ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամ Կարո Եղնուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ թեկնածուի դեմ մահափորձից հետո նրա՝ Սահմանադրական դատարան չդիմելու մասին հայտարարության մեջ նշվել էր, որ նա նախագահական ընտրությունները հետաձգելու նպատակով դեռևս չի դիմի ՍԴ, սակայն նախապայմաններ էին առաջադրվել, որոնց չիրականացման դեպքում Պարույր Հայրիկյանի ՍԴ դիմելը ավելի արդիական է դարձել:
Նրա խոսքով՝ իրենց առաջին նախապայման եղել է այն, որ ընդդիմադիր թեկնածուները համաձայնության գային միասնական մոտեցում ունենային, բանակցեին, թե ինչու պետք է հետաձգվեն ընտրությունները և երկրորդ պայմանը այն է, որ իրենք սպասում էին, որ պատկան մարմինները հայտարարություն պետք է անեին, բացահայտում պետք է անեին կամ գոնե ասեին՝ որ վարկածները չեն կարող իրատեսական լինել:
«Մենք մեր բացատրությունը տվեցինք, թե ինչու պետք է չհետաձգվեին, իսկ իրենք իրենց բացատրությունները տալու փոխարեն հայտարարություն արեցին, թե իրենց մեքենան են հրկիզելու: Ոստիկանությունը կամ իշխանությունն էլ, եթե չեն բացահայտում, թե ով է, գոնե պետք է բացառեն բամբասանքները լրատվամիջոցներում, թե օրինակ ռագատկայով են խփել»,- ասաց Կարո Եղնուկյանը:
Իրենց պայմանները չիրականացվելու դեպքում, ըստ Կարո Եղնուկյանի, իրենք օրենքով սահմանված կարգով, կսպասեն մինչև փետրվարի 10-ը:
«Եթե մինչև այդ մեր մրցակից թեկնածուները կամ պատկան մարմինները, իշխանությունները չանեն այն, ինչ պետք է անեն, մենք համապատասխան կշարժվենք»,– ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե մամուլում կարծիք է շրջանառվում Պարույր Հայրիկյանի և իշխանությունների միջև գործարքի վերաբերյալ, Կարո Եղնուկյանը ասաց, որ դրանով դեղին մամուլն է զբաղված հիմա:
«Մեզ պետք չի ապացուցել, որ գործարք չկա, դա մեր անելիքը չի, մենք մինչև այսօր էլ չենք իմանում, թե ով է, ինչպես, ինչ զենքով, ինչ փամփուշտով կրակեց: Մեզ պետք չի պաշտպանվել և փորձել ճշմարտությունը ապացուցել»,– ավելացրեց նա:
Իսկ այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ նման կերպ ինտրիգ են ցանկանում մտցնել, Կարո Եղնուկյանը ասաց. «Մենք ընտրապայքարը շարունակելու ենք, իսկ դուք նման հարցով թույլ չեք տալիս շարունակել նման ընտրապայքարը: Սա շեղում է մեզ պայքարից: Մենք ինտրիգ չենք ուզում անել, մենք ուզում ենք մեր ընտրապայքարը նորմալ ձևով շարունակել»:
Աղբյուր՝Թերթ.am