Category: Հարցազրիւյցներ
Published on 19 August 2013
Print

 - Պարոն Հայրիկյան, Ռուսաստանը վերջերս, հավանաբար, կապված ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ`սկսել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ, ի՞նչ եք կարծում Հայաստա՞նն էլ այդ կերպ «կպատժվի»:

 - Այն պահից, երբ Պուտինը հայտարարեց, որ հատուկ ծառայությունները պետք է պատրաստ լինեն «փափուկ ճնշում» գործադրել իր նախաձեռնությանն ընդդիմացող երկրներում, ամեն ինչ պարզ էր: Այդ «փափուկ ճնշումը», երբ խոսքը գնում է հատուկ ծառայությունների մասին, հարաբերական հասկացություն է, քանի որ դա կիրառելու վերջին միջոցն է:

 Այդ պահից ինձ համար հասկանալի դարձավ, որ Պուտինը շարքային ռուս իմպերիալիստ է, և նա ընդունակ է ամեն տեսակ սխալ քայլերի, նաև` ի վնաս Ռուսաստանի: Մեծագույն ռուս իմպերիալիստները բոլշևիկներն էին, որ Ռուսաստանին աշխարհի գերտերությունից դարձրեցին անհամեմատելի նախորդի հետ: Հիմա Պուտինը՝ եթե նույնիսկ այս պահին հաջողության հասնի, ապա Ուկրաինայում այն շրջանակները, որոնք նախկինում չեզոք էին տրամադրված Ռուսաստանի իմպերիալիստական նկրտումների նկատմամբ, դեմ կլինեն: Կոնկրետ ասեմ՝ այս տեսակ քայլերով Ռուսաստանը գործում է Ռուսաստանի դեմ:

 - Այսինքն այս տեսակ քայլեր կլինեն նաև Հայաստանի՞ դեմ, թե՞ քանի որ Ուկրաինան ստորագրում է, իսկ Հայաստանը` նախաստորագրում, ավելի «մեղմ» կվարվեն:

 - Այստեղ սկզբունքն է կարևոր, այսինքն այն, թե ինչ տեսակ սկզբունքերով է առաջնորդվում Ռուսաստանը: Նա չի կարող մի դեպքում լինել իմպերիալիստական, մյուս դեպքում՝ դեմոկրատական կամ իր գործընկերների ինքնորոշման իրավունքը հարգող: Ըստ երևույթին, Ռուսաստանի բոլոր բարեկամները պետք է հասկանան՝ սա է Ռուսաստանը, սա է Ռուսաստանը և վե՛րջ։ Խոսքն, անշուշտ, պուտինյան Ռուսաստանի մասին է:

 - Իսկ Վ. Պուտինի այցն Ադրբեջան կարելի՞ է Հայաստանի վրա գործադրվելիք ևս մեկ հոգեբանական ճնշում համարել:

 - Ոչ, իրենք իրենց հարցերն էին լուծում, առհասարակ զենքի վաճառքն է ճնշում, ուրի՞շ էլ ինչ անեն։ Եթե այդ երկիրը զենք է տալիս մեր թշնամիներին, ապա դրանով ամեն ինչ ասված է: Հիմա պարզապես խաղաղ վիճակ է, միջազգային լարվածություն չկա, հուսով եմ՝ կկարողանանք խուսափել բարդություններից: Ես պարզապես սպասում էի, որ մեր իշխանությունները՝ որպես իշխանություն, ավելի խոսուն քայլերով հանդես կգային:

 - Կարծում եք, որ չնայած այս տեսակ ճնշումներին Հայաստանի իշխանությունները կնախաստորագրե՞ն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

 - Չգիտեմ, ընդհանրապես երբ իշխանությունը այնպես է անում որ ամեն ինչ իրենից է կախված, դա խոհեմ որոշում է, որովհետև դու խոցելի ես դարձնում նաև քո դիրքորոշումը: Ես դրա փորձն ունեմ. 1988 թվականին ես ԱԻՄ-ականներին՝ դոկտոր-պրոֆեսոր Առաքելյանին, Ռաֆայել Համբարձումյանին ասացի՝ եթե դուք մնում եք ստվերում, միայն ես առջևում, ապա ԿԳԲ-ն կարող է մտածել, որ ինձ վերացնելով՝ կարող են վերացնել անկախական շարժումն ամբողջությամբ: Իրենք հապաղեցին։ Հիմա Սերժ Սարգսյանը պետք է հրապարակային ոչ թե քննարկումներ, այլ միջոցառումներ կազմակերպեր՝ ներկայացնելով, որ սա հնուց եկած մեր որոշումների շարունակությունն է, սա մեր որդեգրած քաղաքականությունն է, մենք պետք է փորձենք համաձայնագիրն էլ ստորագրելուց հետո լավ հարաբերությունների մեջ մնալ Ռուսաստանի հետ՝ հանդիպումներ կուսակցությունների հետ՝ իր կամ արտգործնախարարի մասնակցությամբ: Իսկ այստեղ, կարծես, պետական համակարգ չկա, Ս. Սարգսյանն էլ, կարծես քնից նոր է արթնացել և միայնակ ինչպես կորոշի՝ այնպես էլ կանեն. դա ոչ միայն սխալ է, այլև վնասակար ու կործանարար: Եթե նա վաղը ռուսական կողմնորոշում ընդունի՝ կդառնա հայ ժողովրդի մի ստվար զանգվածի կրկնակի քննադատության թիրախ, եթե եվրոպականը որդեգրի, ապա որոշ դատարկախոսներ կխոսեն, որոնք կարող են ամեն ինչ խոսել և անել՝ սկսած գաղտնի ծառայություններից մինչև նրանք, որ այդ ամենը կկապեն անձի հետ, ինչպես, օրինակ, ԿԳԲ-ն ինձ հետ վարվեց ժամանակին՝ արտաքսեց, իսկ արտաքսեց, որովհետև ուրիշ ճար չուներ:

 - Դուք մեկ անգամ ասացիք, որ Ռուսաստանը ձեր դեմ ուղղված մահափորձով նաև Հայաստանի դեմ ուղղված քայլեր է անում։ Գնալով ավելի ակնհա՞յտ է դառնում, թե ինչ քայլերի մասին է խոսքը:

 - Միանգամայն ակնհայտ է արդեն: Ժամանակին ռուսական իմպերիալիզմի դեմ հայ ժողովրդի կազմակերպած պայքարն առաջնորդող մարդը ռուսական իմպերիալիզմի նոր ռևանշի փորձից առաջ պետք է ենթարկվեր հատուկ գործողությունների, ինչը եղավ։ Դրան հաջորդեց զենք վաճառելը: Ռուսական մամուլում հայ ժողովրդի դեմ աննախադեպ հայտարարություններ եղան՝ կապված իմ անձի հետ։ Եթե ես այն ժամանակ վարկած էի ասում՝ խոսելով ԿԳԲ-ի գործակալական ցանցի մասին, ապա հիմա դա միանգամայն ակհայտ է, սրանք առանձին քայլեր չեն:

 Ճիշտ է, փորձում էին անել միջնորդավորված, որ շատ չերևա թե իրենց մատն է խառը (իմ կրծքավանդակին կարող էր կրակել նաև 7 տարեկան երեխան), մեր բոլորի բախտը բերեց բացասական հետևանքներ էր սպասելի՝ ռուսական իմպերիալիզմի կողմից՝ վախի մթնոլորտ պետք է լիներ Հայաստանում։ Բարեբախտաբար, վերջին շրջանում Հայրիկյանը միակ մարդը չէ, որ խոսում է ռուսական իմպերիալիստական ուժերի դավադիր գործողությունների մասին:

 Էջմիածինը ռուսական զորքի կողմից 1804 թվականին թալանվել է, և Պարսից շահը օգնել է, որ վերականգնվի թալանից հասցված վնասը: Մեր պատմաբաններն այդ մասին չեն խոսում, չեն խոսում, նաև, որ Խաչատուր Աբովյանը իր վերջին նամակում՝ ուղղված կաթողիկոսին, ասել է, որ ղզրբաշների (պարսիկների) օրոք ավելի լավ էր, քան անբարոյական Ռուսաստանի:

 - Այդուհանդերձ, կարո՞ղ է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը մի փոքր մխիթարանք լինել առ այն, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ինչ-որ իմաստով կվերանա:

 - Դե ֆակտո կախվածությունը, դե յուրե Հայաստանը անկախ պետություն է: Եթե Հայրիկյանը, Հայրիկյանի պես մեկը գա իշխանության, ապա Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կվերականգնվի՝ առողջ ուժերի հետ համատեղ: Այնտեղ շատ կան ուժեր որ ասում են՝ «այս ի՞նչ եք անում, Հայաստանը կշրջվի մեր դեմ, ի՞նչ գույք՝ պարտքի դիմաց», այդ բոլորն այնտեղ էլ ասողներ կան, այնպես որ մնում է ամրագրել դե յուրե անկախություն, որը նշանակում է օրենքով ամրագրված անկախության հասնել:

 

Աղբյուր՝ 1in.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>