Category: Հայտարարություններ
Published on 29 July 2013
Print

«Հարգելի դատարան, Կատարուածին նայում եմ որպէս մարդ, քաղաքացի եւ որպէս ազգային-քաղաքական գործիչ։ Որպէս մարդ ես սրտանց ցանկանում եմ այս գործով ամբաստանեալներին տեսնել ազատութեան մէջ՝ իրենց ընտանիքների հետ, իրենց հարազատների միջավայրում։ Այդ ցանկութիւնն այնքան մեծ է, որ մոռանում եմ, որ իրենց պատճառով ծանր ապրումներ ու տագնապներ ունեցան մերձաւորներս, երեխաներս ու հազարաւոր մարդիկ. անտեսում եմ, որ չեմ կարողանում գրել ոչ գրչով, ոչ համակարգչով եւ չեմ կարողանում աւարտին հասցնել այն, ինչ միայն ես կարող եմ գրել։ Խօսքը նախ եւ առաջ բազմահատոր յուշերիս մասին է։ Իմ եւ անկախութեան համար պայքարած ընկերներիս անցած ճանապարհի մատուցումը էականօրէն կհարստացնի հայ, մանաւանդ քաղաքական մշակոյթը։ Որպէս պարզ քաղաքացի խնդրին անդրադառնալիս ես գիտակցում եմ, որ յանուն դրամի եւ ստրկամտութեան ինձ վրա,այդ կերպ Հայաստանի անկախութեան վրա կրակելու պատրաստ հազարաւոր մարդիկ են այսօր ազատ գոյատեւում անկախ Հայաստանում, յետեւաբար, այսօրւայ ամբաստանեալներն էլ կարող էին նրանց հետ լինել։ Միւս կողմից՝ որպէս ազգային քաղաքական գործիչ, հասկանում եմ, որ այսորակ մարդիկ ասպարեզ են գալիս մեր թողտւութեան եւ ներողամտութեան յետեւանքով։ Ես, նաեւ որպէս քաղաքական գործիչ, տրամադրուած էի այստեղ կոչ անել ամբաստանեալների յանդէպ ներողամտութիւն հանդես բերել, սակայն նրանք ինձ չեն տալիս այդ բարոյական իրաւունքը։ Նրանք չեն ուզում ընդունել, որ այստեղ ու այսօր ասուած ճշմարիտ խօսքն է ամենակարեւորը արդարադատութեան, իրենց նկատմամբ ներողամտութեան դրսեւորման, մեզ սպառնացող վտանգները կանխավ չեզոքացնելու, ի վերջո իրենց զավակների համար: Սա նրանց վերջին հնարավորութիւն էր, բայց նրանք ընտրեցին վատթարագոյն ճանապարհը: Չէի կամենա չարագոյժ բաներ ասել, բայց իրենց անվտանգութիւնից էր բխում նաեւ այն, որ հիմա մինչեւ վերջ ամեն բան պատմեին, այլապէս նրանք իրենց իմացած-չասածով մշտապէս վտանգավոր են համարվելու գլխավոր պատվիրատուի համար, իր բոլոր հետեւանքներով․․․ Առերեսման ժամանակ զղջումից խօսող եւ որպէս դրա ապացոյց իր անկեղծ ու ճշմարիտ խօստովանութիւններով քննութեանը օգնել խօստացող ամբաստանեալը, բազմաթիւ մանրամասնութիւններ պատմելուց, ներկայացնելուց յետոյ, դատարանում փոխում է իր ցուցմունքները։ Այսինքն՝ նա ստու՞մ էր զղջալու մասին խօսելիս եւ առիթի դէպքում պատրաստ է եւս մէկ անգամ կրկնել իր արածը։ Նման իրավիճակում ամեն ոք ձեռնպահ կմնար ներողամտութեան կոչ անել։ Ունենք պատուիրատու, ով անկասկած, ուղորդող է ունեցել՝ գլխաւոր պատուիրատու։ Կարելի էր ենթադրել, որ գլխաւոր պատուիրատուն զուտ հոգեբանօրէն է ազդել որպէս ամբաստանեալ ներկայացող պատուիրատուի վրա, եթէ չլիներ պատահականօրէն բացայայտուած՝ Ռուսաստանից ստացուած 100 հազար դոլարի փոխանցումը։ Պէտք է արժանին մատուցել նախաքննութեան մարմիններին այդ փաստը բացայայտելու առիթով, բայց եւ զարմանալ, որ նաեւ Ռուսաստանի իրավապահ մարինների հետ քայլեր չեն ձեռնարկուել՝ ահաբեկչութիւնը նախաձեռնողներին բացայայտելու եւ վնասազերծելու ուղղութեամբ։ Չնայած՝ Ռուսաստանի պետական համակարգը գերհագեցած է բոլշեւիկեան տեռորիզմի ոգով դաստիարակուած կադրերով, բայց Եւրոպայի խորհրդի անդամ Ռուսաստանը տեռորիստական պետութիւն չէ եւ ցաւալի է, որ հայ իրաւապահները չկարողացան իրենց պաշտօնակիցների հետ հանցագործութեան բացայայտման գործն աւարտին հասցնել։ Այսօր դատարանի առաջ կանգնած միջնորդ պատուիրատուն այն աստիճանի էր խանդավառուած իր չակերտաւոր պատմական առաքելութեամբ, որ մինչեւ կալանաւորումը ինքնախօստովանական յայտարարութիւններ էր անում, մասնաւորապէս՝ «իմ աւտոմեքենան աւելի թանկ արժէ, քան Հայրիկեանը»: Սա ասւում էր մի իրավիճակում, երբ յանցագործութեան մասնակիցն իսկապէս մէկ այլ ամբաստանեալից գնել էր մեքենան՝ առանց դրամ վճարելու։ Բայց ես այս որակի փաստարկների մէջ չեմ խորանայ։ Ինձ եւ կարծում եմ՝ բոլորին, հետաքրքրում է մէկ այլ բան. Այդ ինչպէ՞ս է, որ այսպիսի ծանր յանցագործութեան մեջ մեղադրուող անձը առերես իրեն մեղադրող երկու կատարողներին չի հակառակուել, իր ընկերներին, իր նախկին գործաւորներին չի մեղադրել ապերախտութեան մէջ, չի կշտամբել ստախօսութեան համար, այլ ընդամենը խօսել է ցուցմունք չտալու մարտավարութիւն որդեգրելու մասին: Ամբաստանեալները ոչ միայն չեն զղջացել ու չփորձեցին աջակցել գործի բացայայտմանը գոնէ իրենց յայտնի չափով, այլ ընդհակառակը սկզբից մինչեւ վերջ փորձեցին խանգարել եւ աւելին՝ անյայտութեան մէջ թողնել գլխաւոր պատուիրատուին։ Հարգելի դատարան, ամբաստանեալը կարող է հրաժարուել ցուցմունք տալ, բայց երբ նախագահի նախկին թեկնածուն իր հայտարարագրում թաքցրել է փաստեր, որոնք օրէնքով պարտաւոր էր ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ նրա միջոցով Հայաստանի քաղաքացիներին ու պետութեանը, ստիպուած ես մտածել: Մարդիկ սովորաբար թաքցնում են հանցաւորն ու անօրինականը: Երբ մենք տեղեկացանք, որ յանցագործութեան միջնորդ պատուիրատուին պաշտպանելու նպատակով սպառնում են շահարկել նրա նախագահի թեկնածու եղած լինելու հանգամանքը, համարեցինք, որ մեզ կոչ է արւում ստուգել, թէ որքանով է իրականում նախագահի նախկին թեկնածուն կատարել թեկնածուի պարտականութիւնները։ Եւ կանգնեցինք փաստի առաջ․ նա չի ներկայացրել 2012 թ․ նոյեմբերին 100 000 դոլար ստացած լինելու հանգամանքը։ Դա նշանակում է, որ այդ գումարը մաքուր չի եղել եւ բնականաբար, մաքուր նպատակների չէր ծառայելու։ Հարգելի դատարան, մենք բացառիկ իրողության առաջ ենք կանգնած ։ Կատարուել է ծանր հանցագործություն եւ չնայած նախաքննութեան մարմինը ճիշտ որակաւորում է տուել յանցագործութեանը, սակայն չի մատնանշել դրդապատճառները, շարժառիթներն ու նպատակադրումները։ Եթե մինչեւ դատավարութիւնը գործի նիւթերում գոնէ նիւթապէս շահագրգռող պատվիրատու էր ընդգծւում, ապա դատաքննութեան ընթացքում ամբաստանեալներն, անտարակոյս, իրենց՝ գործի պատուիրատուների յանձնարարութեամբ փորձ արեցին ամեն ինչ տեղափոխել պարզունակ կենցաղային հարթութիւն: Ես կատարուածն ուռճացնելու ցանկութիւն չունեմ, բայց եւ քաջ գիտակցում եմ, որ գործ ունենք լայնածաւալ՝ քարոզչական եւ հոգեբանական տեսակետից լրջօրէն նախապատրաստուած եւ անգամ այս փուլում աջակցութեամբ ուղեկցուող յանցագործութեան հետ: Ես տարակոյս չունեմ, որ մահափորձն իմ անձի դէմ էր ուղղված, բայց ծրագրուած ավարտն ունենալու դէպքում այն անկանխատեսելի հետեւանքներ էր ունենալու նաեւ մեր պետութեան՝ բոլորիս համար: Համաձայն սահմանադրութեան հետեւելու էին նոր ընտրութիւններ նոր մթնոլորտում նոր թեկնածուների առաջադրմամբ… եւ պատահական չէ, որ երբ ես հրաժարուեցի յունուարի 31-ի կազմակերպիչների այդքան ցանկալի գոնէ երկու շաբաթով ընտրաժամկետը յետաձգելու հնարաւորութիւնից, որոշ շրջանակներ իրենց յուզական դրսեւորումներով չկարողացան թաքցնել իրենց ձախողումից բխող դժգոհությունը: Բոլոր դարերում Հայաստանի թշնամիները առաջնահերթ նպատակ են համարել մեզ վախեցնելը: Ամբաստանեալները մի հարցում՝ վախեցնել, ճիշտ են: Նրանց ուղորդողները կամենում էին վախեցնել եւ վախի մէջ պահել, բայց ոչ թէ ինձ, այլ Հայաստանի քաղաքացիներին: Վերջին ժամանակների իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ Հայաստանին պատերազմով սպառնացողին զանգուածային ոչնչացման զենք վաճառողին եւ Հայաստանի քաղաքացիներին հարստահարողին արդարացնող, վախեցած հայաստանցիներ են պետք «բարեկամին»: Հայրիկեանի մահուան դէպքում մթնոլորտը պիտի հագեցած լիներ համատարած վախով՝ չխօսենք ռուսական իմպերիալիզմից՝ Հայրիկեանի օրը կգցեն : Եթէ ես մոռանայի մեր պետութեան մասին ու տրուէի ահաբեկիչների խաղին ՝ նկատի ունեմ ոչ թէ ամբաստանեալների այլ նրանց ղեկավարների խաղը, ապա մենք թերեւս այսօր նոր նախագահով գազի գների աճի հետեւանքները մէկ երկու տարով նուզեցնելու պատրուակով Հայաստանի ունեցուածքի, դրա հետ նաեւ ինքնիշխանութեան էլի մի մասը օտար պետութեանը տալու «հայրենասիրական» գործընթացում լինէինք։ Նախագահական ընտրութիւնների ընթացքում ռուսաստանեան որոշ շրջանակներ լայն շրջանառութեան մէջ էին դրել զրպարտչական հակահայկական նիւթեր, որոնց հիմնական թիրախը նախագահի թէկնածու Հայրիկեանն էր։ Թերեւս տեղեակ լինելով, որ իմ վարկանիշն օրեցօր աճում է, եւ համոզուած լինելով, որ մեր տարածած քարոզչանիւթերի՝ մասնաւորապէս ՆՈՐՕՐԵԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄՈՌԱՑՈՒՈՂ ԷՋԵՐԻՑ շարժանկարի շնորհիւ ես դառնալու եմ հիմնական թէկնածուն, այդ շրջանակները Հայաստանի քաղաքացիներին ուղղակիօրէն եւ անուղղակիօրէն ահաբեկելու նպատակով գրում էին․ «Ռուսաստանը եւ Մոսկուան իրաւունք ունեն Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնաստանձնման ժամանակ Երեւանից պահանջել․․․ եւ կախուած այն բանից՝ Հայաստանը ներողութիւն կխնդրի, թէ՝ ոչ, կառուցել երկրների միջեւ յետագայ հարաբերութիւնները։ Ռուսաստանը Հայաստանի եւ իր տարածքում հայկական սփիւռքի գործարար շրջանակների վրա ազդելու բաւարար լծակներ ունի․․․»։ 2013 թուականի հունվար ամսին գրել է Օլեգ Կուզնեցովը։ Ինձ ներկայացնելով որպէս հայկական տեռորիզմի կնքահայր ռուսական շովենիզմի խոսնակ Օլեգ Կուզնեցովը իր «1977 ԹՈՒԱԿԱՆԻ ՄՈՍԿՈՎԵԱՆ ՊԱՅԹԻՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ» հոդուածում (No: Denlit, 2(1956) Date: 11.02.2013) իրեն իրավունք է վերապահում միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ վախեցնել Հայրիկեանի նախագահ դառնալու դեպքում հայ ժողովրդին սպառնացող վտանգներով։ «Պարոյր Հայրիկեանի նախագահ ընտրուելը․․․ հարցականի տակ կդնի ռուս-հայկական աւանդական բարեկամական հարաբերութիւնների յետագայ պահպանումը․․․ Բացի այդ, ընտրութիւնների նման ելքը Ադրբեջանի ձեռքը լրացուցիչ հաղթաթուղթ կտայ՝ Արցախի հողերը վերադարձնելու գաղափարախօսական եւ դիվանագիտական պայքարում. քանի որ կշեշտուի, որ Հայաստանի նախագահ է դարձել Անդրկովկասի նորագոյն քաղաքական պատմութեան մէջ ամենաառաջին հայ ահաբեկիչների նախկին գաղափարական ոգեշնչողը․․․Հայրիկեանին նախագահ ընտրելը․․․ Հայաստանի համար ․․․վատագոյն արդիւնքը կլինի, նրա կամաւոր ինքնասպանութիւնը միջազգային հանրութեան առջեւ։ Պարոյր Հայրիկեանը երբեք չի դառնա Նելսոն Մանդելա կամ Յասեր Արաֆաթ․․․ Միլիոնաւոր մարդկանց գիտակցութեան մէջ նա այդպէս էլ կմնայ քաղաքական ահաբեկչութեան եւ ազգայնական ծայրահեղականութեան գաղափարախօս, մի բան, որ Ռուսաստանում խորապէս չեն սիրում»։ Հարգելի դատարան, ես կամենում եմ որ արձանագրուի, թէ ովքեր են կատարուած հանցագործութեան գաղափարական հովանաւորները։ Այս որակի զրպարտութիւն իմ հասցեին որեւէ մեկը նոյնիսկ ինձ բռնադտող «կագեբե»-ն թույլ չի տուել, եւ ես ծրագրում եմ դիմել ՌԴ-ի դատախազություն Օլեգ Կուզնեցովին եւ նրա հոդվածը հրատարակած «Զավտրա» հանդեսին քրեական պատասխանատւութեան ենթարկելու պահանջով։ Ես դեռ ԽՍՀՄ տարիներին միջազգայնօրեն ճանաչուած եմ եղել որպէս Սովետական միութեան ժողովրդավարական շարժումների հիմնադիր եւ առաջնորդ, ավելին՝ դեմոկրատական ուժերի համակարգիչ կենտրոնի միակ ընտրուած նախագահն եմ եղել։ Այդ կենտրոնի աշխատանքներին մասնակցում էին վրացի, ադրբեջանցի, ուկրաինացի, եւ մյուս ազգերի, մասնավորապես ռուսների բոլոր հայտնի այլախոհները՝ Վլադիմիր Բուկկովսկին, Էդուարդ կուզնեցովը , Անատոլի Կորյագինը, Յարիմ Ագայեվը, Իրինա Ռապուչինսկայան։ Նոյն 12 էջանոց շովինիստական հոդուածում ասւում է․ «Ըստ էութեան․․․ հայկական ազգային ահաբեկչութիւնը․․․ ոգեշնչող օրինակ դարձաւ իսլամական ծայրահեղութեան եւ դրա հողի վրա աճած կրոնական ահաբեկչութեան համար։ Ես չեմ կարող եւ չեմ ուզում մեղադրել հայերին այն բանի համար, որ նրանք որպէս ազգային հերոսներ ահաբեկիչների ու մարդասպանների են ընտրում ․․․ Եւ վերջինը. փետրուարի 18-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրութիւններ, որոնցում պետութեան ղեկավարի պաշտոնի հաւակնորդներից մէկը Պարոյր Հայրիկեանն է լինելու․․․ Հայաստանի ժողովուրդը, նախագահական ընտրութիւնների շեմին, պէտք է ինքն իրեն հաշիւ տա, թէ ում օգտին կքուէարկի փետրուարի 18-ին»։ Հարգելի դատարան, կարծում եմ ամեն ոք կհամաձայնի, որ այս բնույթի հրապարակումը, այն էլ Մոսկվայում, անթույլատրելի էր եւ ստալինյան ոճի հանձնարարական էր հիշեցնում։ Անթույլատրելի էր նաեւ «կագեբե»-ի գեներալ գնդապետ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան» քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունն առ այն, թէ դեռ պետք է պարզել մահափորձ եղել է Հայրիկեանի հանդէպ, թէ՝ ոչ։ Դա մանաւանդ չգաղտնազերծուած գործակալական ցանցի կողմից ընկալվեց որպէս հրաման եւ հայկական մամուլը հեղեղվեց մահափորձը կասկածի տակ վերցնող հրապարակումներով։ Նոյնը շարունակվեց դատարանում, երբ հանցագործութեան հետ կապ չունենալու մասին յայտարարութիւնը մոռանալով, ընդհանրապէս հանցագործութիւնն էին կասկածի տակ դնում։ Ավարտելով խոսքս, ուզում եմ անդրադառնալ նաեւ յանցագործութեան պատճառած վնասը փոխհատուցելու օրենքի պահանջին։ Այո, ոչ թէ տուժողի ընկերներն ու բարեկամները, ոչ թէ ինքը տուժողը եւ պետութիւնը, այլ վնաս պատճառողը պէտք է փոխհատուցի իր պատճառած վնասը։ Օրենքի պահանջից հուզվելն իրավաբանին վայել չէ, մանավանդ որ դրամից ավելի մտահոգիչ ու հուզմնալի է մարդու երկարատեւ ազատազրկման հեռանկարը։ Ինչ վերաբերում է փոխհատուցման ծաւալին, ապա ծանոթանալով եւրոպական եւ միջազգային փորձառութեանը ես համոզուցի, որ մեր կողմից աւելի քան համեստ պահանջ է ներկայացուած։ Ես պատրաստ եմ դիմել մեր երկնային Տիրոջն ու կրկնել՝ Տէր, ներիր այս մադկանց, որովհետեւ չէին հասկանում, թէ ինչ են անում, բայց այսօր հարգելի դատարանին դիմելիս ստիպուած եմ արձանագրել՝ չէին հասկանում եւ չեն էլ ուզում հասկանալ, ուստի իրենք կատարել են իրենց ընտրութիւնը»։ 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>