Category: Հրապարակումներ
Published on 23 October 2014
Print

«Ես` որպես քաղաքացի և կուսակցության առաջնորդ, դեռ չեմ հասկանում, թե որն է այն նպատակը` հանուն որի ես պետք է մի կողմ դնեմ իմ բոլոր գործերը և միանամ այդ շարժմանը»,- ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով այսօրվա ներքաղաքական իրավիճակին ու զարգացումներին:

Նրա խոսքով` ոչ իշխանական ուժերի ընտրած կարգախոսն էլ է աննպատակ` «Միացում և հաղթանակ». «Այդ կարգախոսը կարող է օգտագործել և՛ միապետականը, և՛ հանրապետականը, և՛ անարխիստը, և՛ ընկերվարը, այսինքն` այդտեղ չի երևում որևէ սկզբունք, որևէ նպատակ: Դա շատ նման է «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ» անբովանդակ կարգախոսին: Իսկ միացում այս մարդիկ մեկ անգամ արդեն գոռացել են, և այդ վանկարկման ժամանակ մենք ասում էինք` ինքնորոշո՛ւմ, անկախությո՛ւն. դրանք հստակ կարգախոսներ են»:

Բայց այս շարժման մեջ կա մի բան, որ գրավիչ է Պ. Հայրիկյանի և նրա կուսակցության համար. ոչ իշխանական ուժերը չեն ընդունում իշխանության առաջարկած սահմանադրական բարեփոխումները. «Ի տարբերություն մեզ` նրանք այլընտրանք չեն առաջարկում: Ճիշտ է, նրանք ուրանում են և դրա մասին չեն խոսում, բայց մենք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի այլընտրանք արդեն ներկայացրել ենք: Մենք ներկայացրել էինք բացարձակ ժողովրդավարության տարբերակը, հետո իրենք իրենցը ներկայացրին, բայց այնուամենայնիվ մենք թարմացրինք:

Այնուամենայնիվ երբ գործը հասնի նրան, որ Սահմանադրության համար պայքար կընթանա, ապա այդ հարցում մենք գուցե միասին լինենք»:

Ըստ ԱԻՄ առաջնորդի` այսօրվա ընդդիմադիրներից ոմանք կա՛մ նախկին իշխանակիրներ են, կա՛մ իշխանության համար պայքարողներ. «Ցավոք, գաղափարակիրներ չկան այնտեղ: Ի վերջո, ազգի համար կարևորագույն հարցում նրանք մի կողմում են` ԵՏՄ-ի հետ միանալու հարցում նրանք միասնական թիմ են կազմում` անկախ Րաֆֆու որոշ դրսևորումներից: Եթե դուք ամենակարևոր հարցում միասնական եք, ապա տասներրորդական հարցերում որքան էլ առանձին լինեք, ամենևին էլ էական չէ: Այսինքն` կա՛մ իշխանություն ունեն, կա՛մ ձգտում են իշխանության, այնտեղ գաղափար, պայքար ազգային նպատակի համար չկա, ինչը տխուր իրողություն է»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վաղը` հանրահավաքի ժամանակ, Գագիկ Ծառուկյանը կասի՞ այն, ինչին ժողովուրդն է սպասում, Պ. Հայրիկյանն ասաց, որ Ծառուկյանը բիզնեսմեն է, իսկ բիզնեսմենը քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի. «Դա միջազգային կարգ է, քանի որ քաղաքականությունը ծառայեցնել բիզնեսի գործին՝ հանցագործություն է: Ես չեմ ուզում, որ մենք Հայաստանում ունենանք վատ բիզնեսմեններ: Նրանք թող զբաղվեն իրենց գործով, և քաղաքականության մեջ նրանք կարող են լինել միայն այն բանից հետո, երբ ամբողջությամբ կհրաժարվեն բիզնես գործունեությունից ու բարեգործություններից: Դա նաև ՀՀ Սահմանադրության պահանջն է: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա ի՞նչն էր խանգարում նրան անցած անգամ ելույթ ունենալ, թող գոնե մի երկու բան ասեր: Ես նրա մոտեցումներից մեր ժողովրդի համար որևէ դրական ակնկալիք չունեմ»:

 

Աղբիւր՝ 168.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>