ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համոզված է` Հայաստանում անձերի փոփոխությունը որևէ ազդեցություն չի կարող ունենալ: «Գիտեք՝ ոչ թե Հովիկ Աբրահամյանի հետ կապված, այլ որևէ մեկի, նաև` Տիգրան Սարգսյանի հետ. . . Հայաստանի պայմաններում, եթե դու հստակ պատկերացում ունես իրավիճակի վերաբերյալ, ապա հստակ արձանագրում ես, որ անձերից բացարձակապես ոչինչ կախված չէ, Հայաստանում այսօրվա դրությամբ առանց Սերժ Սարգսյանի թույլտվության որևէ մեկը նույնիսկ բութը ստորակետով չի փոխարինի: Էս ամբողջը մի բավական ճոխացված ներկայացում է. սպասումները, բանակցությունները, քննարկումները. ճիշտ կլիներ օգտագործել շոու բառը»,- ասաց նա: Հայրիկյանը նշեց, թե Հենրիխ Մխիթարյանի` երեկ խփած գոլն իր համար շատ ավելի հետաքրքիր բան է, քան այն, թե Հայաստանում ով վարչապետ կնշանակվի:
ԱԻՄ առաջնորդի խոսքով` անպտուղ գործողություններն իրեն չեն հետաքրքրում: Հարցին` ինչն էր պատճառը, որ վարչապետի անվան հրապարակումը մեկ անգամ հետաձգվեց, արդյոք սա առի՞թ է ենթադրելու, որ տարաձայնություններ կային իշխանական խոհանոցում, նա պատասխանեց. «Ես ասեմ, որ ի սկզբանե ներկայացված էր: Պարզ չէ՞, որ խորհրդարանական մեծամասնությունն է Սահմանադրությամբ որոշում, քանի որ խորհրդարանական մեծամասնություն՝ նշանակում է կոնկրետ Սերժ Սարգսյան, նրա կամքը, քմահաճույքը, նախասիրությունը և այլն: Ծիծաղելի է, անգամ ծիծաղելի է էդ հարցին լուրջ վերաբերվելը»,- ասաց նա:
Աղբիւր՝ 1in.am