Category: Հրապարակումներ
Published on 17 February 2015
Print

«Մարգարեության ոլորտն իմը չի, դրա համար չեմ կարող ասել,թե ով ինչպես կարձագանքի: Իսկ ես հրապարակված նյութից տեսա, որ Ռոբերտ Քոչարյանն ունի մտահոգություն եւ քողարկված վախ: Ծանոթանալով նրա ասածներին, ես հիշեցի ռուսական ասացվածքը՝ «Чья бы корова мычала»,- ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին՝ իշխանությունը կանսա՞ երկրորդ նախագահի կոչին եւ կանգ կառնի՞, թե՞ բանավոր մենամարտից կանցնի վարչական գործողությունների:

Ըստ Պարույր Հայրիկյանի, ով ինչի մասին ասես, կարող է խոսել, բայց ոչ ինքը. «Նրա վախը արտահայտվում է նրանում, որ այդպես նրբորեն, քաղաքակրթական արժեքների տեսանկյունից անդրադառնալով հարցին՝ խիստ մտահոգություն է արտահայտում: Բայց դա միակողմանի մտահոգություն է: Ռոբերտ Քոչարյանն այս հայտարարության մեջ ակնհայտորեն հանդես չի գալիս՝ որպես երրորդ կողմ: Ակնհայտ է, որ ինքը հանդես է գալիս որպես պաշտպանվող կողմ: Կարելի է նույնիսկ հասցեատեր ասել: Փորձառու եւ իմաստուն մարդիկ նման իրավիճակներում հանդես են գալիս՝ որպես կռիվը մեղմող կողմ, իսկ իր խոսքն ուղղված է միայն իշխանություններին: Սրանից ակնհայտն է դառնում, որ ինքը մյուս կողմի հետ է, եւ որպես չեզոք անձ հանդես գալ չի կարող: Միաժամանակ ինքը նաեւ նրբորեն սպառնում է, որ փողոց կհանեն, այս կլինի, այն կլինի»:

Պարույր Հայրիկյանը հիշեցրեց մի արտահայտություն, որ արել էր Քոչարյանը ժամանակին. «Իրեն մի հարց տվեցին, ասաց՝ դե, Վրաստանում հեղափոխություն եղավ, բայց այստեղ չի լինի, որովհետեւ մենք ուժեղ ենք: Վայ այն իշխանությանը, որ ուժեղ է ժողովրդից: Դա արդեն չարիք է: Ես սիրում եմ ինստիտուցիոնալ հիշողություն կոչվածը՝ առաջին ժողովրդավարական գրասենյակները փակելու գործն ինքն է արել. նույնիսկ «Անկախություն» թերթի հարցում ոչ մի պահանջատեր չկար, բայց դա էլ դատարան մտցրեց: Այդ մարդը խոսելու իրավունք չունի՛: Այդ մարդը գույք պարտքի դիմաց գործարքով երկիրը ծախելու քաղաքականություն է իրականացրել: Երկիրը ծախողները դավաճաններ են: Այդ էր մնացել պակաս, որ ողջախոհ որեւէ մեկը լսի դավաճանի խոսքը, որովհետեւ դավաճան նշանակում է ոչ ազգի շահերով ապրող, այլ՝ ուղղակի իր շահերով կամ ուրիշի շահերը սպասարկող»:

 

Աղբիւր՝ Առաւոտ

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>