Չնայած Հայաստանի իշխանությունները վճռական են հնարավորինս արագ ավարտել Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը անդամակցության գործընթացը, Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը պնդում է, որ ժողովրդի 70 տոկոսը դեմ է այդ անդամակցությանը։ Նա հանրահավաք է հրավիրել՝ այս կարծիքը բարձրաձայնելու համար։
Հանրահավաքը, որի իրազեկումն ի գիտություն է ընդունվել Երևանի քաղաքապետարանի կողմից, տեղի կունենա նոյեմբերի 28-ին Ազատության հրապարակում։ Հայրիկյանն «ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում ասաց՝ թեև մարդիկ անտարբերությամբ են նայում հարցին, բայց դրանով հանդերձ դեմ են ՄՄ-ին։ Այս պնդումը Հայրիկյանը հիմնավորում է վերջերս իր ղեկավարած կուսակցության պատվերով անցկացված հարցումով, համաձայն որի ՄՄ-ին անդամակցելուն կողմ է բնակչության 23 տոկոսը, դեմ՝ 70 տոկոսը։
Խորհրդային տարիների այլախոհը, ով երկար տարիներ բանտում է անցկացրել, համարում է, որ եվրոպական ինտեգրումը չէր վնասի Հայաստանի ինքնիշխանությանը, քանի որ ԵՄ-ն հարաբերությունների բարելավում, սերտացում է նախատեսում, այդ պատճառով էլ «անկախականները Եվրոպայի հետ մերձեցման մեջ որևէ վատ բան չեն տեսնում»։
«Մարդիկ պետք է ասեն, որ մենք ոչխար չենք, մենք այլ կարծիքի ենք, և դուք, որ մեզ համոզում եք, որ Լուկաշենկոյին ենք ձգտում, ձգտում ենք Պուտինի կամ Նազարբաևի բռնապետությանը, մենք դրան չենք ձգտում, Հայաստանը իր կիսատ-պռատությամբ հանդերձ գոնե մի քիչ տարբեր է այդ բռնապետություններից։ Որևէ մեկին իրավունք չի տրված հայ մարդու անունից կեղծ հայտարարություններ անել, ստրատեգիական սխալ որոշումներ ընդունել: Նույնիսկ եվրոպացիներն են նկատում, որ ՄՄ-ի հարցը Հայաստանում որևէ մակարդակով չի քննարկվել»,- ասում է Հայրիկյանը։
Եթե նախագահի նախկին թեկնածուն, իրականացված հարցմանը հղում կատարելով, խոսում է ՄՄ-ին դեմ 70 տոկոս բնակչության մասին, ապա Եվրասիական զարգացման բանկի «Ինտեգրացիոն բարոմետր» վերնագրված հարցումը բոլորովին հակառակն է պնդում։ Համաձայն այդ հարցման՝ Հայաստանի բնակչության 67 տոկոսը կողմ է ՄՄ-ին անդամակցելուն։ Նույն հարցման տվյալները ցույց են տվել, որ ՄՄ-ին անդամակցելուն կողմ է Ուզբեկստանի 77, Տաջիկստանի 75, Ղրղըզստանի 72, Մոլդովայի 54, Վրաստանի 59, Ուկրաինայի 50, Ադրբեջանի 37 տոկոսը։ Նկատենք, որ այսօր հաստատ է, որ նոյեմբերի 28-29-ը կայանալիք «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրեն միայն Մոլդովան և Վրաստանը։ Ուկրաինայի ասոցացման ճակատագիրը դեռ այս պահին հաստատ չէ, սակայն որոշ հաղորդումների համաձայն՝ այն կհետաձգի համաձայնագրի ստորագրումը։
Հայրիկյանը բացառում է, որ դեկտեմբերի սկզբին Պուտինի՝ Երևան այցելության օրը ևս բողոքի ակցիա կազմակերպի. «Նշանակում է՝ ես համարում եմ, որ Հայաստանը այլևս գոյություն չունի։ Կա հայկական պետություն, և Պուտինի նմանների հետ հարաբերվելու համար մենք ունենք նախագահ և այլ գերատեսչություններ։ Հայ քաղաքացին խոսակցություն պետք է ունենա իր պետության ղեկավարների հետ»։
Օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անդամակցելով ՄՄ-ին՝ Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը, ինչպես իրենց ինքնիշխանության մի մասը զիջում են ՄՄ անդամ մյուս երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ այս անդամակցությունը որևէ վնաս չի հասցնի Հայաստանի ինքնիշխանությանը։ Միևնույն ժամանակ Երևանում գտնվող Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, Եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայ օրենսդիրների հետ հանդիպմանն ասել էր, որ ռուսական կողմը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում։ Այս մոտեցումը հիշեցնում է խորհրդային տարիները, երբ Միության տարածքում գերիշխող էր ռուսերենը։
Եվ չնայած այս հայտարարություններին, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների մեծ մասը, բացառությամբ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների», դեմ չի արտահայտվել ՄՄ-ին։ Հայրիկյանն ասում է՝ դա իրեն չի անհանգստացնում, քանի որ «ինքն այդ ճանապարհը անցել է»։
«Մենք գիտենք՝ ինչպե՛ս են պատգամավոր դառնում, մենք գիտենք, որ ՀՀԿ-ի մեջ չգտնվեց մի հոգի, որ ասեր՝ էս ի՞նչ եք անում, մյուսներն էլ դեռ պիտի ճշտես՝ կուսակցությո՞ւն են, թե՞ ոչ։ Նրանք իրենք իրենց հավատարիմ չեն, դրա համար ես իրենց ուշադրություն չեմ դարձնում, հարցը վերաբերում է ժողովրդին։ Չշտապենք, մեր քայլերը կարող են արդյունք բերել, այս իրավիճակը մեզ պարտադրել են, և նույնիսկ չակերտավոր կուսակցությունները կարող են մեջքերն ուղղել։ Մենք կողմնորոշման խնդիր չունեինք, մենք գնում էինք Եվրոպա, ու հանկարծ պարզվեց՝ ինչ-որ մեկին կարող են վախեցնել... Վաղն էլ կարող են ավելի ուժեղ վախեցնել, բա էս ազգն ինչի՞ համար է»,- ասում է նա։
Աղբիւր՝ armenianow.com