Երեկ Պարույր Հայրիկյանին այցելության է գնացել ԱԺ Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ մահափորձն առաջին հերթին հարված էր Պարույր Հայրիկյան անձին, Արշավիրի որդուն, Նանեի հորը, Սուսաննայի ամուսնուն և իր անմիջական ընկերներին:
«Այն հարված էր մարդ Հայրիկյանին, Հայրիկյան քաղաքական գործչի տեսակին, նոր հետո այն հարված էր քաղաքական իշխանություններին, որովհետև այսօր Հայաստանում բոլոր տեսակի ապօրինություններն ու հանցանքները պիտի կանխի, հետաքննի ու պատժի իշխանությունը: Դա բավական լուրջ հոգս է: Երրորդը և ամենակարևորը դա ցեխ շպրտել էր Հայաստանի վրա: Ցանկացած ահաբեկչություն Հայաստանը վարկաբեկելու նպատակ է հետապնդում՝ Հայաստանը մղել դեպի չկայացած պետությունների շարք: Հայաստանի հանդեպ ցանկացած ոտնձգություն հարված է քաղաքացիների իրավունքներին: Մեր կարգավիճակն ուզում են իջեցնել»,- ասաց Ազատ Արշակյանը:
Նա կարծում է, որ իրականում շատ վտանգավոր բան է տեղի ունեցել, ահա ինչու բոլորը պետք է զգոն և սթափ լինեն, ու «մառադյոռություն» չանեն այն դժբախտությունից, որը պատահել է: Մեր այն հարցին՝ ինչու՞ է մահափորձը փոխադարձ մեղադրանքների թիրախ դարձել ընդդիմություն-իշխանություն հակամարտության մեջ, Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ թեև յուրաքանչյուրն ունի կարծիք հայտնելու իրավունք, բայց մեղադրանք ներկայացնողները չպետք է շահարկեն երկրի հանդեպ իրականացված ահաբեկչությունը:
Այն հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Պարույր Հայրիկյանի կասկածները, որ մահափորձի հեղինակը Ռուսաստանն է, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Պարույր Հայրիկյանը բավական լուրջ քաղաքական գործիչ է ու լուրջ կենսագրություն է անցել այդ իրավիճակը վերլուծելու համար: Ինձ համար կարևոր է այն, որ մեզ վրա հարձակվել են, ուստի մենք պետք է պաշտպանվենք: Պետք է իրավապահ մարմինները շատ արագ ուժեղացնեն իրենց համապատասխան ծառայությունները, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն: Իսկ թե հանցագործը ում պատվերն էր կատարել, մոլագար էր, դրսից էր, ներսից էր, թե այլմոլորակային էր, միևնույն է, պետք է պատժվի»:
Նա նշեց նաև, որ Հայրիկյանը կողմ է, որ ընտրությունների հետ կապված սահմանադրական կարգի նորմալ ընթացքը պահպանվի: Ընտրարշավը կշարունակվի, իսկ ժողովուրդը կկողմնորոշվի: