Որոշ բարեկամներ դժգոհում են, որ մենք մեր հրապարակային հանդիպումների մասին նախօրոք պատշաճ չենք իրազեկում։ Ուրբաթ օրը՝ յունուարի 10-ին ժամը 16-ին մի այդպիսի հանդիպում ունենք՝ միայն հանդիպում։ Այդտեղ կքննարկենք, յաջորդ հանդիպման, գուցէ եւ հանրահաւաք-երթի հարցը յունուարի 24-ի համար։ Նոյն օրը «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՔԱՂԿԱԼԱՆԱՒՈՐՆԵՐԻ» միջոցառում էլ է լինելու։ 100 տոկոսանոց է մեր աւանդական Ազատութեան օրուայ՝ փետրուարի 18-ի, հանրահաւաքը՝ նոյնպէս ժամը 16։00-ին։ Այդ օրը մի բացառիկ խորհուրդ է կրում իր մէջ։ Այնպէս որ նախապատրաստուենք։ Հրաւիրում ենք բոլոր ոչ բարդոյթաւորուածներին ու ազգի ճակատագրով իսկապէս մտահոգ մարդկանց։
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։