Ռուսական արջը մեր երկիրը վերածել է անապատի. Միքայել Նալբանդյանին, Վահան Տերյանին, Եղիշե Չարենցին, Խաչատուր Աբովյանին սպանել են ռուսները: Այս մասին փետրվարի 18-ին հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ազատության հրապարակում ԱԻՄ-ականների երդման օրվանը նվիրված հանրահավաքի ժամանակ՝ անդրադառնալով «Ռուսաստանի կատարած չարագործություններին» եւ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վատ հետեւանքներին: (ֆոտոռեպորտաժ)
«Իշխանությունը որքան հեռանում է մարդուց, այնքան մոտենում է բռնապետությանը, և այդ ամենի եզրափակում կարելի է համարել անդամակցությունը ՄՄ-ին։ Արդեն գների աճը մենք տեսանք, հազիվ ծայրը ծայրին հասցնող քաղաքացուն ստիպում են մեծ գումարներ վճարել գազի համար՝ խուսափելով Իրանի հետ գազի համաձայնագրից»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Հանրահավաքից հետո ԱԻՄ-ականները երթով գնացին կառավարություն, որտեղ հանձնեցին փետրվարի 18-ը պետականորեն Ազատության օր հռչակելու իրենց առաջարկն իր հիմնավորումներով, ապա քայլերթը շարունակեցին դեպի Միքայել Նալբանդյանի հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու ազատության երգչին:
Հուշարձանի մոտ կուսակցության անդամները Միքայել Նալբանդյանի բանաստեղծություններից ասմունքեցին եւ հայրենասիրական երգեր երգեցին:
Միջոցառումից հետո Պարույր Հայրիկյանը հավաքվածներին հրավիրեց իր տուն խնջույքի:
Աղբիւր` news.am
http://hayrikyan.com/index.php/%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/381-2014-02-19-10-34-59#sigFreeId151e3a4ee1