Category: Հարցազրիւյցներ
Published on 18 February 2013
Print

Քիչ առաջ Կոտայքի մարզի Գողթ համայնքի միջնակարգ դպրոցում տեղակայված 27/25 ընտրատեղամաս ժամանեց «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նախագահի թեկնածուն նշեց. «Քվեարկության պահին կարդացի իմ անուն, ազգանունը և ուրախացա: Սա ասում եմ այն բոլոր միջակությունների, ողորմելիների համար, ովքեր ինձ համարում են ինքնասիրահարված: Ուրախությամբ ինձ ձայն տվեցի: Ես քվեարկեցի Պարույր Հայրիկյանի օգտին: Այնտեղ քվեաթերթիկում գրված էին տարբեր անուններ, ինչպես նաև իմ անունը, բնականաբար, եթե ես առաջարկում եմ քվեարկել Պարույր Հայրիկյանի ծրագրերի օգտին, պարզ է, որ պետք է քվեարկեմ իմ օգտին: Կարող եք արդեն վստահ լինել, որ Հայաստանում մեկ մարդ արդեն քվեարկել է Պարույր Հայրիկյանի օգտին»:

Հարցին, թե որ Հայաստանի օգտին նախագահի թեկնածուն քվեարկեց, Պ.Հայրիկյանն ասաց՝ այն Հայաստանը, որն այսօր կա, անցյալից տարբերվում է նրանով, որ ինչ-որ չափով ժողովրդավարական է, միջազգային իրավունքի ենթակա է, սահմանադրությամբ պետք է լինի նաև սոցիալական և իրավական: «Մեր ցանկությունները զրո են սահմանադրությամբ նախանշած Հայաստանի համեմատությամբ, իսկ մեր սահմանադրությունը նախանշել է Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և ընկերային, սրանք ասում են` սոցիալական, պետություն պետք է լինի: Բոլորս ուզում ենք, որ Հայաստանը դառնա այդ պետությունը: Այսքանով բավարարվենք, այսօր ես խոսելու իրավունք չունեմ»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Պ.Հայրիկյանը շնորհավորել նրան, ով կընտրվի, նա ասաց. «Դա այս ընտրությունների տասերորդական հարցն է: Գիտեք` մանկապարտեզի երեխաներն են ասում, շնորհավորեց, չբարևեց, չշնորհավորեց: Երեխա չեք, այ մարդ, տեսեք ընտրություններն ինչ պետք է լինեն: Կարող է ես ցածր մակարդակ ունեմ և անարդար ընտրվածին շնորհավորում եմ, կամ կարող է շատ բարձր մակարդակ ունեմ և արդար ընտրվածի քայլվածքում ինչ-որ սխալ եմ տեսնում և ասում` գիտես ինչ կա, գնա քո ճանապարհով: Դա չի էականը, դրանք մանրուքներ են: Մարդկային հարաբերությունները խոսակցության առարկա են դարձնում նրանք, ովքեր ավելի լուրջ խոսելու բան չունեն: Օրինակ` ես հրապարակային բաց նամակ գրեցի միասնական թեկնածուի և հաղթելու մասին: Ուզում եք հաղթել, ես ուզում եմ հաղթել: Ընդդիմադիր եք, գնանք, Սերժ Սարգսյանին ասենք դու կզբաղվես, քո խորհրդարանական մեծամասնությամբ: Հստակ ասված է` լինենք միասին հաղթող թիմ` ես երրորդը կլինեմ, երկրորդը, դու առաջինը, կարևոր չի: Փոխանակ առարկայական պատասխան տան, ասացին` ինձ բարձր ձայնով ասաց, հեռախոսով ասաց: Տղամա՞րդ ես, քաղաքական գործի՞չ ես, թե՞ տնային տնտեսուհի: Քեզ բաց նամակ է ուղարկված, դու էլ բաց պատասխանի նամակին: Կարևորը՝ Հայաստանում լինեն իսկապես արդար ընտրություններ»:

Պ.Հայրիկյանի խոսքերով՝ Գողթ գալով արձանագրել է, որ գյուղում բացվել է բռնադատվածների հիշատակին նվիրված հուշարձան: Ըստ նրա՝ բնակիչները որոշել են հուշարձան կառուցել, որպեսզի գալիք սերունդները իմանան, թե ինչ պայմաններում են ապրել իրենց նախնիները: «Հայաստանում ամեն ընտրություն գալիս է ոչ ասելու այդ բռնատիրական ժամանակներին: Աստված տա մեր ընտրություններն իսկապես լինեն անթերի, ոչ թե համեմատելի այս կամ այն եվրոպական երկրների ընտրությունների հետ, այլ իսկապես լինեն աշխարհի բացառիկ ընտրությունները: Կգա ժամանակ, որ ընտրություններն իսկապես տոն կդառնան: Ընտրություն նշանակում է ՝ քաղաքացին մեկ անգամ ևս համոզվում է, որ ինքը տերն է և եկել է իրեն սպասավորելու, ծառայելու մարդկանց մեջից որոշելու, թե որ ծառան իրեն ավելի լավ կծառայի: Առայժմ այդ հոգեբանական վիճակին չենք հասել»,- նշեց Պ.Հայրիկյանը:

Նրա խոսքերով՝ իր ցանկությունն է, որ համակարգային փոփոխություններ կատարելով Հայաստանը իսկապես դարձնեն աշխարհի ամենաբացառիկ երկիրը. «Բայց դա կախված է մեր քաղաքացիներից՝ ստամոքսով կմտածեն, սրտով, թե ուղեղով, միայն թե վախի ազդեցության տակ չլինեն»: 
Նշենք, որ 27/25 ընտրատեղամասում ժամը 14:30- դրությամբ 1466 ընտրողից իր քաղաքացիական պարտքն է կատարել 476-ը:


 

Աղբյուր` Panorama.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>