Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ընդվզող քաղաքացիների շարժումը միանշանակ դրական երևույթ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը։ «Աննախադեպ քաղաքացիական շարժում է դրսևորվում փոխադրամիջոցների սակագնի փոփոխության համար. որևէ մեկը չի կարող դա բացասական երևույթ համարել»,- ասաց նա:
Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ երևույթը, որի դեմ ընդվզում են մեր քաղաքացիները, հետևանք է մեկ այլ երևույթի՝ գազի գնի բարձրացման. «Մինչև բարձրացումը պետք է գործողությունների ծրագիր մշակած լինեին, բանակցեին հարևան պետությունների և եվրոպական կազմակերպությունների հետ»։ Նա հավելեց, որ այդ բարձրացումը դեռևս ամրագրված չէ:
Բանախոսն, անդրադառնալով գազի գնի բարձրացմանը, հարցադրում արեց և ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Հայաստանը բանակցե՞լ է Պարսկաստանի հետ՝ գազի գնի հետ կապված։ Ո՛չ։ Ուրեմն ունենք ծախու արարածների հավաքածու: Ռուսաստանը բարձրացրեց գազի գինը՝ վազելով բարձրացրեցիք, ուրեմն ճորտ եք՝ Ռուսաստանի ճորտ»:
Ստեղծված իրավիճակը, ընդվզումը, ըստ Հայրիկյանի, «մանր-մունր հարց» է, ինքն էլ մանր-մունր հարցերով չի զբաղվում. «Սա հետևանք է մեկ այլ բանի, ես հետևանքներով չեմ զբաղվում, ես պատճառներով եմ զբաղվում»։
Աղբյուր՝ 1in.am