«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին ասուլիսում առաջարկ էր արել բոլոր քաղաքական ուժերին, ում հուզում է երկրի ապագան, որ մինչեւ սեպտեմբերի 21-ը համազգային կլոր սեղան հրավիրեն: «Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունա՞կ է ընդհանրապես որեւէ մեկի հետ նստել, հարց քննարկել՝ Պուտինից բացի: Նա Պուտինից բացի որեւէ մեկի հետ հարց քննարկե՞լ է երբեւէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպես արձագանքեց, երբ նրանից հետաքրքրվեցինք՝ մասնակցելո՞ւ է այդ համազգային կլոր սեղանին: Պարույր Հայրիկյանը հեգնեց. «Դուք հիշո՞ւմ եք որեւէ դեպք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկի հետ նստած, հարց քննարկած լինի»: Մեր դիտարկմանը, որ նրա վերջին աղմկահարույց հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ է եղել՝ Պարույր Հայրիկյանը հակադարձեց. «Բայց հարց քննարկե՞լ է: Հանդիպել է՝ իրեն ցույց տալու համար: Ինքը հարց քննարկելու ընդունակ չի: Եթե հարց քննարկելու ընդունակ լիներ, ես փայլուն առաջարկ էի արել նախագահական ընտրությունների ժամանակ միասնական թիմով հաղթելու: Իհարկե, դա գործեց այն մասով, որ ես խփվեցի, իմ ձայներն էլ գնաց իրեն: Բայց Պուտինի անուն տվողը եւ ոչ միայն Պուտինի, նույնիսկ Օբամայի անուն տվողը, որեւէ օտար երկրի ղեկավարի անուն տվողը Հայաստանի ներքին հարցերում միանգամից ինձ համար զրոյանում է»: Հետո Պարույր Հայրիկյանը սկսեց ծաղրել, թե «Ստոպիկը չի՞ դրա օգնականը, որը համարձակվեց ասել, որ Հայրիկյանի վրա չեն էլ կրակել»: Մեր դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Պուտինի անունը լավ դիտանկյունից չի հնչեցրել, նա ասել է, որ մի խառնվի մեր գործերին՝ Հայրիկյանը չհամաձայնեց. «Դե հիմա այդպես կարող են ասել: Լավից չի տվել: Վատի՞ց է տվել: Ասում էր՝ գնամ արդարություն բերեմ Պուտինից ու գնում է հաջորդ օրը Ռուսաստան»: Մեր հարցին՝ եթե համազգային այդ կլոր սեղանին բովանդակային քննարկում լիներ, չէի՞ք մասնակցի՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Բովանդակային՝ իհարկե, բայց ինքը անցած ճանապարհին ցույց չի տվել, որ խորհրդակցելու, լսելու կամ ինչ-որ բանում հայտարարի գալու ընդունակություն ունի: Չեմ հիշում այդպիսի դեպք: Երբ այն ժամանակ ասում էինք Սահմանադիր ժողով, ինքը Լեւոնի հետ մեր դեմ էր: Ասում էինք՝ Արցախի ճանաչում, ինքը Լեւոնի հետ մեր դեմ էր: Ասում էինք՝ էս սահմաններով Հայաստանը չի կարելի գրանցել ՄԱԿ-ում, ինքը մեր դեմ էր ու այդպես էլ գրանցվեց: Հետո հիմա եկել ասում է Սահմանադիր ժողով՝ 20 տարի հետո: Տղա ջան, գոնե պարկեշտությունն ունեցիր, ասա այն, ինչ 1919-ին դաշնակցականներն էին ասում, հետո 76. թ-ից՝ ԱՄԿ-ն, հետո 80-ականներից՝ ԱԻՄ-ը, որ մենք գտնում ենք՝ դա ճիշտ է: Կամ Արցախի ճանաչման մասին՝ եթե դու Արցախը չես գրանցել 91-ին ՄԱԿ-ում, Արցախի տարածքը մնացել է անորոշության մեջ, այն ժամանակ դու պարտավոր էիր ասել՝ մենք մեզ անկախ ենք ճանաչում մեր սահմաններով, իսկ Արցախի համար անկախություն ենք պահանջում: Ճանաչել նրա անկախությունը: Այն ժամանակ չես արել դա ի պաշտոնե, հիմա եկել ես ձեւեր ես թափում»:
Աղբյուր՝ Aravot.am