Խորհրդարանական ընտրություններին ԱԻՄ-ն արդեն սկսել է մասնակցել՝ ընդդիմադիր ուժերի միավորման եւ ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչով: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով՝ այդպիսի դաշինքով հնարավոր կլինի հանրապետականներին ուղարկել հանգստի կամ ընդդիմադիր դաշտ: Հանրապետական կուսակցությունը Ուժեղ ընդդիմությանը միշտ կողմ է արտահայտվել՝ շեշտել է հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Դեմկուսի փոխնախագահ Ժասմին Ղեւոնդյանի խոսքով՝ ավելի բարոյական կլինի, եթե Հանրապետականը կառուցողական ընդդիմության մասին խոսելու փոխարեն հեռանա:
ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի խոսքով՝ իրենք առաջինն են կոչ արել ժողովրդավարական դաշինք ստեղծելու մասին եւ մինչեւ դեկտեմբերի վերջ կսպասեն քաղաքական ուժերի արձագանքներին: Դրանից հետո մեկ այլ ծրագիր ունենք՝ ասաց Հայրիկյանը:
«Եթե մենք հիմա չստանանք աջակցություն քաղաքական ուժերից եւ միասնական ճակատով չգնանք, մենք մտածում ենք հայտարարել «Ժողովրդավարական Հայաստան» միավորման ստեղծման մասին, որի մեջ հրավիրելու ենք ընդգրկվել անհատ մարդկանց՝ քաղաքացիների: Իհարկե, դա մի փոքր ավելի ժամանակ է պահանջում, բայց չենք բացառում, որ այդ կերպ էլ հնարավոր է միավորել»:
Առաջարկ է եղել, որ երկրում իրավիճակը բարելավվի, ով որ չի միանում համարում ենք, որ խաղից դուրս է՝ պարզաբանեց Պարույր Հայրիկյանը: Եթե արձագանք չկա՝ ուրեմն կամ հետին նկատառում ունեն, կամ՝ վախեցրել են: Արձագանքելով հարցին, որ «Լուսավոր Հայաստան» դաշինք է ստեղծվել՝ Հայրիկյանն ասաց, որ իրեն չի էլ հետաքրքրում՝ այդ դաշինքն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանական, իսկ այն ստեղծող երեք ուժերին էլ իրենք դիմել են ու պատասխան չեն ստացել: Հայրիկյանի գնահատմամբ՝ անշնորհքություն է, երբ իրենց կոչն արձագանքելու փոխարեն փոքր դաշինք են ստեղծում ու ասում, թե եկեք դուռը բաց է: Նրա խոսքով՝ երկրում ստեղծված վիճակը ընդդիմության կամ իշխանության հարց չէ եւ համազգային մոտեցում է պահանջում: Ինչո՞ւ չեն արձագանքում՝ հռետորական հարց հնչեցրեց Պարույր Հայրիկյանը:
Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը դաշինքների ձեւավորումը բնական գործընթաց է համարում: «Լուսավոր Հայաստան»-ին անդամակցող ուժերին գնահատական նա չցանկացավ տալ: Կարծիք հայտնեց միայն, որ վերջին տեղական ընտրությունները պիտի դաս լինեին՝ ռազմավարություն վերանայելու առումով, թե ում հետ եւ ինչ ձեւով կարելի է դաշինք կազմել՝ առաջիկա համապետական ընտրություններում իրենց դերակատարումն ունենալու համար:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ժասմին Ղեւոնդյանի խոսքով՝ առաջիկա ընտրություններում էլ փողի մրցակցություն է լինելու եւ ոչ գաղափարների:
Հայաստանում որեւէ բան անել հնարավոր չէ՝ առանց միասնական ժողովրդական դաշինք ստեղծելու՝ համոզմունք հայտնեց Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ եթե հնարավոր չլինի համախմբվել միասնական ուժերով ազգային հարցեր լուծելու համար, ապա մնացած ամեն-ինչն ավելորդություն է:
Ի դեպ, Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք կոչով դիմել են նաեւ Դեմկուսին: Այստեղից նույնպես արձագանք չի ստացել: Դեմկուսի փոխնախագահը, սակայն, Հայրիկյանի այս մասով դիտարկմանը որեւէ կերպ չարձագանքեց: