Քիչ առաջ mardik.am-ը զրուցեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանի հետ՝ կառավարության որոշման դեմ ուղղված արձագանքների մասին:
Հիշեցնենք, որ կառավարությունը Պարույր Հայրիկյանի բուժման համար տրամադրել է 20 մլն 500 հազար դրամ: Որոշումն արժանացել է բացասական արձագանքների, անգամ ֆեյսբուքյան խումբ է բացվել ՝ «ընդդեմ կառավարության որոշման» անվանումով:
Պրն Եղնուկյանի խոսքով՝ այդ բարբաջանքները նույն աղբյուրից են, այսինքն՝ երբ մահափորձից հետո հայտարարեցին, որ Պարույր Հայրիկյանը վիրավորվել է ուսից. «Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը նորից շեշտում է այդ նույն սուտը՝ Հայրիկյանն ուսից է վիրավորվել: Հայրիկյանի ուսին չեն կրակել, այլ կրծքավանդակին երկու անգամ»։
Անդրադառնալով կառավարության որոշմանը՝ Կարո Եղնուկյանը տեղեկացրեց, որ Պարույր Հայրիկյանը գումար չի պահանջել. «Կարծես թե միտումնավոր ուզում են Հայրիկյանին վարկաբեկել»,- ասաց զրուցակիցս՝ հավելելով, որ Հայրիկյանը տեղյակ չի եղել և իրեն անգամ չի հետաքրքրել՝ ինչքան գումար կհատկացնեն. «Այդ բարբաջողները չեն հասկանում, որ խոսքը մարդու առողջության մասին է:Մի մարդ, ով իր ամբողջ կյանքը անցկացրել է բանտերում՝ հանուն Հայաստանի անկախության,մարդ, ով մեր պետության կերտման գործում դրական ներդրում է ունեցել, երբևէ պաշտոն չի ունեցել, մերսեդեսներ և բենթլիներ չի քշում, պալատներ, բիզնեսներ չունի: Այդ մարդու վրա մահափորձ են կատարում, որի պատճառով նա երկու ամիս ցավերի մեջ է լինում: Հիմա էդ մարդուց ինչ եք ուզում, չգնա՞ բուժվի այդ մարդը: Լուսինե բադալյաններն ու չգիտեմ ինչյանները Հայրիկյանի եղունգի չափ վաստակ չունեն մեր պետության կառուցման գործում»,- ասաց պրն Եղնուկյանը՝ հավելելով, որ այդ գումարը վճարվելու է այն հիվանդանոցին, որտեղ բուժվելու է ԱԻՄ ղեկավարը:
Աղբյուր՝ mardik.am