Category: Հրապարակումներ
Published on 08 September 2014
Print

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօր երեկոյան սկսել է իր կողմից շուրջ 20 օր առաջ հայտարարած հացադուլը, որով հորդորում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Պարույր Հայրիկյանը, նա ամեն օր ժամը 17-ից 18-ը լինելու է նախագահական նստավայրի դիմաց և սպասելու է Նախագահի պատասխանին, ավելի ճիշտ՝ հրաժարականին: 

«Այդ ընթացքում կարող է լինեմ Դադիվանքում, Հաղարծինում, Խոր Վիրապում, այսինքն՝ վանքերում: Վանքերում աղոթելու եմ, որ Աստված մեր իշխանություններին տա այն, ինչ իրենց պակասում է, մեկը կհամարի խելք, մյուսը՝ բարություն, ճշմարտության զգացողություն, ամեն դեպքում տա այն, որ կարողանան գնալ աստվածահաճո ճանապարհով»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ Պարույր Հայրիկյանը հայտնել էր Tert.am-ին, այնպիսի պայմաններ, ինչպիսիք ստեղծվել են Հայաստանում, երկրի ղեկավարը պետք է հրաժարական տա: Վերջինիս համար Նախագահի հրաժարականը պահանջելու առավել մեծ հիմք է հանդիսանում եվրաասոցացման գործընթացի ձախողումը: 

Դիտարկմանը, թե մոտ 20 օր առաջ էր հայտարարել հացադուլի մասին, ի՞նչ տվեց իրեն այս ժամանակահատվածը, քաղաքական գործիչը պատասխանեց. «Այս ժամանակահատվածը այն ստրատեգիական հարցի վերաբերյալ, որը ինձ հարկադրում է հացադուլ անել, որևէ պատասխան չտվեց, դրական շարժ չտեսա: Նախագահի այցը ՆԱՏՕ, ընդամենը մի այց էր: 1991թ-ին՝ անկախության հանրաքվեի ժամանակ, մեր ժողովուրդը ումի՞ց անկախացավ ու հեռացավ, Ռուսաստանից, չէ՞: Այդ ժամանակ ժողովրդի 94%-ն ասել է՝ չենք ուզում Ռուսաստանի հետ հարաբերվել, որովհետև 200 տարուց ավելի մենք տեսանք, որ Ռուսաստանը չարիք է մեզ համար: Հիմա ո՞վ է իրավունք տվել, ժողովրդի 94%-ով որդեգրած ռազմավարությանը արհամարհական վերաբերմունք ցույց տալ, թեկուզ դու լինես երկրի նախագահ: Նաև Սերժ Սարգսյանը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ազդարարում էր, որ ինքը Եվրոպական միության կողմնակից է, ու Հայաստանը գնում է դեպի եվրաասոցացում և այդպես է ընտրվել: Հիմա այդ դեպքում պետք է ասենք՝ դու խաբել ես ընտրողներիդ, եթե հրաժարական չի տալիս»,-բացատրեց նա: 

Հարցին, թե ո՞ր դեպքում կդադարեցնի հացադուլը և որքա՞ն է հացադուլի մեջ լինելու, եթե ՀՀ Նախագահը հրաժարական չտա, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ինձ համար ամեն ինչ հստակ է, և վայ այն մարդուն, ով չգիտի, թե իր գործողությունները ինչ ժամանակացույցով պետք է ընթանան: Բայց ես այս պահին պատասխան չեմ տա: Կավարտեմ հայկական ավանդական կարգով, եթե երրորդ օրը հրաժարական տա, երրորդ օրը կդադարեցնեմ, եթե չորրորդ օրը, ապա` չորրորդ: Իսկ եթե հրաժարական չտա, ես հետո կբացեմ փակագծերը ու կասեմ, թե ինչ եմ անելու»:

 

Աղվիւր՝ Tert.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>