Գազպրոմի պաշտոնական ներկայացուցիչ Կուպրիյանովը հայտարարել է, որ դիտարկում են արտերկրի հաճախորդների հետ հաշվարկներում դոլարից ռուբլու անցնելու տարբերակը: Գազպրոմը այդ տարբերակը քննարկում է ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների:
Նույնն է փորձում անել «Գազպրոմ-նեֆտ» ընկերությունը, որի ղեկավար Դյուկովը հայտարարել է, որ արտերկրի գնորդներին առաջարկել են անցնել եվրոյի, եւ գրեթե բոլորը համաձայնել են: Իսկ եվրոյից հետո էլ անցում կլինի ռուբլու, հայտարարել է Դյուկովը, միաժամանակ ասելով, որ իր համար բաց է հարցը, թե արդյոք այդ դոլարից ռուբլու անցումը շահեկան է եւ չի ենթադրում որոշակի կորուստներ:
Չի բացառվում, որ Ռուսաստանն իրականում բլեֆ է անում ի պատասխան Արեւմուտքի, որն էլ կարծես թե իր հերթին է զգալիորեն բլեֆով զբաղված, համենայն դեպս պատճամիջոցների մասին հայտարարությունների մասով: Թեեւ, մի շարք գործնական քայլեր արդեն արվել են: Այդուհանդերձ, հնարավոր է Գազպրոմի հայտարարությունն Արեւմուտք-Ռուսաստան նյարդերի պայքարի մաս է:
Միեւնույն ժամանակ, այդ պայքարն ունի իր վտանգները կամ մարտահրավերները Հայաստանի համար, որն Արեւմուտքի հետ պայքարում վերածվել է Ռուսաստանի գործիքի: Եվ իրերի այդ վիճակը հիմք է տալիս մտածել, որ եթե այլ գնորդների հետ հարցում Գազպրոմը կարող է քննարկել ռուբլի թե դոլար նպատակահարմարությունը, ապա օրինակ Հայաստանի հետ հարաբերության առումով այդ հարցը քննարկման ենթակա չի լինի, եւ չի բացառվում, որ առնվազն Հայաստանի մասով Գազպրոմն այսպես ասած իրականացնի ռուբլու անցնելու մտադրությունը՝ Հայաստան մատակարարվող գազի դիմաց պարտադրելով վճարել ռուբլով:
Իհարկե, այստեղ էլ մասնագիտական քննարկման անհրաժեշտություն կա, թե արդյոք դոլարից ռուբլու անցումը կլինի հօգուտ Գազպրոմի, առավել եւս, որ դե յուրե վճարողը հանդիսանալու է հենց Գազպրոմին պատկանող Գազպրոմ-Արմենիան՝ նախկին Հայռուսգազարդը:
Բայց, միեւնույն ժամանակ առանձնապես մեծ մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե Ռուսաստանը դրեց Արեւմուտքին ինչ որ բան ցուցադրելու քաղաքական խնդիր, ապա ֆինանսական շահեկանության կամ կորստի խնդիրը դառնում է տեխնիկական, քանի որ Գազպրոմի համար ընդամենը տեխնիկական խնդիր կլինի օրինակ Հայաստանի հետ առեւտրում ռուբլու անցնելու այսպես ասած հնարավոր կորուստները թողնել Հայաստանի վրա: Երեւանից նվաստացուցիչ պայմանագիր կորզած ընկերության համար առանձնապես բարդ չի լինի նաեւ լուծել այդ խնդիրը:
Ավելին, հաշվի առնելով Գազպրոմում արտահայտվող մտադրությունները, պետք չէ բացառել, որ Մոսկվան որոշի ցուցադրաբար Հայաստանի հետ ընդհանրապես բոլոր հարաբերություններում անցնել ռուբլու: Բանն այն է, որ Հայաստանը միակ պետությունն է հետխորհրդային տարածքում, որն այդ, ինչպես եւ այլ հարցերում բացարձակապես զուրկ է դիմադրունակության ռեսուրսից:
Աղբիւր՝ lragir.am