Թե ինչո՞ւ քաղաքական ուժերն այդպես էլ հստակ չեն արտահայտում իրենց դիրքորոշումը Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության հարցում, Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար առավել քան պարզ է. «Որովհետև դրանք բոլորն էլ КГБ -ի մասնաճյուղերն են, բոլորը, և եթե քաղաքացու համար կարող ես ասել՝ անտարբեր է, չի ուզում միջամտել, ապա կուսակցությունը պարտավոր է դիրքորոշում հայտնել»։
Պարույր Հայրիկյանը նշեց, թե միայն «Ժառանգություն» կուսակցությունն է մի երկու խոսք ասել իր կողմնորոշման մասին։ «Րաֆֆիի տղերքը մի երկու բան ասացին, Րաֆֆին մի երկու բան ասաց և վերջ, լավագույն դեպքում մի երկու խոսք էլ մի երկուսն ասացին։ Մնացած բոլորը КГБ կոչված կուսակցության կամ ռուսական իմպերիալիզմի որևէ այլ կուսակցության մաս են, անունը կարևոր չի, միշտ անունը կարող են փոխել՝ երեկ կոմունիստական, հետո չեկիստական, հիմա պուտինյան, վաղն էլ չգիտես ինչ կլինի. դրանց ֆիլյալներն են»,-ասաց նա։
Պարույր Հայրիկյանը նկատեց, թե կուսակցություններից ոչ թե միայն ԱԻՄ-ն է համաձայնել, մաս կազմել «Եվրոպական ընտրություն» նախաձեռնությանը, այլ հենց այդ նախաձեռնությունն է համաձայնել մաս կազմել ԱԻՄ-ի ձեռնարկին։ Իսկ նպատակը, նրա խոսքով, բոլորովին հակազդեցություն ստեղծելը չէ եվրասիական կողմնորոշմանը. «Էդ նրանք են հակազդում առողջ բանականությունը»։
Հայրիկյանը Հայաստանի մտադրությունը՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, համեմատում է գյուղում հայտնված մի գժի դիրքորոշման հետ։ «Տեսեք, մի գյուղ իր համար ապրում է, հետո այդ գյուղում իմանում են, որ մի գիժ օրինակի համար ասել է, որ ամպերը երկնքից պետք է իջեցնի։ Մեկն ասում է՝ էս ինչ հետաքրքիր գիժ է, մյուսն էլ ասում է՝ գիտես ի՞նչ, քո ասածը ապուշություն է, մեր մտքերը քիչ շեղիր։ Հիմա նա, ով ասում է՝ քո արածը ապուշություն է, մարդկանց մտքերը մի շեղիր և նրանք, ովքեր ասում են՝ հետաքրքիր գիժ է, դրանք նույն դաշտում են. ոչինչ չասելը, ապուշությունը և բանի տեղ չդնելը նույնն է։ Մարդիկ հասկանում են, որ Պուտինը և նրա նմանները համաշխարհային գործընթացներին են դեմ գնում, մենք սկզբունքային գնահատական ենք տալիս՝ հաշվի առնելով բացասականությունը»,-նկարագրեց նա։
Ըստ ԱԻՄ առաջնորդի, հիմա իրենց առաջ խնդիր է ստեղծվել Եվրոպային ցույց տալու, որ այդպես չէ։ «Բավարար չափով ակցիաներ և գիտական հարցումներ արեցինք՝ ցույց տալով, որ հայ ժողովուրդն այլ տրամադրվածություններ ունի, այլ արժեքային համակարգ։ Բայց հայ ժողովրդի գլխին անընդհատ փաթաթում են կենցաղային մանր-մունր շեղող հարցեր, և մարդիկ այդ հարցերով զբաղվելով զուգահեռ՝ սրան նայում են, բայց վտանգավորությունը չեն զգում, ինչ չափով մենք ենք զգում։ Մեծ մասը մտածում է, որ չլինող բան է, դրա դեմ ինչ կռիվ տաս, դա մեր ուսումնասիրություններն են ցույց տվել»,-ասաց նա։
Հայրիկյանը ՀՀ-ի ստրատեգիական կողմնորոշման ընտրությունը պատկերավոր նկարագրելու համար նշեց. «Ամեն տարի 100 մլն դոլար նվեր տվողից հրաժարվում ենք, ամեն տարի մեզ պարտքով 100 մլն դոլար տվողի հետ աշխատելու համար»։
«Տնտեսական կողմից նայենք, ինչպես կարելի է տնտեսապես շահեկան համարել համագործակցությունը 8 անգամ պակաս տնտեսական ներուժ ունեցող պետության հետ, ոչ թե 8% այլ 8 անգամ։ 800%-ով Ռուսաստանի տնտեսական ներուժը պակաս է, քան Եվրոպայինը, էլ չեմ ասում, որ ըստ էության՝ Ամերիկան էլ վերցնում ենք, ստացվում է 16 անգամ հզոր»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ ընտրությունն անվտանգությամբ է պատճառաբանվում, ԱԻՄ առաջնորդը կրկին հիմնավոր չհամարեց Վրաստանում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ԵՏՄ-ն քաղաքակրթական ընտրություն չէ։ «Ապրի Սերժ Սարգսյանը, որ ասեց, էդ մասով ապրի, բայց միևնույն է՝ անվտանգության մասով էլ իր ասածը հիմարություն է, որովհետև մենք բոլորս վկա ենք, որ մեր հակառակորդն այսօր զինվում է, շատ մեծ քանակության վտանգավոր զենք է ստանում Ռուսաստանից։ Մենք պետք է հասկանանք, որ պետք է մեկ անգամ հստակ դեմ կանգնել, էդ անվտանգության հարցը մինչև անցյալ տարի սեպտեմբեր չկա՞ր։ Թուլակամությունը Սերժ Սարգսյանը թող չբացատրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելով ու ասի, թե արժեհամակարգ չի ընտրում. ընտրել, պրծել ես»,-ընդգծեց նա։
Իսկ թե ըստ նրա՝ ԵՄ-ն դեռ ունի՞ Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն, Հայրիկյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է ունենա որ, դեռ լավ է, որ ԵՄ-ն իր գրասենյակները չի փակում ՀՀ-ում»։
Աղբիւր՝ Tert.am