ՀՀ նախագահի նստավայրի մոտ մի խումբ քաղաքացիներ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ «Հայաստանը դեմ է Մաքսային միությանն անդամակցության» պահանջով կազմակերպել էին բողոքի ակցիա:
Բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստել էին թռուցիկներ, որոնցում հիմնավորում է ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու վտանգները. «Մաքսային միության անդամակցությունը վտանգում է ՀՀ-ի ինքնիշխանությունը, խոչընդոտում ԵՄ-ի հետ մերձեցմանը և մեզ վերստին դարձնում ռուսական կայսրության ճորտեր: Մեր հայրենիքին սպառնացող այս վտանգը կարող ենք կանխել, եթե ազգովին «ոչ» ասենք մեզ պարտադրող հերթական բռնի «միությանը»»:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում Մաքսային միությունը համարեց 3 բռնակալների հավակնությունների դրսևորում, իսկ ԵՄ-ը՝ մի կառույց, որը գոյություն ունի շուրջ 60 տարի:
ԱԻՄ-ականները պահանջում են Սերժ Սարգսյանից ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ ազգաբնակչության 77 տոկոսը դեմ է Մաքսային միությանն անդամակցությանը:
Ակցիային մասնակցում էր նաև Ազգային միացյալ կուսակցության հետևորդ Ստեփան Զատիկյանի որդին՝ Վրեժ Զատիկյանը, որը mardik.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջն արդարացի են համարում նաև հասարակական մի շարք նախաձեռնություններ, կազմակերպություններ, անգամ կուսակցություններ՝ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները»: «Սերժ Սարգսյանը, ինչպես խոստացել է, պետք է մեկնի Վիլնյուս և ստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Իսկ եթե չկատարի իր խոստումը, թող հեռանա: Ստախոս նախագահ ունենալն ազգակործան բան է»,- ասաց Վրեժը՝ հավելելով, որ եթե նախագահը չհրաժարվի Մաքսային միությանն անդամակցության իր հայտարարությունից, նա առնվազն կլինի ազգի թշնամի:
Եթե Սերժ Սարգսյանը Վիլնյուսում ստորագրի ոչ թե ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, այլ հուշագրային բնույթի ինչ-որ փաստաթուղթ, դա կբավարարի՞ եվրաինտեգրման կողմնակիցներին: «Ես չեմ կարող ասել՝ այդ փաստաթղթում ինչ կա գրված, որ ասեմ՝ համաձայն եմ՝ նախագահը ստորագրի, թե ոչ: Բայց կարծում եմ՝ նրան չեն հրավիրում Վիլնյուս հուշագիր ստորագրելու, այլ հենց ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու»,- պատասխանեց Զատիկյանը:
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 29-ին` ժամը 17:00-ին, ԱԻՄ-ականների կողմից կլինի մեծ հանրահավաք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց «Ոչ ասենք Մաքսային միությանը» պահանջով, իսկ մինչ ամսի 28-ը ներառյալ կլինեն բողոքի ակցիաներ նախագահականի մոտ:
Նոյեմբերի 29-ից հետո՝ դեկտեմբերի 2-ին, քաղաքացիների մի այլ խումբ կկազմակերպի բողոքի ակցիա ղարձյալ «ՀՀ-ը դեմ է Մաքսային միությանը» պահանջով: «1920 դեկտեմբերի 2-ին ՀՀ-ը հանձնվեց ՌԴ-ին՝ դրանով կորցնելով իր ինքնիշխանությունը: Սա բավական չէ, այս տարվա դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը գալիս է Հայաստան՝ սրանով ևս մի անգամ ստորացնելով մեզ»,- եզրափակեց Վրեժ Զատիկյանը:
Աղբիւր՝ Mardik.am