Վատ չէ, որ ջղաձգվողներ կան ստրկացման դեմ իսկ ինքը ժառանգաբար երեւի ստացել է բոլշեւիկյան կամ որեւէ այլ ռուսական բռնակալության դեմ թուլանալու եւ հաճույք ստանալու պատվեր, դա իր իրավունքն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԵՏՄ անդամակցության դեմ խոսողներին ջղաձգվող որակելուն:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 10-ին եռյակը չանդրադարձավ կարեւոր իրադարձություններին, բայց գոնե կարող էին տղամարդակայնություն ունենալ ու ասել, որ իրենք այդպիսին են: «Ինքը, եթե նկատում եք, շատ լպրծուն հայտարարություն է անում, ասում է՝ այս իրադարձությունը անշրջելի է: Այ փոքրիկ, եթե դա անշրջելի է, մի հատ դու ասա՝ այդ անշրջելին դրական է, թե բացասական, էդ ինչ աղվեսություն է, ասա՝ անշրջելի բացասական է կամ անշրջելի դրական, Սերժի տղամարդկայնությունն էլ չունե՞ս, Սերժի դեմ եք պայքարում, նա հայտարարեց չէ, որ սա քաղաքակրթական ընտրություն չէ, նշանակում է ՄՄ-ն հակաքաղաքակրթական ընտրություն է»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:
Նա շեշտեց, որ հանրահավաքին միակ լուսավոր ակնթարթը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատականն էր, որ այդ մարդիկ հավաքված են բողոքելու ԵՏՄ-ի դեմ: «Այդպես էլ կարելի է ասել, եթե եռյակի հանրահավաք է, ուրեմն 1/3-րդ էլ Րաֆֆին է, հետեւաբար՝ 1/3-րդը բողոքում էր ԵՏՄ-ի դեմ, աշխարհի լրատվամիջոցները չեն սխալվել գնահատական տալիս»,-ասաց նա:
ԱԻՄ առաջնորդը շեշտեց, որ եռյակը պետք է անցյալ ունենար, որ ապագա ունենա, իսկ ներկան ծիծաղելի է, ոչ նպատակադրում կար, ոչ գործողությունների նախնական ծրագիր, անգամ հանրահավաքին չեն կարողանում ասել, թե մյուս անգամ երբ կհանդիպեն: «Դու ո՞վ ես, որ ասում ես Ռուսաստանի դեմ չեմ խոսելու, այսինքն՝ հայ մարդիկ ասում են՝ լա՞վ է, որ Ռուսաստանը Ուկրաինայում արյունահեղություն է անում: Հենց խոսելու եմ, լավ էլ անելու եմ, դու ո՞վ ես, որ ինձ ասում ես, կարող ես ասել, որ մենք՝ այսինչ կուսակցությունս, Ռուսաստանի բոլոր քայլերը լավ ենք համարում, որովհետեւ սրիկա ենք ու անազնիվ»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
Թե որն է եռյակի նպատակը, ԱԻՄ առաջնորդն ասաց, որ ԿԳԲ-ի մասնաճյուղերը իրար հետ կռիվ են տալիս, «նա ով որ ԿԳԲ-ի ծրագիրն կողմ է արտահայտվում կամ աջակցում է իր լռությամբ, ԿԳԲ-ի գործակալ է»:
Աղբիւր՝ News.am