Category: Հրապարակումներ
Published on 27 February 2015
Print

Ազգային ինքորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանի փոխանցմամբ՝ մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր քննարկումներ են անցկացնում, որոնց արդյունքում հնարավոր է, որ քաղաքական դաշտում ստեղծվի նոր բևեռ:

Ըստ Հայրիկյանի, ԱԻՄ-ի, «Ժառանգության», Հայոց համազգային շարժման (ՀՀՇ), «Ազատ դեմոկրատներ»-ի, Հիմնադիր խորհրդարանի, «Ժողովրդավարական հայրենիք»-ի և Պահպանողական կուսակցության ղեկավարները արդեն 5-րդ անգամ հանդիպելու են այսօր երեկոյան:

«Պետք է կեղծ բևեռի փոխարեն իսկապես ստեղծել և ներկայացնել ժողովրդին բևեռ, որին կարելի է հավատալ ու ապավինել, չհուսահատվել: Կան այդպիսի մոտեցումներ, և մենք մեր հայտարարությունների նախագծերում, որոնք չենք շտապել ներկայացնել հանրությանը, խոսում ենք այն բանի մասին, որ հնարավոր է, որ այն դեպքերում, երբ այդպիսի համաձայնություն կկայանա, հանդես գան ուժերը արդեն նաև հրապարակավ, միասնաբար: Դա նշանակում է նաև դաշինքի ձևավորում», - «Ազատության» հետ զրույցում Պարույր Հայրիկյանը՝ ընդգծելով, որ ընդդիմադիր ուժերի այս հանդիպումները չպետք է կապել ՀՀԿ - ԲՀԿ հակամարտության հետ, քանի որ ԱԻՄ-ը նման կազմով հանդիպելու հրավերներ ուղարկել էր դեռևս հունվարի 12-ին, և առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 9-ին:

Ելակետը, նրա խոսքով, եղել է այն, որ այս բոլոր ուժերը դեմ են Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը․ - «Բայց առաջին իսկ հանդիպման ժամանակ, և ես շնորհակալ եմ դրա համար, մեր մասնակիցներից մեկն առաջարկեց, որ այդ «դեմ»-ի մասը մենք մոռանանք: Այսինքն ոչ թե մենք դեմ ենք պուտինյան Ռուսաստանին, այլ մենք կողմ ենք Հայաստանի ինքնիշխանությանը, մարդու իրավունքների կայացմանը Հայաստանում և, մասնավորապես, ժողովրդավարությանը»:

ՀՀՇ-ից քննարկումներին մասնակցել է կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե հանդիպումները հնարավոր համագործակցության եզրեր գտնելու նպատակ են հետապնդում․ - «Չի բացառվում, որ առաջիկայում հնարավոր լինի համագործակցել տարբեր հարցերի շուրջ, բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, պահպանում է իր ինքնուրույն մոտեցումները տարբեր հարցերի շուրջ: Եվ եթե դիցուք որևէ մի հարցում տարբեր քաղաքական ուժերն ունեն տարբեր մոտեցումներ, ապա պարտադիր չէ, որ անխտիր բոլոր հարցերի շուրջ լինի համագործակցություն»:

Կարապետյանը նույնպես չբացառեց դաշինքի ձևավորումը․ - «Բնականաբար, չի բացառվում, որովհետև եթե, ասենք, միասնություններ կան մոտեցումներում, ապա կարելի է գործել և միասնաբար»:

Նա հավելեց, որ քննարկումների արդյունքում հանդիպումներին մասնակցող քաղաքական ուժերի թիվը կարող է ավելանալ կամ նվազել:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իրենց ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են ԱԻՄ-ի, ՀՀՇ-ի, Հիմնադիր խորհրդարանի, Պահպանողական կուսակցության, «Ժողովրդավարական հայրենիքի» և այլ գործընկերների հետ:

«Որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, նախնական խորհրդատվություններ են: Բայց ինձ թվում է, որ շատ ու շատ մարդիկ զգում են այս պահի լրջությունը և ճակատագրականությունը: Եվ դրա համար այդ հանդիպումները անպայման կշարունակվեն», - նշեց «Ժառանգության» առաջնորդը՝ հավելելով․ - «Կարծում եմ, նրանք, ովքեր նստում են այդ սեղանի շուրջը, գնահատում են Սերժ Սարգսյանի հրաժարակի հրամայականը»:

Կեսօրից հետո հայտարարությամբ հանդես եկավ Հիմնադիր խորհրդարանը՝ տեղեկացնելով, որ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հանդիպումները ցույց տվեցին, որ դրանց ընթացքը չի համընկնում իրենց ծրագրին, ուստի Հիմնադիր խորհրդարանը դադարեցնում է իր հետագա մասնակցությունը:

 

 

 

Azatutyun.am

 

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>