«Հայաստանը սրընթաց գնում է դեպի կործանում, եւ դրա համար ապացույցներ պետք չեն: Լավագույն ապացույցը ՀՀԿ վերջին համագումարն էր, որը հարիր էր Հյուսիսային Կորեայի նման բռնապետական երկրին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ընդգծելով, որ եթե որեւէ ընտրությունում առկա է մեկ թեկնածու, ապա դա այլեւս ընտրություն չի կարող համարվել:
Նրա դիտարկմամբ, երկիրն ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է ապրիլյան Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ դաշինք ձեւավորել, սակայն ոչ թե խորհրդարանում «ողորմելի» ներկայություն ապահովելու, այլ կայուն մեծամասնություն ունենալու նպատակով: Նա նշեց, որ նման առաջարկով դիմել է գործող կուսակցություններին, սակայն դեռեւս արձագանք չի ստացել: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ստեղծած դաշինքին, Հայրիկյանը նշեց, որ դրական է գնահատում ինչ-որ ուժերի միավորվում: «Բայց երբ քաղաքական ուժը չի արձագանքում դաշինք ստեղծելու մեր առաջարկին, դա, մեղմ ասած, անշնորհքություն է: Այդ մարդիկ կամ ԿԳԲ-ի կամ Սերժ Սարգսյանի մարդիկ են, ովքեր ընդամենն արեւի տակ տեղ փնտրելու խնդիր ունեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Եթե մինչեւ դեկտեմբեր որեւէ ուժ չարձագանքի դաշինք ձեւավորելու իր առաջարկին, ապա իրենք ժողովրդավարական դաշինքի փոխարեն կստեղծեն «Ժողովրդավարական Հայաստան» միավորում, որի կազմում կընդգրկվեն մտավորականներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ: «Միավորման նպատակը կլինի նույնը՝ ընտրությունները դարձնել համազգային կարեւորության իրադարձություն, վերացնել ՀՀԿ-ի բացարձակ մենիշխանությունը եւ կարճ ժամանակում նոր Սահմանադրության նախագիծ ունենալու դեպքում կազմակերպել նոր ընտրություններ»,- ասաց ԱԻՄ նախագահը:
Աղբյուր՝ a1plus
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։