Մամուլի ասուլիսի շրջանակներում այս խնդրին անդրադառնալը կարող է անհասկանալի թուալ, սակայն հենց մամուլի ասուլիսն է այն ամբիոնը որով պէտք է հանրութեանն ու իշխանութիւններին ներկայացուեն մտահոգիչ երեւոյթները։
Արտաքին քաղաքականութիւնը ինքնուրոյն երեւոյթ չէ։ Այն անդրադարձն է տուեալ երկրի պատասխանատու ղեկավարների աշխարհընկալման, նրանց արժեքային համակարգի, իրազեկութեան եւ գրագիտութեան նրանց նաեւ նախասիրութիւնների ու նախապաշարումների, եւ ամենակարեւորը ազատագրուած կամ նախկին կարգավիճակում մնացած էութեան։ Ազատագրուած լինելու նախապայմաններից է արդար ընտրութիւններով ընտրուած լինելը։
Մենք երկու տասնամեակ է պատերազմական կամ նախապատերազմական իրավիճակում ենք։ Երկուսն էլ անթոյլատրելի երեւոյթներ են մանաւանդ ԵԱՀԿ անդամ պետութիւնների համար։ Թուրքիան ի հեճուկս իր աշխարհաքաղաքական կարգավիճակից բխող բազմաթիւ միջազգային պարտաւորութիւնների փակ է պահում Հայաստանի հետ սահմանը. ըստ էութեան տնտեսական պատերազմ է հայտարարել Եւրոպական Խորհրդի անդամութեան շրջանակներում դաշնակից պետութեանը։
Հայաստանն իր հանդուրժողական կեցուածքով ասես արդարացնում է իր հանդէպ հնչող մեղադրանքները։
Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ միջազգային հանրութեանը եւ հոգեբանօրէն եւ իրաւականօրէն (միջազգային տարբեր կառոյցներում ընդունուած բազմաթիւ հայավնաս բանաձեւեր, յայտարարութիւններ, ելոյթներ) նախապատրաստւում է նոր՝ այս անգամ արդէն իր հարմար հաղթական պատերազմի։ Նրանց արդէն յաջողուել է աշխարհով մէկ կարծիք արմատաւորել, որ Հայաստանը նուաճել է Ադրբեջանի տարածքների քսան տոկոսը եւ դա արել է եւրոպական արժեքային համակարգի նկատմամբ քամահրական վերաբերմունք դրսեւորող Ռուսաստանի աջակցութեամբ։ Ադրբեջանը խեղճ զոհ է, Թուրքիան այդ ճնշուածի պաշտպանը։
Ինչպէ՞ս առաջացաւ այս իրավիճակը։ Այլոց, այլ պետութիւնների նպատակների, նրանց իրական կամ թուացեալ շահերի մասին խօսել, կնշանակի ուրանալ սեփական մեղքի բաժինը։ Ես այսօր ուզում եմ խօսել մեր մասին։
Միջազգային իրաւունքից անիրազեկ, հայ ժողովրդի պատոմութիւնից անտեղեակ եւ պատմութեան դասերի նկատմամբ անտարբեր անձն է հիմնադիրը ներկայիս բարդագոյն իրավիճակի։ Ռազմավարական պատկերացումների բացակայութիւնը, հարմարուողական, պատեհապաշտական, նախաձեռնազուրկ գործելաոճը հանգեցրեց նրան, որ նա առաջին իսկ քայլերով ոչնչացրեց միջազգային իրաւունքի տեսանկիւնից անառարկելի առաւելութիւններ ունեցող միջազգային իրաւունքի ենթակայ դարձող Հայաստան պետութեան առաջխաղացման հնարաւորութիւնները։ Նրա կամքով Անկախացող Հայաստանը չսահմանազատուեց Հայաստանի անկախութիւնը ոչնչացրած, ցեղասպանութեան հետեւանքներն ամրագրած Մոսկուայի 1921 թ.-ի պայմանագրից։ «Ղարաբաղ» կոմիտէով ասպարէզ ելած մարդը ՄԱԿ-ում անդամագրութեան շրջանում Հայաստանի սահմանների վերաբերեալ նոյնիսկ Արցախի վերաբերեալ վերապահում չարձանագրեց, էլ չենք խօսում միջազգային պայմանագրերի ու դրանցից բխող միւս անբեկանելի միջազգային որոշումների մասին։
Թւում էր, թէ Հայաստանի հետ միաւորուած Արցախը որպէս Հայաստանի մաս չներկայացնելով մնում էր միայն ճանաչել նրա ինքնորոշման իրաւունքը եւ այդ իրաւունքի հիման վրայ ձեռք բերած անկախութիւնը։ Դա նոյնպէս չարուեց։ Գաղտնիք չէ, որ հայութեան տարբեր շրջանակներ սատարեցին արցախցիներին նրանց դժուարին գոյամարտում։ Սակայն դա Արցախ-Ադրբեջան հակամարտութիւն էր։ Երբ դժուարին կացութեան մէջ յայտնուած Ադրբեջանական իշխանութիւնները 1994 թուականին դիմելով Ռուսաստանի միջնորդութեանը զինադադար խնդրեցին, հասկանալի է, որ զինադադար հաստատելու փաստաթղթի տակ պիտի լինեին հակամարտող կողմերի՝ Արցախի եւ Ադրբեջանի ստորագրութիւնները։ Սակայն ընդառաջելով ադրբեջանական կողմին զինադադարի փաստաթղթի տակ ստորագրում է նաեւ Հայաստանը։ Դրանով Հայաստանը պաշտոնապէս իրեն հակամարտութեան կողմ է ազդարարում, այլ խօսքով Հայաստանն իր ժողովրդով ներքաշւում է պատերազմի մէջ։ Այդ պահից Արցախի ինքնորոշման պայքարի փոխարերէն կամ լաւագոյն դէպքում դրան զուգահեռ աշխարհն արձանագրում է, որ կա ոչ թէ Արցախի ինքնորոշման հարց, այլ հայ-ադրբեջանական հակամարտութիւն։ Ասէս այդ գիծը խորացնելու նպատակով Արցախի ընտրուած նախագահն էլ հրաւիրուեց Հայաստանի վարչապետ։ Բնականոն հետեւանքը՝ Արցախը պիտի արտամղուէր բանակցային գործընթացից, ինչը եւ տեղի ունեցաւ։ Այսպիսով՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի մասին խօսող Հայաստանի իշխանութիւնները իրենք Ադրբեջանից ոչ պակաս արհամարհեցին եւ Արցախի փոխարէն բանակցութիւններ վարելով շարունակում են արհամարհել Արցախի ինքնորոշման իրաւունքը։
1990-1998 թթ. ՀՀ առաջին քաղաքական պատասխանատուի կամքով կամքով, աւելի ճիշտ՝ կամայական մոտեցմամբ գաւառական վարչարարին վիճակուեց նախ դառնալ Հայաստանի վարչապէտ, ապա եւ միջազգային իրաւունքի ենթակայ Հայաստանի նախագահ։ Այդ կարգավիճակում էլ նա շարունակում էր կարծել, թէ Արցախն աշխարհի կենտրոնն է՝ Հայաստանը Արցախից դուրս մի հայախօս կառոյց, որի միակ առաքելութիւնն է սպասաւորել Արցախին։
Սերժ Սարգսեանը այդ բացասական ժառանգութեան կրողն է եւ դժուար է պատկերացնել, որ մանաւանդ ձախողուած՝« առանց նախապայմանների» բարի դրացիական հարաբերութիւնների հաստատման քաղաքականութիւնից յետոյ ի զորու կլինի արմատական փոփոխութիւններ իրականացնել։ Նա ոչ միայն Լեւոն Տէր Պետրոսեան- Ռոբերտ Քոչարեան բացասական ժառանգութեան, այլեւ իր իսկ հիմնական շեշտադրումներով ձախողուած արտաքին քաղաքականութեան պատանդն է։
Կա՞ մէկը ով կասկածում է, որ Հայաստանը կատարեալ ձախողում է ապրել դիւանագիտական ոլորտում։ Մեր ինչի՞ն է պէտք այս կամ այն պետութեան բարիացակամ կամ քաղաքագիտական լեզուով ասած դաշնակցային վերաբերմունքը։ Ինչպէս բոլոր ժողովուրդներին, այդպէս էլ մեզ՝ խաղաղութիւն է անհրաժեշտ։ Ոչ մի խելացի ազգ մանաւանդ իր համար անբարենպաստ պայմաններում պատերազմական իրաւիճակը չի երկարաձգում։ Ո՞րն է մեր իրական եւ թուացեալ դաշնակիցների առաքելութիւնը։- Օգնել մեզ արժանապատիւ խաղաղութե՞ան հասնել, թէ մեզ պատերազմով սպառնացող հարեւանին զենք վաճառել ու շարունակել դաշնակից կոչուել։
Պէտք է արտաքին քաղաքականութեան նոր ռազմավարութիւն մշակե՞լ։ Դեռեւս 1987 թուականին մեզ համար, բոլորիս համար Ինքնորոշում մաւորումն ու իր հրապարակախօս Անկախութիւն թերթն հիմնադրելով հենց Անկախութիւն թերթի առաջին համար առաջին առաջնորդող յօդուածում մենք գրում էինք, որ մեր սերնդի ռազմավարութեան հիմքում 1915-1923 թթ հայութեան հանդէպ իրականացուած ցեղասպանութեան հետեւանքների վերացումն է։ Ի դէպ, ի՞նչ խայտառակութիւն։ Լրանում է ԽՍՀՄ նաեւ Վարշավեան պակտի, այսինքն՝ կոմունիստական կայսրութեան առաջին այլընտարանքային քաղաքական պարբերականի, հայ ազատ մամուլի առաջնեկի 25-ամեակը եւ անկախ Հայաստանի իշխանութիւնները ոչ մի ուշադրութիւն առաջադէմ մարդկութեան համար այդքան կարեւոր երեւոյթին։
Վերադառնամ մեր հիմնական նիւթին. Ժամանակին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ազդարարեց, որ ինքն այն ժամանակ մեզ հաղթանակած ժողովուրդ կհամարի, երբ հարեւանների հետ խաղաղութեան՝ ոչ զինադադարի,պայմանագիր կնքած կլինենք։
Չկայ այդ խաղաղութիւնը եւ առաջիկայ տարիներին չի էլ նշմարւում ։ Լարուածութիւնը պահպանւում է, խորանում եւ միջնադարեան վայրագութեան երանգներ է ստանում։ Ադրբեջանական իրաւապաշտպան շրջանակները գրում են, որ այս վիճակը ձեռնտու է ադրբեջանական բռնապետական իշխանութիւններին, որոնք շահարկելով անվտանգութեան խնդիրները զբաղուած են նաւթաոսկիներ կուտակելով։ Սակայն աւելի քան ակնյատ է, որ կան դրան զուգահեռ շահեր։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատեաց շրջանակները գիտակցում են, որ ընթացող ժողովրդագրական գործընթացների, այդ խնդրի նկատմամբ Հայաստանի իշխանութիւնների անտարբերութեան, իշխանութեան մաս դարձած քրեաօլիգարխիկ տարրերի գործունէութեան պայմաններում, իրենք իւրաքանչիւր անցնող տարի անհամեմատ աւելի շահեկան վիճակում են լինելու։
Ինչպէս գիտեի, թէ ինչ պէտք անել 25 տարի առաջ, այդպէս էլ գիտեմ այսօր, որ մենք պէտք է արմատապէս փոխենք մեր արտաքին քաղաքականութիւնը։ Էականօրէն որեւէ բան փոխել առանց իշխանակիրների գէթ մասնակի տեղաշարժի դժուար է պատկերացնել անգամ։ Մինչեւ վերջ գործողութիւնների համակարգը ներկայացնել բնականաբար չեմ պատրաստւում, սակայն համալիր եւ համակարգուած քայլերից նշեմ միայն այն, որ միջազգային իրաւունքի եւ համապատասխան միջազգային կառոյցների օգնութեամբ պէտք է շուտափոյթ կերպով վերջ տալ հակամարտութեանը։ Հայաստանը պէտք է ազդարարի, որ ինքը դուրս է գալիս բանակցային գործընթացից եւ տարածաշրջանի միւս պետութիւնների հետ կամենում է լինել խաղաղութեան, բանակցային գործընթացի, հայ եւ ադրբեջանցի քաղաքացիների անվտանգութեան երաշխաւորներից մէկը։ . Արցախը ինքը պէտք է շարունակի բանակցութիւնները եւ վերջնական համաձայնութեան գայ Ադրբեջանի հետ։
Հրապարակախօսկան քարոզչական ոլորտից.- պէտք է աշխարհին մատուցել այն իրողութիւնը, որ հակամարտութեան կողմ է նաեւ Թուրքիան, որն իր դերակատարութիւնը ստուերելու նպատակով մշտապէս խօսում է Ադրբեջանի ծանր վիճակի մասին եւ դրանով է բացատրում Հայաստանին տնտեսական պատերազմ ազդարարելու միջազգային իրաւունքին հակասող կեցուածքը։ Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը բոլշեւիկեան Ռուսաստանի աջակցութեամբ տիրել են եւ շարունակում են տիրել միջազգայնօրէն Հայաստանի մաս ճանաչուած տարածքների 80 տոկոսից աւելիին։ Նախապայմաններից հրաժարուելով բարի դրացիական հարաբերութիւնների ձգտողները պէտք է գոնէ մէկ անգամ ակնարկեին թէ ինչ նախապայմաններ կարող էին լինել եւ չեն դրւում։
Կազմակերպական քայլերից առայժմ նշեմ միայն այն, որ պէտք է շտապ կարգով Հայաստանի միջազգային իրաւական հնարաւորութիւններն ուսումնասիրող յանձնաժողով ստեղծել՝ Արա Պապեանի, Արմէն Այուազեանի, պատմաբան եւ միջազգային իրաւունքի մասնագէտ այլ հայ եւ օտարազգի անձանց, ինչպէս նաեւ Վարդան Օսկանեանի իշխանավարոթեան ժամանակ պաշտոնանկ արուած հայ դիւանագէտների մասնակցութեամբ։
Ի տարբերութիւն ուղղակի պատերազմական վիճակի, երբ հակառակորդիդ հարձակումը գոնէ կասեցնելու համար դու պէտք է նրա նիւթական կարողականութեան գոնէ մէկ երրորդն ունենաս, դիւանագիտական՝ մտաւոր պայքարում նիւթական նոյնիսկ հազարապատիկ առաւելութիւնը կարող է ոչինչ լինել։ Դրա վկայութիւնն է ճատրակի՝ շախմատի մեր ազգային հաւաքականի աշխատանքը։
Հայաստանը կարող է դուրս գալ իրեն պարտադրուած դիւանագիտական ճգնաժամից եւ մեզնից ամեն ոք, մանաւանդ երկրի պատասխանատուները, պէտք է մեծագոյն պատասխանատւութեամբ վերաբերեն խնդրին։
17 յոկտեմբերի 2012 թ.