմանադրություն ընդունեց, կարևորագույն չափորոշիչների մասին խոսեց, բայց, այդպես էլ  չդարձավ կազմակերպված իշխանությունների երկիր, Հայաստանը չպատկանեց քաղաքացուն, հիմա էլ նախապատվությունը տվեցինք 3 դիկտատորների համագործակցությանը, որը  պատմական մեծ խայտառակություն է:

Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ  կամ ամենատխուր Նոր տարին:

-Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել,  չեմ կարող ասել:

Ի՞նչ  ուտեստներ պետք է անպայման լինեն Ձեր ամանորյա սեղանին:

-Մեր հայրերն ու մայրերը ժամանակին կարևորել են Սուրբ ծնունդը, իսկ այսօր՝   բոլշևիզմից հեռանալուց  25 տարի հետո, Նոր տարին Հայաստանում դեռևս  ավելի մեծ տոն է համարվում, քան Սուրբ ծնունդը կամ Հարության տոնը: էլ չեմ խոսում այն մասին, որ մեր ազգային Հայկի ու Բելի կռիվը՝ մեր սկզբնավորման տոնը, ընդհանրապես չի նշվում:

Վերջին տարիներին հայկական ավանդույթի համաձայն դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ես պահք եմ պահում: Այդպես է նախատեսված: Եվ իմ պոլսեցի նախնիները ունեին  Նոր տարվա պահքին վերաբերող ուտեստներ. թոփիկ, անուշ ապուր..Ի դեպ, դա ինձ փրկում է  ամանորյա հարկադիր  ուտելիքներից:

Իսկ Դուք՝  ինքներդ,  որևէ  ուտեստ պատրասո՞ւմ եք Ամանորին:

-Չէ, կոնկրետ Ամանորին ոչինչ չեմ անում, եթե ի վիճակի եմ լինում՝ գնումներ եմ կատարում և այլն: Այդպես ստացվել է, պարզապես երեխաներս ինձ հերթ չեն տալիս:

Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:

-Կուզեի, որ հայ մարդիկ՝ այդ թվում և ես, կարողանայինք Աստծով ապրել, լինեինք ճշմարտության կողմնակից, չապրեինք նյութականով: Կատարեինք աստվածային պատվիրանները, որոնց դեպքում զզվանքով կվերաբերեինք «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքին ու կհասկանայինք, որ մանր ու մեծ խնդիրների պատճառով հայրենիքը լքել չի կարելի:

 

Աղբիւր՝ Asekose.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>