ՀՀ իշխանությունները լուծում են մի խնդիր՝ ինչպես անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերն իրականություն դառնան: Իսկ ծրագրերը կայանում են նրանում, որ կամ Հայաստանը չլինի կամ եթե լինի, ապա այնքան թույլ, որ մշտապես Ռուսաստանից կախման մեջ լինի, խամաճիկ լինի: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Սա մեկ օրվա մեջ չի արվում, այլ արվում է տևական և հետևողական աշխատանքով: Սահամանդրությունը ևս ընդունվել է կեղծիքներով: Մենք բոլորս նպատակադրված գործընթացի ականատեսներ ենք: Կա Հայաստանը թուլացնելու նպատակաուղղված քաղաքականություն և դրան նպաստող սպասավորներ, լաքեյներ»,- ասաց նա:
Անդրադառնալով Արա Բաբլոյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում նշանակվելու թեմային, Պարույր Հայրիկյանը շեշտեց՝ քաղաքականության մեջ նա որևէ դրսևորում չի ունեցել. «Երբ մարդն իր տեղում չէ, գործը ձախողվում է: Ստացվում է՝ արվում է ամեն բան, որ ամեն մարդ իր գործը չանի: Արա Բաբլոյանը շատ լավ բժիշկ է, լավ կազմակերպիչ, բայց լավ քաղաքական գործիչ չէ: Ես կարո՞ղ եմ բժիշկ նշանակվել: Իհարկե ոչ»:
ԱԻՄ նախագահը տեղեկացրեց, որ Սահմանադրության նոր նախագիծ ներկայացնելու նպատակով իրենք այժմ լրջորեն քննարկում են լայնածավալ ստորագրահավաք սկսելու նախաձեռնությունը: